Ապագայում ինչպիսին պետք է լինի Ելք դաշինքը

- in Հասարակություն
Edmon Marukyan

ԱԺ Ելք խմբակցության ղեկավարի հարցը այս փուլում չի քննարկվում, քանի որ դաշինքի ապագայի հարցն է քննարկվում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ քննարկում են, թե ապագայում ինչպիսին պետք է լինի դաշինքը: Այն, ինչ կա ստորագրված հուշագրով, բոլոր նորմերով, ըստ նրա, այսօր ուժի մեջ է:

Թե ի՞նչ են քննարկում ապագայի մասով, որոշում են, թե ինչպե՞ս մասնակցեն ընտրություններին, հարցին Մարուքյանը պատասխանեց. “Բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ այդ հարցը”:

Հստակեցմանը, թե արդյոք միասին չեն մասնակցելու ընտրություններին, ի՞նչն  են քննարկում, նա պատասխանեց, որ կան նոր իրողություններ, այդ իրողությունների լույսի ներքո տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ:

Հարցին, որ եթե որոշվի առանձին մասնակցության հարցը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը կմտնի՞ ընտրապայքարի մեջ, Էդմոն Մարուքյանը նման պատասխան տվեց. Այսինքն՝ եթե մենք որևէ դաշինքում չկանք, ուրեմն կարող ա լուծարվե՞նք: Բոլոր կոնֆիգուրացիաներով մենք կմասնակցենք:

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջև բանավեճին:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այլ կարծիք չի՞ հանդուրժում, Է. Մարուքյանը պատասխանեց. Ես Նիկոլ Փաշինյանի հետ գոնե մեկ տարի որպես ֆրակցիայի պատգամավոր եմ աշխատել: Դրանից հետո դաշինքի հիմնադրման պրոցեսների մեջ եմ աշխատել, և մեր քննարկումներում չի եղել դեպք, որտեղ որևէ մեկը, այդ թվում՝ Փաշինյանը, որևէ կարծիք չհանդուրժի: Երեկվա եղածը գործադիրի պատասխանատվության մասին էր հարցը:

Հարցին, թե այդ դեպքից հետո մյուս նախարարները կհամարձակվե՞ն իրենց կարծիքն ու սկզբունքները հայտնել որևէ հարցի առնչությամբ, Մարուքյանը պատասխանեց. Այո, կհամարձակվի որևէ նախարար իր կարծիքը հայտնի, որովհետև եթե չլինի բազմակարծություն, տեսակետների բախում և վերջում որոշումների կայացում, կառավարությունը չի կարող առաջ գնալ: Ես չեմ կարծում, թե խնդիր կարող է լինել, որի ժամանակ Մանե Թանդիլյանը ունենա տեսակետ ու վախենա, չարտահայտի:

Նա հաստատեց, որ ընդդիմություն եղած ժամանակ դեմ էին պարտադիր կուտակային համակարգին, քանի որ այն իրականացնում էր մի կառավարություն, որը չուներ վստահություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20