ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի նոր կառավարությանը նոր ներդրումներ գտնելու գործում

- in Պաշտոնական
richard Mils

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:

«Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Միացյալ Նահանգների հետ առեւտրի եւ ներդրումների ավելացումը, ինչպես նաեւ Սմիթսոնյան փառատոնը: Նախագահը նաեւ կիսելու է պետքարտուղարի հետ Հայաստանի նոր շրջանի իր տեսլականը», – «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը:

«Ամերիկայի Ձայն»-ի այն հարցին, թե ինչու է Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան «թավշյա հեղափոխությունից» հետո իր առաջին հանդիպումն անց կացնում նախագահ Սարգսյանի հետ, մինչդեռ, Երեւանի արտաքին քաղաքականությունն ըստ Սահմանադրության իրականացնում է վարչապետ Փաշինյանի կառավարությունը, դեսպան Միլսը պատասխանեց.

«Կարծում եմ՝ երկրի ղեկավարի համար տեղին է հնարավորություն ունենալ հանդիպել պետքարտուղարի հետ: Տեղյակ եմ, որ պետքարտուղարը շատ էր ցանկանում լսել, թե ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում եւ խոսել այն մասին, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանին: Մասնավորապես, կարծում եմ, խոսքը գնացել է առեւտրի եւ ներդրումների մասին, ինչով, որքան հասկանում եմ, նախագահին իր սահմանադրական դերում խնդրել էին զբաղվել՝ արտաքին ներդրումներ հայթայթելով եւ աշխատելով Սփյուռքի հետ»:

Դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի նոր կառավարությանը նոր ներդրումներ գտնելու գործում: Հիմնական աշխատանքն այս ոլորտում, Ռիչարդ Միլսի խոսքով, կառավարությունն արդեն անում է պայքարելով երկրում կոռուպցիայի դեմ եւ ստեղծելով արդար դաշտ բոլոր գործարարների համար:

«Անցած երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ի ու նաեւ Հայաստանի գործարարներից ես բազմիցս լսել եմ, որ երկրում գործարարության զարգացման հիմնական խոչընդոտը Հայաստանում արդար խաղի կանոնների բացակայությունն է, եւ որ համակարգը որոշ մարդկանց առավելություններ էր տալիս»:

Հայաստանի նոր կառավարության կողմից կոռուպցիայի դեմ կոշտ պայքարն, ըստ դեսպանի, ուժեղ եւ դրական ազդանշան է գործարարների համար, սակայն, տեւական փոփոխությունների համար անհրաժեշտ է ապահովել օրենքների եւ դրանք պահպանող կառույցների հզորությունը: Այս առումով Ռիչարդ Միլսը կարեւորում է նաեւ Հայաստանում ազատ եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Անդրադառնալով գարնանը Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը»՝ ԱՄՆ-ի դեսպանն ընդգծեց՝ ամենակարեւորը, որ դա հայ ժողովրդի ինքնուրույն որոշումն էր.

«Դա հայեր էին, ովքեր դուրս եկան փողոց՝ պահանջելով ավելի թափանցիկ եւ արդարացի հասարակություն: Այդ խաղաղ պահանջը շատ տպավորիչ էր: Պետք է նշեմ, որ սա լիարժեքորեն հայ ժողովրդի քայլն էր: Կարծում եմ, այն հնարավոր եղավ նաեւ, որովհետեւ ԱՄՆ-ի եւ Հայաստանի վերջին 20 տարիների համագործակցության արդյունքում զարգացան եւ հզորացան հենց այն ձայները, որոնք աջակցում էին թափանցիկությունն ու հաշվետվությունը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...