Առայժմ Փաշինյանը չի ունեցել հմտության, ճկունության և կամքի խնդիր

- in Ով ով է ...

Մանվել Գրիգորյանի գործն անշուշտ բազմաշերտ է, և սրանում արդեն կասկած չկա որևէ մեկի մոտ: Ընդ որում, շերտերը բազմազան են ոչ միայն քրեաիրավական պատասխանատվության, այլ նաև քաղաքական երանգավորման տեսանկյունից, քաղաքական ազդեցության, որ գործը թողնելու է Հայաստանի ներքին զարգացումների վրա:

Անկասկած է, որ անկախ իրավա-կազմակերպական ձևերից, Երկրապահ կամավորական միությունը ենթարկվելու է քաղաքական տրանսֆորմացիայի և այն այլևս չի հանդիսանում որևէ մեկի քաղաքական հենարան: Մյուս կողմից, միավորումը կամ միավորման անդամները ներկայումս հայտնվել են մի իրավիճակում, հոգեվիճակում, երբ գտնվում են իրենց նախագահ Մանվել Գրիգորյանի գործած արարքի հոգեբանական ճնշման տակ: Երկրապահները ստիպված են արդարանալ հանրության առաջ, ցույց տալ, որ անմասն են եղել Գրիգորյանի գործողություններից:

Այսինքն՝ կառույցը ոչ միայն դադարում է որևէ մեկի քաղաքական հենարան կամ գործոն լինել, այլ ստիպված է նաև ինչ-որ այլ բան լինել կամ անել, թեկուզ իր առանձին անդամներով և դեմքերով, որպեսզի վերականգնի իր բարի համբավը կամ, այսպես ասած, սկզբունքորեն տարանջատվի նախկին նախագահից: Իսկ այստեղ ընտրության հնարավորությունները թերևս մեծ չեն, և այդ խնդիրը լուծելու ամենապրակտիկ հնարավորություն դիտվում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության գործուն աջակցությունը, հատկապես այն բանից հետո, երբ Փաշինյանին պատասխան ընդգծված աջակցություն է հայտնել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Սա բերում է ուշագրավ տրանսֆորմացիայի ընդհանրապես, որովհետև այսպես ասած «արցախյան կողմը» թավշյա հեղափոխության օրերին դիտարկվում էր Նիկոլ Փաշինյանի «թույլ կողմը», և ընդհանրապես բոլորի «թույլ կողմը», և միակ մարդը, որի «ուժեղ կողմ» էր դիտվում, Սերժ Սարգսյանն էր:

Սակայն իրավիճակը փաստորեն արագորեն փոխվում է, և այժմ արցախյան կողմը, ըստ էության, ոչ միայն դադարում է թույլ կողմ լինել, այլ դառնում է Փաշինյանի «ուժեղ կողմերից» մեկը: Սա, անշուշտ, Հայաստանի շեշտակի առավելություն է արտաքին ուղղությամբ, քանի որ այդ ուժը հավելագրվում է լեգիտիմության ահռելի ուժին և այդ առումով ստեղծում է յուրօրինակ «ազգ-բանակ» մի վիճակ կամ ռեժիմ՝ անկախ այդ գաղափարի հանդեպ թերահավատությունից կամ կասկածներից, որ կային նախորդ իշխանության գործելաոճից, որը ըստ էության ունի կանխարգելիչ կամ զսպող ահռելի ներուժ թե՛ ռեգիոնալ, թե՛ ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում: Մյուս կողմից սակայն, իհարկե առաջանում է այս թեկուզ չհայտարարված, պաշտպանունակության և անվտանգության առումով բացարձակ անհրաժեշտ ռեժիմի հնարավոր բացասական ռիսկեր պետականության մյուս խնդրի զարգացման համար, ներքին մրցունակության համար, եթե Նիկոլ Փաշինյանի սիրո և համերաշխության բացառիկ լեգիտիմությունը հավելագրվի արդեն շատ կոնկրետ ուժային բաղադրիչով, ինչպիսին կպարունակի երկրապահական գործոնը՝ այն էլ, այսպես ասած, հանրայնորեն արդարանալու անհրաժեշտության առաջ կանգնած, ինչում արագ և արդյունավետ օգնության միակ աղբյուրը կարող է լինել բացառիկ լեգիտիմ վարչապետը:

Այս դեպքում Նիկոլ Փաշինյանից պահանջվում է բացառիկ հմտություն ու նաև կամք՝ արտաքին ուղղությամբ ուժի, սիրո և համերաշխության «ազգ-բանակ» գրված կամ չգրված, այդուհանդերձ անհրաժեշտ համադրումն ապահովելու և որպես կանխարգելիչ ու զսպող գործոն կիրառելու, իսկ ներքին ուղղությամբ դա տնտեսա-քաղաքական մրցակցային միջավայրի ձևավորման խոչընդոտ չդարձնելու համար: Առայժմ Փաշինյանը չի ունեցել հմտության, ճկունության և կամքի խնդիր:

Spread the love