Առանց եվրոպական վեկտորի, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ինչպե՞ս է հնարավոր …

Hayastan EM

Մենք հեղափոխությունից առաջ, հեղափոխության ընթացքում և հեղափոխությունից հետո նշել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորներում փոփոխություններ չեն լինի։ Մենք շարունակելու ենք լինել ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ, շարունակելու ենք սերտ հարաբերություններ պահել Ռուսաստանի հետ երկկողմ և բազմակողմ ֆորմատներում, ինչպես նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ, սակայն դա ամենևին չի նշանակում և չպետք է նշանակի, որ այդ հարաբերություններում չեն կարող լինել հարցեր և խնդիրներ, և որ դրանք չեն կարող բարձրաձայնվել և լուծվել բարեկամական և դաշնակցային մթնոլորտում. սա Հայաստանի ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալ Ռուբեն Ռուբինյանի երեկվա արձանագրումն է, որը, կարելի է ասել, բրենդային է դարձել ժամանակավոր կառավարության առաջին դեմքերի համար:

Մոտ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր պաշտոնավարման քառասուն օրվա ընթացում երկրորդ անգամ, կայցելի Ռուսաստան: Այս անգամ առիթն, իհարկե, ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումն է, սակայն երկու երկրների ղեկավարների մամուլի քարտուղարների մակարդակով հաստատվել է տեղեկատվությունը, որ Փաշինյանի օրակարգը միայն, այսպես կոչված, մարզական չէ, և նա հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սա, իհարկե, դրական է և Հայաստանի նման աղքատ երկրի համար մեծ շռայլություն կլիներ բարձր մակարդակի այց կազմակերպել` միայն մարզական օրակարգով:

Մյուս կողմիցթավշյա հեղափոխությունը, չնայած Հայաստանի նոր իշխանության առաջին դեմքերի հավաստիացումներին, առայժմ չի հանգեցրել նոր որակի հայ-ռուսական հարաբերություններում. օրինակ Ռուսաստանում չլուծված է մնում հայկական վարորդական իրավունքի հարցը` չնայած, ցանկության դեպքում, Պուտինն այդ խնդիրը կարող էր լուծել օրերի ընթացքում:

Առավել անմխիթար վիճակ է ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում: Հայաստանի նոնինալ դաշնակիցներն ոչ միայն հրապարակային հայտարարությունների մակարդակում, այլ գործնականում աջակցում են Ադրբեջանին. հենց երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսը ժամանակակից սպառազինություն է վաճառել Ադրբեջանին:

Սակայն խնդիրն ունի բովանդակային, ավելի խորքային կողմ: Իր պաշտոնավարման մեկ ամսվա ընթացքում Հայաստանի վարչապետն իրականացնում է, ըստ էության, միակողմանի արտաքին քաղաքականություն` մեծ ակտիվություն ցուցաբերելով միայն ռուսական ուղղությամբ: Նույնիսկ նախնական խոսակցություններ չկան Բրյուսել Փաշինյանի հնարավոր այցի ժամկետների մասին:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե իր նպատակը եվրոպական մոդելի պետության կառուցումն է, ինչն, ի դեպ, բխում է նաև թավշյա հեղափոխության օրակարգից: Այս համատեքստում շատ կարևոր է հասկանալ՝ առանց եվրոպական վեկտորի, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման, առանց եվրոպական բարեփոխումների` դա ինչպե՞ս է հնարավոր: Խնդիրն այն է, որ մինչև հիմա մենք Հայաստանի նոր իշխանության առաջին դեմքերից լսել ենք ծրագրային հայտարարություններ հիմնականում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ և, ըստ էության, տեղեկացված չենք, թե ինչ բովանդակություն է ունենալու Հայաստանի եվրոպական քաղաքականությունը:

Խնդիրն ունի նաև կիրառական նշանակություն. եթե Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրապես չդիվերսիֆիկացվի, ապա հայ-ռուսական հարաբերությունները շատ արագ կվերադառնան ի շրջանս յռւր, այսինքն` այս ոլորտում արագ կվերանա այն բարենպաստ համատեքստը, որը թավշյա հեղափոխության արդյունք է:

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորներում փոփոխություններ չեն լինի` շարունակ պնդում են նոր իշխանության առաջին դեմքերն և առայժմ այնպիսի տպավորություն է, որ նման հայտարարություններն արվում են բացառապես Մոսկվային հաճոյանալու համար:

Բոլոր ճանապարհները տանում են Մոսկվա. այսպես էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, առայժմ այդպես է նաև թավշյա հեղափոխությունից հետո:

Միակ ճանապարհն արտաքին քաղաքականության մեջ անխուսափելիորեն հանգեցնում է փակուղու, ինչի մասին, կարծում ենք, քաջատեղյակ են նոր իշխանության առաջին դեմքերը:

Spread the love