Առողջապահության համակարգում որոշ մարդիկ պաշտոններն ընկալում են որպես սեփականություն

Առողջապահության համակարգում որոշ մարդիկ պաշտոններն ընկալում են որպես սեփականություն: Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման ժամանակ:

«Համակարգում փաստացի կա, այսպես կոչված, «ինստիտուտ», երբ մարդիկ կարծում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնն իրենց սեփականությունն է: Երբ փորձում ես որևէ գործողություն կատարել, ասենք այդ մարդուն խնդրել տեղափոխվել այլ պաշտոնի, դա ընկալում են անձնական սեփականության նկատմամբ ոտնձգություն»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Նա անդրադարձել է վերջերս տեղի ունեցած երկու դեպքի՝ կապված Առողջապահության ազգային ինստիտուտի և «Մարդասիրական օգնության հանրապետական օգնության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:

Նախարարը տեղեկացրել է, որ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին առաջարկել է դառնալ Առողջապահության նախարարի խորհրդական, հետագայում՝ նաև տեղակալ: Դա ենթադրվում էր ազատվել ներկայիս պաշտոնից:

«Ինչ տեղի ունեցավ: Անձնակազմը, չուզենալով փոխել ստատուս քվոն, ինչն այս դեպքում, որոշների համար առավոտյան ժամը 10-ին գալն է և կեսօրին տուն գնալն է, ու անհասկանալի էր, թե ինչով զբաղվելն էր, Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպեց իրարանցում գիտխորհրդի նիստի ժամանակ: Կազմվում է նամակ այն բովանդակությամբ, թե ինչու են ուզում տնօրենին հանել գործից, այն դեպքում երբ ես ուզում էի բերել ինձ մոտ խորհրդական, որովհետև նա պրոֆեսիոնալ է: Տպավորությունն այնպիսին է, թե այդ ինստիտուտը մի անձի վրա կազմված, եթե նա չլինի այդ ինստիտուտը չի լինի»,-ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ այդ աշխատողների քայլերն առաջինը վնասում են այդ ինստիտուտին:

Նախարարն անդրադարձավ նաև «Մարդասիրական օգնության հանրապետական օգնության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրապարակած բաց նամակին, նշելով, որ բաց նամակների ինստիտուտը լավ է, բայց միշտ չէ, որ դա ազնիվ մղումներից ելնելով է արվում:

«Միհրան Սևումյանը նամակի մեջ նշել է, որ ինքն ընդամենը երկու ամիս է ինչ ժամանակավոր պաշտոնակատար է, բայց հետաքրքիր է ինչու չէր նշել, թե այդ ինչպես եղավ, որ ինքը ընդամենը 2 ամիս է ժամանակավոր պաշտոնում: Ասեմ, նախկին տնօրենին նախկին իշխանությունները ստիպողաբար հեռացրել են աշխատանքից, փաստացի Միհրան Սևումյանն անարդարացիության արդյունքում նշանակվել է տնօրեն: Հիմա ստացվում է, որ արդարության վերականգնումը համարվում է Հայաստանի ժողովրդավարական արժեքների դեմ ոտնձգություն: Այսինքն՝ ոչ մի փոփոխություն չանե՞նք: Հակառակը, կադրային փոփոխությունը լինելու է նպատակաուղղված՝ այդ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Ոչ մի վենդետա չի լինելու, եթե լիներ հիմա վաղուց բոլորը փոխված կլինեին: Ավելին ասեմ, որոշ մարդիկ ովքեր հայտարարեցին, որ գնում են Առողջապահության նախարարությունից, հեռացել են իրենց կամքով: Օրինակ, բուժօգնության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ում ես խնդրել եմ չգնալ: Քանի որ մեկ այլ անձ հեռանում էր, նա էլ որպես հավատարմության դրսևորում ևս որոշեց գնալ: Եթե մեկ այլ անձի հավատարմությունն ավելի կարևոր է, քան իր գործը, ապա խնդիր չկա, դա իր ընտրությունն է»,-ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ իրականացվելու է նպատակաուղղված գործողություն նախարարության կենտրոնական ապարատի, ինչպես նաև ստորաբաժանումների արդյունավետությունը բարձրացնելուն և անարդար որոշումները վերացնելուն:

Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել տնօրենի փոփոխության հետ կապված: Նրանք պնդել են, որ իրենց տնօրենը շարունակի աշխատել իր պաշտոնում:

«Մարդասիրական օգնության հանրապետական օգնության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սևումյանը բաց նամակ էր հրապարակել՝ նշելով, որ Առողջապահության նախարարը չի ցանկանում շարունակել իր հետ աշխատել: «Ս.թ. մայիսի 31-ին ինձ իր մոտ հրավիրեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը և փոխանցեց, որ նախարարը «ուզում է», որ ես աշխատանքից ազատվելու ինքնակամ դիմում գրեմ: Բնական հարցիս, թե ինչն է այդ «ուզելու» պատճառը և ինչում եմ թերացել կամ ինչ սխալ գործել, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ ոչ մի թերացում կամ խախտում իմ աշխատանքում չկա, և ինքը պարզապես փոխանցում է նախարարի խոսքերը»,-ասված է նամակում:

Spread the love