Արայիկ Հարությունյանի համար առաջնահերթ խնդիր է դպրոցների ապաքաղաքականացումը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն առաջնահերթ խնդիր է համարում դպրոցների ապաքաղաքականացումը: ՀՀ կրթության և գիտության նախարարը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում` պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:

«Սա մեզ համար կարճաժամկետ առաջնային խնդիրներից մեկն է, որովհետև դպրոցների քաղաքականացումը մեծ վնաս է բերել դպրոցներին: Ես սա միշտ ասել եմ և չեմ զլանա կրկին ասել: Ես միշտ շաբաթներով սթրես եմ ապրել այն բանից հետո, երբ ընտրական գործընթացների ժամանակ որևէ դպրոցի ուսուցիչը, ուսմասվարը կամ տնօրենը զբաղվում էր ընտրությունները կեղծելով, կեղծիքի վրա աչք փակելով, իսկ հաջորդ օրը մտնում էր դպրոց և ազատ քաղաքացի էր «դաստիարակում»: Սա պետք է արմատախիլ արվի: Դպրոցների ապաքաղաքականացումը առաջնահերթ խնդիրներից է, որովհետև որ նախարարը եկել է, համակարգը սկսել է նրա կուսակցության գույնով ներկվել, բայց տարիների ընթացքում բազմագույն մի իրավիճակ ենք տեսել դպրոցներում, երբ սկզբում նախարարը ՕԵԿ-ից էր, հետո՝ ՀՀԿ-ից, հետո ՀՅԴ-ից»,- նշեց Հարությունյանը:

Նա մանրամասնեց, որ առաջիկայում պատրաստվում է հանդիպել մարզպետների և մարզպետարանների կրթության վարչության պետերի հետ, որովհետև սովորաբար դպրոցներում կարգավորումները իրականացվել են մարզպետների և վարչության պետերի միջոցով, կուսակցական հրահանգները հիմնականում այդ օղակներով են գնացել: «Հիմա մենք պետք է փորձենք վարչությունները համալրել իրական մասնագետներով, որոնք ուղիղ կապ կպահեն նախարարության և դպրոցների միջև»,- ասաց նախարարը:

Կրթության և գիտության նախարարության աուդիտի բաժինն ավարտել է ստուգումներն «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում պետական բյուջեի գումարների ծախսման արդյունավետության վերաբերյալ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Անկեղծ ասեմ՝ հիմա կրթության նախարարությունում կան շատ հրատապ հարցեր ու հիմա այդ փաթեթը իմ սեղանին դրված է, դեռևս չեմ հասցրել ուսումնասիրել։ Մենք նաև մոնիթորինգ ենք անցկացնելու Արարատյան բակալավրիատ»-ում: Որոշ խնդրահարույց կետեր, ըստ աուդիտորական խմբի, կան։ Ես կուսումնասիրեմ այս շաբաթվա ընթացքում և կհրապարակեմ», – փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Արայիկ Հարությունյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, թե «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը  փորձ է արել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում «էլիտարիզացնել կրթությունը»։ «Մենք ստեղծելու ենք գերազանցության կենտրոններ, որտեղ որոշակի խմբի մարդկանց հսկողության տակ գտնվելու են բավականին լավ գիտելիք ունեցող երեխաներ։ Մենք սրանով նվազեցնելու էինք մյուս դպրոցների դերն ու կշիռը, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ լավ երեխաներին դուրս ես բերում դպրոցներից ու կենտրոնացնում ինչ-որ մի տեղ, կրթական դրական մթնոլորտը դպրոցներում նվազում է։ Սա է եղել իմ հիմնական պրետենզիան տվյալ գործունեությանը, մնացած վերլուծությունները՝ կոնկրետ դրամական միջոցների ծախսման արդյունավետության հետ կապված կհրապարակվեն առաջիկայում։ Էլի եմ կրկնում՝ կրթական ոլորտում շատ կոնկրետ հրատապ խնդիրներ կան, որ պետք է լուծել։ Դա այնպիսի հրատապություն չունի, որ հիմա դրա մասին խոսենք», –հայտարարեց նախարարը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնարարել է «Արարատյան բակալավրիատ»-ի ֆինանսական աուդիտ կազմակերպել: Նա ընդգծել էր, որ շարունակում համարել, որ «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնաս հասցրած մարդկանցից է:

Արայիկ Հարությունյանը ոլորտում կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ կոնկրետ փաստերի վերաբերյալ նամակներ է ստացել, որոնք ուղարկել է իրավապահ մարմիններին: Արայիկ Հարությունյանն այս մասին հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ընթացիկ աշխատանքներ են իրականացվում, տարբեր տեղերում մասնագետները աուդիտ են իրականացնում: Աուդիտ իրականացնող մեր մասնագետներն արդեն ասել են, որ որոշ տեղերում կան լուրջ խնդիրներ: Երբ դրանք վերջնական լինեն, կուսումնասիրենք և նույնպես իրավապահ մարմիններին կհանձնենք»,- նշեց Հարությունյանը:

Այնուամենայնիվ, նախարարն ընդգծեց, որ ինքը չի ցանկանում, որ իրավապահ մարմինները հենց սկզբից մեծ մուտք ունենան կրթական համակարգ: «Մենք չենք ուզում ԱԱԾ-ով ահ ու սարսափ տարածել դպրոցներում և բուհերում, բայց արդեն բոլորը պետք է իմանան, որ օրենքը գործում է, և խախտումների դեպքում համապատասխան գնահատական է լինելու»,- նշեց Հարությունյանը:

Հարցին՝ նախորդ նախարարի հետ զրուցե՞լ է, հարցրե՞լ է, թե ինչո՞ւ է նրա ղեկավարած կառույցում կոռուպցիա եղել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հիմա ուսումնասիրությունները շարունակվում են, որոշ փաստեր արդեն կան: Երբ փաթեթ կլինի, անպայման կհանդիպենք ոչ միայն պարոն Մկրտչյանի, այլ նաև պարոն Աշոտյանի հետ»:

Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Հանրապետական կուսակցության անդամ որևէ ուսուցիչ աշխատանքից չի ազատվելու կուսակցական պատկանելության համար: Ազգային ժողովում նախարարն ընդգծեց, որ կուսակցական պատկանելությունը սահմանադրական իրավունք է, և որևէ մեկը չի կարող նման քայլի դիմել, եթե անձն օրենքով պատժելի արարք թույլ չի տվել:

«Ասեմ ավելին՝ ես հիմա շատ լուրջ քննարկում եմ կրթության և գիտության նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մի մարդու, ով Հանրապետական կուսակցության անդամ է»,- նշեց նախարարը:

Նա շեշտեց, որ այս հարցում որևէ խնդիր չունի, քանի որ լավ գիտի, որ նախկինում մարդիկ շատ հաճախ ստիպված են եղել համակարգում աշխատելու համար կուսակցականացվել: «Կուսակցական պատկանելությունը որևէ կապ չպետք է ունենա: Եթե մարդը ցանկանում է լինել որևէ կուսակցության անդամ, ապա ինքը կարող է լինել այդ կուսակցության անդամ, իհարկե, իր աշխատանքից դուրս: Որևէ մեկը քաղաքականությունը դպրոցներ չպետք է բերի, որովհետև մենք գիտենք, թե դա ինչ վատ հետևանքներ է ունենում դպրոցների համար»,- ասաց Հարությունյանը:

Կոռուպցիան դպրոցներում զգալի նվազել է, դրամահավաքները զգալի նվազել են: Այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով դպրոցների տնօրենների հետ կապված աղմկահարույց դեպքրին, որոնք ընտրությունների ժամանակ աշխատել էին ՀՀԿ-ականների օգտին, ի՞նչ է անում նախարարությունը, որ նման դեպքերը չկրկնվեն, ԿԳ նախարարն ասաց.«Դա այնքան էլ հեշտ գործ չէ: Երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, իշխանությունների կամքը՝ վերացնել նման դեպքերը, ազդում է այդ երեւույթի նվազման վրա: Ամեն դեպքում ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն: Նույն դպրոցներում եթե հարցնեք, կտեսնեք, որ կոռուպցիոն զգալի նվազել է, դրամահավաքները զգալի նվազել են»:

Spread the love