Արդյո՞ք Ռուսաստանում կարվեն հետևություններ, թե՝ գործի կդրվեն ճնշման մեխանիզմներ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, կկայանա հունիսի 7-ին՝ Մոսկվայում:

Սա նրանց առաջին հանդիպումն է Հայաստանում կառավարության փոխվելուց հետո: Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունից նշել են, որ բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմ հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում: Մի կողմից հեղափոխությունը չուներ աշխարհաքաղաքական համատեքստ և շրջադարձ չի ենթադրում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, մյուս կողմից` մեր երկրում տեղի են ունեցել որակական փոփոխություններ, որոնք չեն կարող չանդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների որակի, օրակարգի վրա:

Առաջին հերթին մեծացել է Հայաստանի սուբյեկտությունը, ինչը ենթադրում է, որ Երևանը վերականգնել է ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնելու հնարավորությունը: Սա ենթադրում է հայ-ռուսական հարաբերությունների լուրջ տրանսֆորմացիադրանցում գործընկերության բաղադրիչի ուժեղացմամբ: Ռազմավարական գործընկերությունը պետք է կառուցվի երկկողմ շահերի առանցքի վրա բացառելով վասալության այն դրսևորումը, որին ականատեսն ենք եղել վերջին քսան տարիներին, երբ Հայաստանը երկկողմ հարաբերություններում, Կրեմլի ինտեգրացիոն նախագծերում և միջազգային կազմակերպություններում, ըստ էության, դարձել էր Մոսկվայի կցորդը:

Մյուս կողմից` արտաքին քաղաքականությունը ներքինի ինստիտուցիոնալ շարունակությունն է և դա աքսիոմատիկ ճշմարտություն է բոլոր դեպքերում: Այս օրերին Հայաստանում տեղի է ունենում քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդման գործընթաց: Հայաստանում ինստիտուցիոնալ մակարդակում քանդվում է այն համակարգը, որը դարձել էր ռուսական վասալության, տոտալ ազդեցության գործիքը: Հայ-ռուսական հարաբերությունները մաքրվում են քրեական, կոռուպցիոն բաղադրիչներից, ինչը ենթադրում է դրանց կառուցում որակապես նոր մակարդակում:

Սակայն այս փոփոխությունները տեղի են ունեցել Երևանում և դեռ անհայտ է, թե բովանդակային առումով դրանց ինչպես է արձագանքելու Մոսկվան: Արդյո՞ք Ռուսաստանում կարվեն համապատասխան հետևություններ, թե՞ դարձյալ գործի կդրվեն ուղղակի և անուղղակի ճնշման մեխանիզմներ:

Միջազգային փորձագետների կարծիքովհայ-ռուսական հարաբերություններում ներկայումս ինդիկատորային կարող է լինել Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարման հարցը: Եթե Մոսկվայում պատրաստ են ընդունել նոր իրողությունները, ապա պետք է դադարեցվի սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին, մանավանդ որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ակնհայտ ճգնաժամ է էներգակիրների խնդրում մրցակցության հետևանքով:

Մոսկվայի այդ ժեստը սկզբունքային նշանակություն կունենա և կարող է լինել իրապես ռազմավարական հայ-ռուսական հարաբերությունների խորհրդանշական մեկնարկը:

Իհարկե Լավրով-Մնացականյան առաջին հանդիպումը ճանաչողական է և պետք չէ դրանից բովանդակային շրջադարձեր սպասել:

Spread the love