Արմեն Սարգսյանն ու Հայաստանի հասարակության աճող հիասթափությունը Ռուսաստանից

Նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցումը որոշակի հույսեր էր ծնում նաև արտաքին ավելի ճկուն քաղաքականություն վարելու առումով:

Նոր համակարգում արտաքին քաղաքականության համար պատասխանատու են վարչապետն ու կառավարությունը, մյուս կողմիցպետության գլուխ հանդիսացող, սակայն գործադիր իշխանության մաս չկազմող նախագահը կարող էր իրեն որոշակի ազատություն թույլ տալ և, ըստ անհրաժեշտության, հրապարակայնացնել դիրքորոշումներ, որոնք թեև չեն կարող դառնալ պաշտոնական, սակայն պոպուլյար են հանրային տրամադրությունների մակարդակում: Այս իմաստով` խորհրդարանական կառավարման համակարգն արտաքին քաղաքականության մեջ ճկունության ավելի մեծ տարածություն է ստեղծում:

Ոմանք հենց այս մոտիվով էին բացատրում չորրորդ նախագահի թեկնածության հարցում Սերժ Սարգսյանի ընտրությունը. Արմեն Սարգսյանը դիվանագիտական աշխատանքի ահռելի փորձ ունի և նրա կենսագրության մեջ խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ նրա գործունեությունը հիմնականում կապված է եղել արևմտյան երկրների, կառույցների հետ: Ենթադրվում էր, որ Հայաստանի կառավարման համակարգի նոր ինստիտուցիոնալ իրողությունները և Արմեն Սարգսյանի գործոնը կարող են էապես նպաստել Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային կամ` ինչպես Սեր Սարգսյանի իշխանության օրոք էր ընդունված ասել, «և, և»-ի սկզբունքի բովանդակային իմաստավորմանը:

Թավշյա հեղափոխությունը, որը չուներ աշխարհաքաղաքական ենթատեքստ, սկզբունքորեն չփոխեց Հայաստանի արտաքին քաղաքականություննառնվազն վեկտորալ առումով և բովանդակային շեշտադրումների հարթության վրա: Այսինքն, այն ակնկալիքը, որ ունենինք  Հայաստանի կառավարման նոր համակարգի ընձեռած հնարավորություններից ու Արմեն Սարգսյանի անձից մնում է ուժի մեջ:

Բնավ այն կարծիքին չենք, որ Հայաստանի որևէ կառավարությունը` նույնիսկ հեղափոխական, կարող էր իրեն թույլ տալ կտրուկ շրձադարձերի հնարավորություն արտաքին քաղաքականության մեջ: Արտաքին քաղաքականությունը կտրուկ շրջադարձեր ու էքսպիրիմենտներ չի հանդուրժում սկզբունքորեն, իսկ Հայաստանի պարագայում դա կարող է ծնել անվտանգության ռիսկեր: Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ակնկալվում է, որ նա հայ-ռուսական հարաբերությունները պետք է ձերբազատի օլիգարխիկ, կոռուպցիոն բաղադրիչից և դրանցում մեծացնի Հայաստանի սուբեկտությունը:

Այդ հարցում որոշակի դերակատարություն վերապահված է երկրի նախագահին, ով թեև որոշիչ խոսք չունի արտաքին քաղաքականության մեջ, սակայն կարող է հասարակության կարծիքը բարձրաձայնելով` որոշակիորեն ազդել դրա վրա, առնվազն ավելի դինամիկ դարձնել արտաքին քաղաքականությունը:

Россия 24 հեռուստաընկերությունը ծավալուն հարցազրույց է հեռարձակել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որտեղ գուցե վերջինս փայլում է Ռուսաստանի, նրա աշխարհագրության ու մշակույթի իմացությամբ, սակայն խիստ խոցելի վիճակում է քաղաքական տեսանկյունից: Հիշյալ հարցազրույցում Արմեն Սարգսյանը մի քանի անգամ պնդում է, որ հայ ժողովրդի 95%-ը Ռուսաստանին համարում է Հայաստանի ամենամերձավոր բարեկամը: Բացարձակապես չենք ուզում մտնել, այսպես կոչված, տոկոսային մանիպուլյացիաների հարթություն և նույնիսկ, շատ մեծ վերապահումներով, համարում ենք, որ Սարգսյանն արտահայտում է մեր հասարակության մեծամասնության տեսակետը: Սակայն ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը ծավալուն հարցազրույցի ժամանակ նույնիսկ տողատակով չհանդգնեց գոնե մեկ անգամ բարձրաձայնել Հայաստանի հասարակության աճող հիասթափությունը Ռուսաստանից, ինչը հետևանք է Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման: 2016-ի Քառօրյա պատերազմը Ռուսաստանի այդ քաղաքականության ուղղակի կամ անուղղակի հետևանքն էր և, եթե Հայաստանի որևէ ղեկավարհայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս, շրջանցում է այս թեման, ըստ էության կամա թե ակամա, պահպանում է ռուսական վասալության ստատուս-քվոն:

Խոսքնառաջին հերթին, վերաբերում է Արմեն Սարգսյանին, ով կարգավիճակի բերումով ավելի ազատ կարող է լինել իր արտահայտությունների մեջ ավելի շատ ներկայացնելով ոչ թե պետական դիրքորոշում, այլ` հանրային տրամադրություններ: Ի դեպ, այդ գործոնն ավելի մեծ կշիռ կտար Արմեն Սարգսյանի խոսքին, եթե հայ-ռուսական հարաբերությունները նա ներկայացներ արժանապատվության դիրքերից:

Spread the love