Արյունաբանական կենտրոնի անձնակազմը դեմ է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանի նշանակմանն առանց իրենց համաձայնության

- in Առողջություն
Aroxjapahutyun

Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկների մի մասը բոյկոտում է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանի նշանակումը՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու: Անձնակազմի ներկայացուցիչներն իրենց ձայնը լսելի դարձնելու պահանջով հավաքվել են կենտրոնի բակում:

«Հայաստանի արյունաբանության ոլորտի մասնագետների 90 տոկոսն այս կենտրոնում է: Եվ այդ մարդկանց կարծիքը պետք է հաշվի առնեն:  Գլխավոր արյունաբանի նշանակման համար պետք է արդար, թափանցիկ ընտրություններ լինեն: Ես ոչ ոքի դեմ ոչինչ չունեմ:

Թող հարցնեն՝ կենտրոնի անձնակազմն ում է ուզում տեսնել որպես գլխավոր արյունաբան»,-ասաց Իմունաֆենոտիպավորման և մոլեկուլային կենսաբանական լաբորատորայի ղեկավար Ալին Յակոբի Այվազը, ով 5 տարի առաջ է եկել Սիրիայից և հիմնել նոր դիագնոստիկ մեթոդ:

Անդրադառնալով նրան, որ նորանշանակ ԱՆ գլխավոր արյունաբանը մասնագիտացմամբ մանկական արյունաբան-ուռուցքաբան է՝ նա ասաց, որ կենտրոնում 3-4 անգամ ավելի շատ մեծահասակ հիվանդներ են ունենում, քան երեխաներ:

Լրագրողի դիտարկմանը, որ գլխավոր մասնագետ ընտրելիս մյուս մասնագետներից չեն հարցնում, բժիշկներից մեկն ասաց՝ ուրիշ շատ արյունաբաններ իրենց մոտ են գնում:

Կենտրոնի բակում հավաքված բոլոր բժիշկների պահանջը նույնն էր: Շատերը կարևորեցին նախքան նշանակում անելը ոլորտի մասնագետների հետ քննարկելը, նրանց կարծիքը հաշվի առնելը:

Նրանք նշեցին՝ պատրաստվում են իրենց ձայնը լսելի դարձնել: Ոմանք շեշտեցին՝ անակնկալի են եկել, գուցե, իրենք համաձայն են այդ որոշմանը, պարզապես պետք էր իրենց էլ տեղյակ պահել:

Բժիշկներից ոմանք փաստեցին՝ վերջին 10 տարիների ընթացքում մանկական արյունաբանությունը նահանջ չի ապրել:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան է նշանակվել Սամվել Դանիելյանը: Մամուլում լուրեր էին շրջանառվում՝ նախկին գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանն իրականում մասնագիտությամբ արյունաբան չի եղել: Դաղբաշյանը շարունակում է ղեկավարել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանն այսուհետ Սամվել Դանիելյանն է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, նոր նշանակումը պարզապես աշխատանքային ընթացակարգային փոփոխություն է:

Տեղեկացանք նաև՝ նախկին գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը շարունակում է ղեկավարել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

Սամվել Դանիելյանը կարծիքով՝ նշանակումն իր տարիների աշխատանքի արդյունքն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց՝ նշանակման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: «Դրանից առաջ հանդիպումներ եղել են, տարբեր հարցեր են քննարկվել: Սակայն ես ինձ իրավունք չէի վերապահել ակնկալիքներ ունենալ»,-ասաց Դանիելյանը:

Նրա կարծիքով՝ գլխավոր մասնագետը պետք է աշխատի հնարավորինս արդյունավետ գործել, օգտագործել կապերը՝ թե երկրում, թե արտերկրում: «Ես այդպիսի կապեր ունեցել եմ իմ ողջ աշխատանքի ընթացքում: Հուսով եմ, որ ավելի կբարելավեմ: Երբ ես Հայաստան էի եկել մանկական արյունաբանության ամենադժվար խնդիրները լուծելու, լեյկեմիաների բուժման արդյունավետությունը կազմում էր 3-5 տոկոս: Իմ և իմ թիմի աշխատանքի շնորհիվ այդ ցուցանիշը դարձել է 75 տոկոս»,-ասաց գլխավոր արյունաբանն ու հավելեց՝ դա իր ամենամեծ գնահատականն է եղել:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանն արյունաբանության ոլորտում երկրորդական դիրքեր չունի. գոնե Արևելյան Եվրոպայում դա փաստ է: Հայկական արյունաբանությունն իր հեռանկարային քայլերով մոտ 20 տարի մեծ աշխատանք է իրականացնում: Դրա արդյունքում առողջացած երեխաների բավականին լավ տվյալներ կան: Նշում է՝ բավականին արդյունավետորեն օգտագործվում է նաև արտերկրի փորձը:

Գլխավոր արյունաբանը նպատակ ունի ոչ միայն առողջացման տոկոսը բարձրացնել, այլ նաև ներդնել նոր ծրագրեր: Ունի իր թիմը, ում հետ աշխատել է երկար տարիներ, և երախտապարտ է նրանց: Դանիելյանը մոտ մեկ ամիս է, ինչ արտերկրից վերադարձել է Հայաստան: Պիտի դեռ մանրամասն ծանոթանա ամեն ինչին, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում չի աշխատել ավելի քան 10 տարի: Անդրադառնալով՝ մամուլում շրջանառվող լուրերին, թե Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավարի պաշտոնից նախկինում հեռացել է տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով՝ նշեց, որ դրանք լուրջ խոսակցություններ չեն: Աշխատանքային խնդիրներ յուրաքանչյուրի հետ էլ կարող են լինել: Այդ կենտրոնից դուրս գալու պատճառը նա չցանկացավ նշել:

«Արմենպրես»-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել նաև նախկին գլխավոր արյունաբան, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հետ՝ պարզելու նրա անվան շուրջ մամուլում շրջանառվող որոշ լուրերի իսկությունը: Ըստ այդ լուրերի՝ Դաղբաշյանը 2003-ից եղել է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան՝ մասնագիտությամբ արյունաբան չլինելով հանդերձ: Սմբատ Դաղբաշյանը 1986-1993թթ. սովորել է Երևանի բժշկական համալսարանում՝ «բուժական գործ» մասնագիտությամբ, այնուհետև՝ 1993-1994թթ. Երևանի բժշկական համալսարանի ինտերնատուրայում՝ որպես բժիշկ-թերապևտ: Սմբատ Դաղբաշյանը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն է 2001թ.-ից առ այսօր:

Սամվել Դանիելյանը 2007-ից Մուրացան հիվանդանոցային համալիրի Քիմիոթերապիայի կլինիկայի ու Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի ղեկավարն է առ այսօր: Նա 1978- 1984-ն ուսանել է ԵՊԲՀ-ի Մանկաբուժության ֆակուլտետում: 1987 – 1987 կլինիկական օրդինատուրան անցել է Մոսկվայի մանկաբուժության ինստիտուտում Մոսկվայում: Մոսկվայի Մանկական արյունաբանության ինստիտուտում 1989- 1992-ին սովորել է ասպիրանտուրա՝ մանկական արյունաբանություն և ուռուցքաբանություն:

Please follow and like us:
18642