Արտաքին խաղացողներից ո՞ւմ է ամենաշատը ձեռնտու անկայունությունը Լեռնային Ղարաբաղում

LGHH

Այն, ինչ հունիսի 1-ի հայտնի, կենցաղային միջադեպից հետո արդեն մի քանի օր տեղի է ունենում Ստեփանակերտում, ոչ այլ ինչ է, քան հայկական երկու պետություններին ուղղված հարված ներսից։ Ներսից, բայց ոչ ամենևին՝ միայն ներսի ուժերով: Կամ միայն ներսի ուժերով, բայց ամենևին ոչ՝ ներսի ծրագրերով։

Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ակցիաները, ակնհայտ է, թուլացնում են պատերազմական վիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղը։ Բայց Ղարաբաղը թուլացնելով՝ թուլացնում են նաև Հայաստանի Հանրապետությունը, նոր Հայաստանը, որն ամեն օր կերտվում է հեղափոխության հաղթանակից հետո։ Ավելորդ է ասել, որ Հայաստանի ցանկացած իշխանություն ամբողջական է, կարող է անկաշկանդ գործել, եթե իր կողքին կամ թիկունքում, իսկ որ ավելի ճիշտ է՝ առաջնագծում ունի Լեռնային Ղարաբաղի կայուն, ամուր իրադրություն՝ նույնպիսի իշխանությամբ։

Նիկոլ Փաշինյանի, հեղափոխության հաղթանակից հետո անգամ շատերի համար անսպասելիորեն ձևավորվեց միանգամայն փոխըմբռնման, աշխատանքային, կառուցողական մթնոլորտ Հայաստանի նոր և Արցախի գործող իշխանությունների միջև։ Ի պատիվ երկու կողմի էլ՝ դա տեղի ունեցավ ինչպես հեղափոխության առաջնորդների, այնպես էլ Արցախի ղեկավարության համարժեք, պետականամետ վարքագծի ու գործելակերպի շնորհիվ։ Հեղափոխության հաղթանակի հաջորդ իսկ օրը՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտ կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց իր ամբողջական, անվերապահ աջակցությունը Արցախի ղեկավարությանը և վերջինիցս ստացավ նույնպիսի վերաբերմունք։ Այսինքն՝ հեղափոխության հաղթանակով Հայաստանն ամրացավ, ու հեղափոխության առաջնորդների և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների փոխըմբռնման շնորհիվ այդ հաղթանակը կապիտալիզացվելու առաջին իսկ նշանները երևացին հենց Ստեփանակերտում, որտեղ հնչեց Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին։

Ահա այս պայմաններում, Հայաստանի նոր իշխանության ու պաշտոնական Ստեփանակերտի համագործակցային աշխատանքի պայմաններում տեղի է ունենում հունիսի 1-ի միջադեպը, որն անմիջապես ստանում է քաղաքական երանգավորում՝ վերածվելով քաղաքական պահանջների՝ քաղաքական տեքստերի ու հրաժարականների պահանջների, Արցախի իշխանությանն ուղղված ուլտիմատումների առիթի։ Ընդ որում, հանրային ընկալումների, քարոզչական՝ ուղղորդվող կամ ոչ, մակարդակում Ստեփանակերտում տեղի ունեցողը ներկայացվում է որպես Հայաստանից, հայկական հեղափոխությունից ոգեշնչվածության դրսևորում՝ կարծես փորձ արվելով աջակիցներ գտնել նաև հեղափոխված Հայաստանում։ Այն դեպքում, երբ տեղի ունեցողն առանց չափազանցության ուղղված է Հայաստանի, նոր Հայաստանի, նոր Հայաստանի իշխանության դեմ։ Այսինքն՝ իր էությամբ ու բովանդակությամբ Արցախում տեղի ունեցողը հակահեղափոխություն է՝ բառի ամենաընդգրկուն իմաստով։

Ովքե՞ր են կանգնած այդ հակահեղափոխության հետևում, արդյոք դրանք ներսի կամ միա՞յն ներսի ուժեր են, արդյոք արտաքին ուժերի շարքում կա՞ն հայաստանածին կենտրոններ, արդյոք այդ ազդեցությունների համախմբում կա՞ արտաքին, աշխարհաքաղաքական հետք։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կենսական կարևորություն ունեն այս օրերին և դրանից հետո, որովհետև այդ հարցերի պատասխանները Հայաստանի ու Արցախի անվտանգության, անվտանգային իմունիտետի ցուցիչներն են։ Ու քանի դեռ այդ հարցերի սպառիչ պատասխանները տրված չեն, ու քանի դեռ այդ անպատասխան ու անպատասխանատու մթնոլորտում Արցախում հուզումները շարունակվում են, իսկ որ ավելի ճիշտ է՝ շարունակվում են հուզումների հրահրման թաքնված, անտեսանելի փորձերը, մնում է ենթադրություններ անել, թե ո՞վ կամ ովքե՞ր կարող են կանգնած լինել հակահեղափոխության այդ ակտի հետևում, որը դրսևորվում է Ստեփանակերտում։

Պետք չէ բացառել, իհարկե, որ հակահեղափոխության այդ շարժումը կարող է որոշակի կապ ունենալ հայաստանյան այն շրջանակների հետ, որոնք հեղափոխության հաջորդող օրերին ու շաբաթներին տարբեր դրսևորումներով փորձում էին պայքարել դրա դեմ՝ խտրություն չդնելով միջոցների միջև։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե ղարաբաղյան ծագում ունեցող ու Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն նման քայլի ընդունակ լինել չի կարող, քանի որ նրանք տարիներ շարունակ հրապարակավ Ղարաբաղի հարցը ներկայացրել են որպես իրենց պատվին ու արժանապատվությանը վերաբերող խնդիր։ Բայց նրանք կորցրել են իշխանությունը, և առնվազն բացառված չէ, որ այն վերադարձնելու համար պատրաստ են դիմել ցանկացած քայլի, այդ թվում՝ Արցախի անվտանգության գնով։

Այդ սցենարի հեռանկարային հաշվարկները կարող են վերաբերել ընդհուպ ռազմական գործողությունների վերսկսման և այդպիսով նաև Հայաստանում արտակարգ, պատերազմական դրության հայտարարման, որի դեպքում ընտրություններ՝ հերթական կամ արտահերթ, տեղի չեն ունենում։ Իսկ ո՞վ է արտահերթ ընտրությունների ամենամոլի հակառակորդը։ Իհարկե, ՀՀԿ-ն։

Ամենակարևոր հարցն այն է, սակայն, թե Ստեփանակերտում կատարվողի մեջ կա՞ արդյոք արտաքին՝ աշխարհաքաղաքական հետք։ Այս հարցին պատասխանելու համար պետք է հիշել, թե ո՞ր կողմն էր կամ երկիրն էր ամենանյարդայինը հայկական հեղափոխության նկատմամբ։ Իհարկե, Ռուսաստանը, որը որքան էլ հրապարակավ լոյալություն ցույց տա Հայաստանի նոր իշխանության հանդեպ, միևնույն է՝ նրան համարելու է օտար և ոչ կառավարելի, ինչի հակառակին սովոր էր Հայաստանի նախկին իշխանության երկու տասնամյակների պաշտոնավարման շրջանում։

Ակնհայտ է, որ իր ժողովրդավարական հեղափոխությամբ Հայաստանն արդեն Արևմուտքում է՝ բառի քաղաքակրթական իմաստով գոնե, և այդքանով նոր Հայաստանը հակառուսական է, այնքանով, որքանով հակառուսական է ցանկացած ժողովրդավարական երևույթ։

Եվ ուրեմն՝ արտաքին խաղացողներից ո՞ւմ է ամենաշատը ձեռնտու անկայունությունը Լեռնային Ղարաբաղում։ Հատկապես վերջին տարիներին տարածաշրջանում կատարվողին հետևող ցանկացածի մոտ այս հարցին ի պատասխան առաջինը գալու է Ռուսաստանի անունը, որը, չմոռանանք, իր բյուջետային ճեղքերը լրացնում է նաև Ադրբեջանին մատակարարվող զենքի վաճառքով։ Այդպես էլ մինչև օրս փակված չէ 2016 թվականի ապրիլյան պատերազմին Ռուսաստանի հնարավոր առնչակցության թեման։ Ավելին՝ շատ ավելի զորեղ են Ադրբեջանին Ռուսաստանի հրահրումն ու դրդումը ապացուցող, քան դրանք հերքող փաստարկները։

Եվ ահա, Հայաստանում ժողովրդավարական իշխանության հաստատումից հետո, որը հայտարարում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, Ստեփանակերտում տեղի են ունենում հուզումներ։ Ընդ որում, «միանգամայն պատահականորեն» հենց նույն օրը՝ հունիսի 1-ին, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շատ բազմիմաստ հայտարարություն է անում Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ՝ դա որակելով «հնարավոր է՝ ապակառուցողական»։ Ժամեր անց Ստեփանակերտում տեղի է ունենում հայտնի միջադեպը։

Քաղաքականության մեջ, հատկապես մեծ քաղաքականության մեջ նման զուգադիպություններ կամ պատահականություններ չեն լինում։

Ռուսաստանն իր ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ 2016 թվականին հարված է հասցրել հայկական պետություններին։ Այն ժամանակ հարվածը հասցվեց Թալիշում, այսօր փորձ է արվում հարված հասցնել Ստեփանակերտից։ 2016 թվականի ապրիլին մենք ունեցանք 100-ից ավելի զոհեր և 800 հեկտար տարածքի կորուստ։ Բարեբախտաբար, այսօր մենք ունենք դեռևս միայն քաղաքական կորուստներ, քանի որ Ստեփանակերտում անկայունության ամեն մի ժամը հարված է հասցնում Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգությանը։ Առայժմ։

Հայաստանի և Ղարաբաղի քաղաքական ղեկավարությունը, էլիտայի ներկայացուցիչները՝ բոլորը, պետք է թույլ չտան 2016 թվականի ապրիլի կրկնություն։ Իսկ նման վտանգը առավել քան մոտ է Ստեփանակերտին։

Spread the love