Գլխավոր դատախազը չի բացառում, որ Մանվել Գրիգորյանի կինը կձերբակալվի

- in Տեսանյութեր
arthur-davtyan

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում կան կասկածյալներ, որոնք կկանչվեն հարցաքննության:

Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հավելոլով, որ առաջիկայում ձեռք բերված տեղեկություններով կգնահատեն հիմքերը, թե գործով անցնող անձանցից յուրաքանչյուրի նկատմամբ հարկադրանքի ինչ միջոցներ կկիրառվեն: Նրա խոսքով, որոշակի անձանց նկատմամբ արդեն հիմա իրականացվում է հետապնդում, որոնք Մանվել Գրիգորյանի մերձավորներից են:

Զենք-զինամթերքի մասով առաջադրված մեղադրանքում, հիշեցնենք, որ շեշտվում է նաև Գրիգորանի կնոջ ու դստեր անունը. «Այս պահին ընդամենը երկու օր առաջ հարուցված քրեական գործի հետ մենք գործ ունենք: Եվ առաջիկայում գործով ձեռք բերված տվյալների հիմնա վրա կգնահատենք նաև հիմքերը, թե ներգրավված անձանցից յուրաքանչյուրի նկատմամբ հարկադրանքի ինչ միջոցներ կկիրառենք: Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ մասնակցություն են ունեցել որոշակի արարքների: Իսկ հետագան դրան համարժեք կլինի»:

Նա նշեց, որ նախկինում էլ իրեն ոչ ոք չի կաշկանդել. «Մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ ՀՀ քաղաքացիների աջակցության ակնկալիքն է մեծացել և ունենք ռեալ այդ ակնկալիքի դրսևորումները: Եվ դրանով է պայմանավորված, որ և նոր գրանցված հանցագործությունների բացահայտումն է բարձր, և նախկինում կատարված: Վարույթ իրականացնող մարմինները աշխատում են այնպես, ինչպես նախկիում, այլ բան է, թե այդ վարույթի շրջականերում որքանով է հաջողվել տեղեկություններ ստանալ»:

Արթուր Դավթյանը նաև հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի գործով մեծ թվով մարդիկ են ներգրավված որպես կասկածյալներ. «Այս պահի արդեն կան անձինք, որոնց նկատմամբ հետապնդում իրականացվում է: Բայց նաև բավական ծավալուն է, այս պահին մեր ձեռք բերած տվյալները վկայում են մեծաքանակ անձանց ներգրավվածության մասին: Եվ այդ ուղղությամբ քննությունը շարունակվում է, և յուրաքանչյուր մասնակից իր արարքով արժանանալու է համարժեք իրավական գնահատականի»:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե առաջիկայում կարող է ձերբակալվել նաև Մանվել Գրիգորյանի կինը՝ Արթուր Դավթյանն ընդգծեց, որ նրա ընտանիքի որոշ անդամներ ինչ-որ գործողություններում ներգրավված են եղել, ինչին համապատասխան գնահատական կտրվի:

Նախաքննությունը շարունակվում է, բացահայտված ցանկացած անձ կստանա համարժեք իրավական գնահատական:

Spread the love