Գոնե առայժմ որակական փոփոխությունների ականատես չենք դառնում արտաքին քաղաքականության մեջ

mak

Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին, որը Ռուսաստանին կոչ է անում դուրս հանել իր զորքերը Մերձդնեստրից:

Չպարտավորեցնող բանաձևն ընդունվել է հունիսի 22-ին՝ 64 կողմ ձայնով: Դեմ է քվեարկել 15 երկիր, 83-ը ձեռնպահ է մնացել:

Հայաստանը 15 երկրներից մեկն է եղել, որ դեմ է քվեարկել Ռուսաստանին Մոլդովայի անջատողական շրջանից զորքերը «առանց նախապայմանների և անհապաղ» դուրս հանելու կոչ անող բանաձևին:

Դեմ քվեարկած երկրների թվում են նաև Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը, Սիրիան և Հյուսիսային Կորեան:

Թավշյա հեղափոխությունն արմատապես ու որակապես փոխել է Հայաստանը. ամենակարևորը` փոխվել է իշխանության էությունը:

Սակայն գոնե առայժմ որակական փոփոխությունների ականատես չենք դառնում արտաքին քաղաքականության մեջ:

Խոսքն, անշուշտ, չի վերաբերում վեկտորալ փոփոխություններին կամ շրջադարձերին, որոնք իրապես կարող էին ռիսկեր ծնել Հայաստանի անվտանգության համար:

Որևէ մագիստրալ քաղաքական ուժ չի դնում ԵՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամությունը չեղարկելու պահանջ, բայց նոր իրավիճակում առնվազն իրավունք ունենք ակնկալել, որ Հայաստանը կայացնի ինքնաբավ, սուվերեն որոշումներ` միջազգային կառույցներում չմնալով Ռուսաստանի ստվերի տակ:

Այս առումով Հայաստանի երեկվա քվեարկությունը ՄԱԿ-ում, մեղմ ասած, հիասթափեցնող է:

Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները որևէ կերպ չեն կարող մեր երկրի «դեմ» քվեարկությունը մոտիվացնել ինքնորոշման սկզբունքին համերաշխություն հայտնելու անհրաժեշտությամբ: Փաստաթղթում որևէ հիշատակում չկա Մերձդնեստրի ինքնորոշման իրավունքի մասին:

Բացի այդ` ԼՂ խնդիրը ունիկալ է և սկզբունքորեն տարբերվում է հետխորհրդային բոլոր հակամարտություններից և Արցախի միջազգային ճանաչման գործընթացը նույնիսկ էապես տուժելու է, եթե ԼՂՀ-ն նույն հարթության վրա դրվի Աբխազիայի, Հարավային Օսեթիայի   կամ Մերձդնեստրի հետ:

Խնդիրն ունի ավելի վտանգավոր ենթատեքստ. եթե Հայաստանը լեգիտիմացնում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Մերձդնեստրում, ապա առնվազն նման հեռանկարի հնարավորություն է ստեղծում Արցախի մասով, ինչը հայկական կողմի համար հղի է անկանխատեսելի ու վտանգավոր հետևանքներով:

Հակված ենք կարծելու, որ ՄԱԿ-ում Հայաստանի երեկվա քվեարկությունն ավելի շատ իներցիայի, քան մշակված քաղաքականության հետևանք է: Հակառակ պարագայում` դժվար է բացատրել, որ հանուն Մոսկվայի որևէ երկիր կուզենա նույն շարքում հայտնվել Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Բելառուսի հետ:

Նման հարցերում Հայաստանը պետք է կարողանա հնարավորինս չեզոք կեցվածք ընդունելդաշնակից Ռուսաստանի շահերը չվնասելու, մյուս կողմից Մոսկվայի ստվերում չմնալու համար:

Spread the love