Գործող ու լուսանցք մղված ուժերի համար լավ հնարավորություն է ստեղծվել ամենատարբեր հարցերը «հայրենասիրական մղումներով» բարձրացնելը

Կառավարության հերթական նիստում պաշտոնազրկվել են ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզպետները, փոխարինվելով նոր կադրերով: Համաձայն վարչապետի՝ առաջիկա օրերին կփոխվեն մյուս մարզպետները ևս: Ի վերջո հեղափոխական շունչը կհասնի մարզեր, նաև գյուղ:

Բայց մինչ այդ և այս ընթացքում, թե՛ նորանշանակ մարզպետները և առավել ևս նախարարները լուրջ անելիքներ ունեն: Թիմի երիտասարդ լինելը առավելություն է, բայց անփորձությունը վտանգի տարրեր է պարունակում, որովհետև այս ընթացքում կարող են նաև անցանկալի զարգացումներ ընթանալ: Խոսքը վերաբերում է մասնավորապես տարածքային կառավարման ոլորտին:

Անկախ ամեն ինչից պետք է ընդունենք, որ հին թիմի անդամները, հատկապես մարզերում, բավականին հզոր են, լուրջ ռեսուրսների են տիրապետում, որ ինչ-որ պահի կարող են օգտագործել: Ընդ որում դա սպասելի է ոչ միայն հին թիմից, այլև Փաշինյանի այսօրվա «դաշնակիցներից»: Հատկապես որ բազում սկզբունքային հարցերում մոտեցումները բոլորովին տարբեր են: Մյուս կողմից էլ բոլոր սկզբունքային հարցերում չի, որ Նիկոլ Փաշինյանի թիմն ունի վերջնականապես հստակեցված մոտեցումներ: Դատելով տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի դատողություններից, այս փուլում Փաշինյանի կառավարությունը դեռևս վերջնականապես չի հստակեցրել իր վերաբերմունքը համայնքների խոշորացման հարցերին: Երևանից դուրս հանրապետության ամբողջ բնակչությունը, կամա թե ակամա, առնչվում է այդ գործընթացին, ներգրավված է դրանում ու բոլորվին անտարբեր չէ այդ զարգացումների նկատմամբ: Մինչդեռ տարածքային կառավարման նախարարն այդ հարցի վերաբերյալ բավականին անհստակ ու հակասական է արտահայտվում արդեն որերորդ անգամ. «Խոշորացումը կատարվել է արհեստականորեն միավորելով համայնքները»: «18 համայնքներ միավորվել են հանրային համաձայնության պայմաններում: Սրանց արդյունքները բավականին հուսադրող են»: «Շփումների արդյունքում կհասկանանք խնդիրը:

Հայաստանում այլևս չեն լինի այնպիսի միավորված համայնքներ, որոնք կատարվել են առանց հանրային լսումների, առանց մարդկանց համաձայնության, առանց մեծամասնության ցանկության: Սա պետք է լինի սկզբունք»: «Չեմ բացառում, որ որոշ խոշորացված համայնքներ կվերանայվեն: Համայնքների խոշորացում կլինի, բայց պայմանավորված համապատասխան ընտրություններով, հավանաբար դրանք տեղի կունենան ավելի ուշ: Իրականում միավորումը պետք է լինի հանրության հետ զրույցի միջոցով: Այսուհետ ոչ մի միավորում չի լինելու, եթե համայնքը դրան դեմ է»: Նախարարի խոսքերից այդպես էլ չի հասկացվում, թե գործող կառավարության այս ոլորտի պատասխանատուի համար համայնքների հետագա՞ զարգացման խոշորացված տարբերակն է նախընտրելի, թե՞ սկզբնականը: Միաժամանակ երկուսի առկայությունը կառավարման տեսակետից գրեթե անհնարին է, չնայած, ոչինչ բացառել պետք չէ: Առաջին հայացքից նույնիսկ պարզունակ թվացող այս խնդիրը խորքային բազում ծալքեր ունի, որ հետագայում լուրջ ազդեցություն են ունենալու թե՛ համայնքների, թե՛ տարածքային կառավարման ու գյուղատնտեսության և, ի վերջո, ամբողջ տնտեսության ու երկրի կառավարման արդյունավետության վրա:

90-ականներին, մարզերի ձևավորման ժամանակ համայնքների խոշորացման վերաբերյալ որոշ քննարկումներ եղան, բայց կիսատ մնացին: Մինչդեռ այն ժամանակ մի շարք ճանաչված տնտեսագետներ պնդում էին, որ դեռ 50-ականներին տեղի ունեցած որոշ համայնքների խոշորացման բացասական ազդեցությունը զգացվել է անգամ տասնամյակներ անց: Որքան էլ անհավանական է թվում, այդուհանդերձ, նույնիսկ այսօր Արարատյան դաշտի գյուղերում դեպքեր կան, երբ երկու դրկից, հարևան համայնքներ գրեթե իրար աղջիկ չեն տալիս, իրարից աղջիկ չեն առնում: 30-ականների սկզբներին, կոլեկտիվացման տարիներին միավորված գյուղի բնակիչներն առ այսօր տարբերակում են, թե ով որ գյուղից է: Այդքանով հանդերձ, տվյալ պահին հարցի էությունը համայնքների խոշորացման գործընթացի շարունակության կամ դադարեցման մեջ չէ, չնայած, որ եթե նախարարը հայտարարում է, որ խոշորացումը պետք է լինի միմիայն կամավորության սկզբունքով, կհետևի, որ այն չի լինելու: Ի՞նչ է լինելու այդ դեպքում հաջող միավորված համայնքների հետ: Իսկ տվյալ փուլում հարցի էությունը երիտասարդ թիմի ընդհանուր սկզբունք ձևավորելու, այն հստակեցնելու և թիմի սեփականությունը դարձնելու մեջ է:

Եթե նախարարն այս հարցի հետ կապված հաճախակի ինքն իրեն հակասում է, ապա հավանականությունը մեծ է, որ նորանշանակ, անփորձ մարզպետները կարող են հարցի հետ կապված ավելի հակասական ու կառավարության համար անընդունելի հայտարարություններ անելով խնդիրներ ստեղծել: Հետևաբար, անհրաժեշտություն է, որ նման առանցքային հարցերի առնչությամբ կառավարությունը իր համար հստակեցումներ մտցնի ու դրանք ընկալելի դարձնի մարզպետներին: Այլապես գործող ու լուսանցք մղված ուժերի համար լավ հնարավորություն է ստեղծվել ամենատարբեր հարցերը «հայրենասիրական մղումներով» բարձրացնելով, շահարկելով վերադառնալ քաղաքական դաշտ: Օրերս ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենք նախաձեռնում են զանգվածային գործընթաց, հանրաքվե՝ համայնքների խոշորացման դեմ:

Հասկանալի է, որ ՕԵԿ-ը, Արթուր Բաղդասարյանը վաղուց չունեն այն հեղինակությունը, որ ի վիճակի լինեն մարդկանց փողոց հանելու, բայց ընդունենք նաև, որ համայնքների կամայական խոշորացման հետևանքով բազում դժգոհություններ կան ու արթուրբաղդասարյանները բավականին փորձառու են մարդկանց մոտ «հայրենասիրական նպատակներով» խմորումներ ձևավորելու համար: Հատկապես, որ որոշ հստակեցումներից հետո խոշորացումից դժգոհ գյուղերն ու գյուղացիները ինքնաբերաբար այդ հարցերին անդրադառնալու են: Չի բացառվում, որ բաղդասարյանները արհեստականորեն արագացնեն այդ զարգացումները: Հետևաբար, կառավարությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումները, որքան էլ, որ պարոն Պապիկյանը մտածում է այդ հարցերին անդրադառնալ համապետական ընտրություններից հետո:

Spread the love