Երեկվա ընտրությունները բացահայտեցին քաղաքական մի իրողություն

- in Ընտրություններ
Yntrutyun

Երեկ ՏԻՄ հերթական ընտրություններ էին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում: Սրանք առաջին ընտրություններն էին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, և մի շարք գործոններ խոսում են այն մասին, որ ընտրակաշառքը և վարչական ռեսուրսը դրանցում որոշիչ դեր չեն ունեցել:

Թերևս դա է եղել պատճառը, որ գործող գյուղապետերից շատերը ինքնաառաջադրվել էին՝ գերադասելով հնարավորինս սահմանազատվել կուսակցությունից, որը երկու տասնամյակ ասոցացվել է ընտրակեղծարարության հետ:

Երեկվա ՏԻՄ ընտրությունների կարևոր առանձնահատկությունն այն էր, որ դրանք դադարել են լինել գործող գյուղապետերի վերարտադրության մեխանիկական միջոցառում: Այլ խոսքով՝ վերջապես Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ, որոնց ընթացքում գործող համայնքապետերը պարտվում են, իսկ դա լավագույն ապացույցն է, որ ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսն այլևս որոշիչ չեն:

Սակայն ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Երևանից այլևս չեն միջամտում մունիցիպալ ընտրություններին՝ տեղերում խրախուսելով մրցակցությունը և նպաստելով ընտրական կոռուպցիոն բուրգի կազմաքանդմանը: Նիկոլ Փաշինյանի կուսակցության միակ թեկնածուն Արարատի մարզի Այգեզարդ համայնքում պարտվել է՝ չնայած այն հանգամանքին, որ վայելում էր իր կուսակից մարզպետի աջակցությունը: Սա թերևս երեկվա ընտրությունների ամենակարևոր քաղաքական արդյունքն է. Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որի համար առաջնահերթությունը ոչ թե իր վերարտադրությունն է կամ իշխող կուսակցության թեկնածուների անվերապահ հաղթանակը, այլ ընտրությունների որակը: Սա խիստ էական հանգամանք է սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում, որոնք պետք է դառնան հեղափոխության վերջնական հանգրվանը, կապիտալացնեն նրա արդյունքները:

Մյուս կողմից՝ երեկվա ընտրությունները բացահայտեցին քաղաքական մի իրողություն, որն առնվազն պետք է մտահոգի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի թիմին ու մյուս բոլոր կուսակցություններին, ովքեր հավակնություններ ունեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում: ՀՀԿ-ի ֆիասկոյից հետո մարզերում ընտրաթիմ ունի միայն ԲՀԿ-ն, որը երեկ ամենաարդյունավետն օգտագործեց ստեղծված իրավիճակը՝ հաղթանակ տանելով մի շարք համայնքներում:

Հիմա, երբ ընտրական գործընթացը ազատվել է քաղաքական կոռուպցիայի կապանքներից, կուսակցությունները վերջապես պետք է դուրս գան Երևանի գրասենյակներից՝ օգտագործելով մասնակցային դեմոկրատիայի բոլոր գործիքները: Հակառակ պարագայում նոր Հայաստանը կմնա հռչակագրի մակարդակում, իսկ դրա ստեղծած բարենպաստ ինստիտուցիոնալ միջավայրը կօգտագործեն այն ուժերը, որոնք, մեղմ ասած, չեն ասոցացվում ո՛չ դեմոկրատիայի, ոչ էլ ժողովրդավարության հետ:

Spread the love