«Զավակ է կորցրել ամբողջ ժողովուրդը․․․». «դոդիկ» բառի պատճառով ուսանողի սպանության գործով թեժ զարգացումներ են

Mard

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Չատիկյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 11-ին Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Կարեն Չատիկյանը դանակով հարվածել է Ռաֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով անչափահաս Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վահե Մուրադյանին դիտավորությամբ զրկել է կյանքից:

Ըստ մեղադրանքի՝ գործով տուժողներ Ռաֆի Մարտիրոսյանը, Վահե Մուրադյանը, ինչպես նաև գործով վկա մի քանի երիտասարդներ միասին սովորել են Երևանի Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել են պետհամալսարանի տարբեր ֆակուլտետներ, մասնավորապես՝ Մարտիրոսյանն ու Մուրադյանն ընդունվել են տեղեկատվական անվտանգության ֆակուլտետ, նրանց ընկերները՝ կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետներ:

Նրանցից ոմանք մասնակցել են օլիմպիադաների, ստացել են մրցանակներ:

Մասնավորապես՝ Ռաֆի Մարտիրոսյանը հերթական օլիմպիադայում մրցանակ է շահել՝ նրան տրվել է «Բուկինիստ» գրախանութի նվեր-քարտ՝ 10 հազար դրամ գումարով, որով Մարտիրոսյանը կարող էր մասնագիտական և այլ գրականություն գնել:

Երբ նախկին դասընկեր-ներկա ուսանողները հանդիպել են պետհամալսարանում, Մարտիրոսյանը ստացած մրցանակի վերաբերյալ աղջիկներին ասել է, թե նրանց կուրսեցի «դոդիկներին» քարտը կվաճառի 5 հազար դրամով՝ իրենք գրքերը թող վերցնեն, ինձ գումարը տան:

Հիշյալ արտահայտությունը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորող տղաներից մեկը հայտնել է իր համակուրսեցիներին, որոնցից Կարեն Չատիկյանը առանձնահատուկ վիրավորվել ու ցանկացել է պարզաբանում ստանալ նման արտահայտություն անողից:

Հանդիպումը նշանակվել է Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող բացօթյա տաղավարում 2017 թվականի հունվարի 11-ին, ժամը 14-ի սահմաններում:

Ըստ մեղադրանքի՝ այս հանդիպմանը Կարեն Չատիկյանը գնացել է՝ հետը վերցնելով «թիթեռնիկ» տեսակի դանակ:

Հանդիպման ընթացքում տղաների միջև առաջացել են վեճ ու քաշքշուկ, ապա նրանք սկսել են հարվածել միմյանց, Կարեն Չատիկյանն էլ իր մոտ եղած դանակով մահացու հարվածներ է հասցրել Վահե Մուրադյանին՝ վնասելով նրա սիրտը, թոքը, ու միջին ծանրության վնաս է պատճառել Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը:

Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանը հասել է կողմերի վիճաբանությունների փուլին:

Դատական նիստի սկզբում ամբաստանյալ Կարեն Չատիկյանի շահերի պաշտպան, փաստաբան Ե. Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով՝ ճիշտ է, ամբաստանյալը ամբողջությամբ չի ընդունում տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը՝ 4 միլիոն դրամը, նախորդ նիստին իրենք հայտարարել էին, որ ընդունում են պատճառված վնասի հատուցում՝ 1 միլիոն դրամի չափով, բայց այժմ վերանայել են իրենց դիրքորոշումն ու պատրաստ են դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել 1 միլիոն 500 հազար դրամ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պատասխան հայտարարության մեջ նշեց, որ իր վստահորդը, ով այս նիստին ներկա չէր, չի վերանայելու արդեն ներկայացված քաղհայցի պահանջը՝ 4 միլիոն դրամի չափով, իրենց պատճառված վնասի մաս-մաս հատուցմանը նա դեմ է:

Մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա ընդգծեց, որ ամբաստանյալն ու երկու տուժողները, որպես նույն բուհի ուսանողներ, ճանաչել են իրար, նախկինում թշնամական հարաբերություններ չեն ունեցել:

Դատարանում ամբաստանյալն ընդունել է, որ տուժող Վահե Մուրադյանն իր հարվածից է մահացել, բայց ամբաստանյալը պնդել է, թե Վահեին սպանելու մտադրություն չի ունեցել:

Մեղադրողը նշեց, որ նախաքննական ցուցմունքներում, պաշտպանի ներկայությամբ հարցաքննվելով՝ Կարեն Չատիկյանը չի ասել, թե տաղավարում առաջացած կռվի ժամանակ Վահեն բռնել է իր պարանոցից, փորձել է խեղդել, ինքն էլ ստիպված է եղել դանակ հանել ու դանակը անկանոն թափահարելով՝ ցանկացել է պաշտպանվել: Ամբաստանյալը դատարանում ասել է, թե դանակը «թափահարել է» հիմնականում իրեն ծեծողների ոտքերի ուղղությամբ՝ միայն ցանկանալով ազատվել նրանցից:

Մեղադրողն ասաց, թե դատարանում նոր վարկած ներկայացնելով՝ ամբաստանյալը արհեստական ապացույց է ստեղծում ՝ ցանկանալով իր գործողությունները ներկայացնել որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված գործողություններ:

Երբ ամբաստանյալին հարցրել են՝ ինչո՞ւ իրեն խեղդելու մասին չի հայտնել նախաքննական ցուցմունքներում, Կարեն Չատիկյանը, ըստ մեղադրողի, տվել է անհամոզիչ պատասխան՝ իբր չի ցանկացել դրա մասին հայտնել: Բայց եթե նման բան իրականում կատարված լիներ, ամբաստանյալն առաջին հերթին դա կհայտներ, քանի որ որպես գիտակից մարդ՝ կհասկանար, որ այդ հանգամանքը հօգուտ իրեն է:

Մեղադրողը հիշատակեց, որ Վահեի կողմից իրեն «խեղդելու» մասին Կարեն Չատիկյանը չի հայտնել նաև իր մասնակցությամբ դեպքի վայրի զննության ժամանակ:

Այն, որ Չատիկյանի կողմից տուժողներին նպատակաուղղված հարվածներ են հասցվել, ոչ թե դանակն է պատահաբար դիպել՝ թափահարելու ժամանակ, հաստատվում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, որտեղ փորձագետը եզրակացրել է, որ հարվածները հասցվել են Վահե Մուրադյանի կենսական կարևոր օրգանի՝ սրտի շրջանին՝որոշակի ուժի ներգործությամբ:

Մեղադրող Չախոյանը նշեց, որ վկաները՝ ինչպես Վահե Մուրադյանի, այնպես էլ Կարեն Չատիկյանի կողմնակիցները, նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում չեն նշել, որ կռվի ժամանակ Վահեն փորձել է «խեղդել» Կարենին:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Կարեն Չատիկյանը ճանաչվել է մեղսունակ:

Մեղադրող Չախոյանն անդրադարձավ ամբաստանյալի վարկածին՝ հարվածների պահին անհրաժեշտ պաշտպանության վիճակում գտնվելուն, և նշեց, որ գործով ձեռք բերված որևէ ապացույցով չի հաստատվում, թե Կարեն Չատիկյանի կյանքին ու առողջությանը տուժողների կողմից իրական վտանգ էր սպառնում:

Ըստ մեղադրողի՝ գործի քննությամբ պարզվել է՝ Կարեն Չատիկյանը պարզապես գործել է՝ վիրավորված լինելով «դոդիկ» արտահայտությունից, այդ արտահայտությունն էլ արել էր ոչ թե Վահեն, այլ Ռաֆին: Ըստ գործի քննությամբ պարզված հանգամանքների՝ Կարեն Չատիկյանն ինքն է նախաձեռնել հանդիպումն ու պարզաբանումը, կռվել է, դանակ է հանել, տուժողը, նրա ձեռքին դանակ տեսնելով, ցանկացել է խլել այն, բայց չի կարողացել: Կարեն Չատիկյանը դանակով մահացու վնասվածք է հասցրել Վահեին, ոտքի շրջանում վնասել է Ռաֆիին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, և իր գործողությունները դադարեցրել է անծանոթ անցորդի դիտողությունից հետո՝ անմիջապես դիմելով փախուստի:

Հանդիպման ու պարզաբանման նախաձեռնող լինելը, դանակն իր հետ պարզաբանման տանելը, դանակով հասցված հարվածների ուժգնությունն ու տեղակայումը, ըստ մեղադրողի, ապացուցում են, որ Կարեն Չատիկյանը գործել է Վահե Մուրադյանին կյանքից զրկելու և Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու ուղղակի դիտավորությամբ:

Մեղադրողը միջնորդեց Կարեն Չատիկյանին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքների համար, վերջին հաշվով դատապարտել 11 տարի 6 ամիս ազատազրկման:

Տուժող Ռաֆի Մարտիրոսյանի օրինական ներկայացուցիչը նախ ասաց, թե իր վստահորդ տուժողի անունից մեկ անգամ ևս հայտարարում է, որ նա ամբաստանյալի հետ չի հաշտվում:

Տուժողի օրինական ներկայացուցիչը շեշտեց՝ գործ ունենք ամբաստանյալի կողմից իր «կեղծ լիդերությունն ընդգծելու հանգամանքի հետ»: Ամբաստանյալը դեպքի պահին դանակի հարվածներ հասցնելով՝ չի պաշտպանվել, նա օգտագործել է չնչին առիթը՝ իր «կազմակերպական հարցերը լուծելու համար»: Նա ուրիշների փոխարեն պատասխանատվության է կանչել տղաներին՝ անհասցե ասված «դոդիկ» արտահայտության համար: Այդ արտահայտությունն անողը վստահեցրել է, որ կոնկրետ անձի, այդ թվում՝ Կարեն Չատիկյանին նկատի չի ունեցել: Կարեն Չատիկյանը կարող էր բավարարվել այդքանով, սակայն նա շարունակել է իր գործողությունները, որոնք բերել են ցավալի ավարտի:

Տուժողի օրինական ներկայացուցիչը միջնորդեց կատարված արարքներին համաչափ խիստ պատիժ սահմանել, որպեսզի հնարավոր լինի հասնել պատժի նպատակներին:

Սպանված Վահե Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչը նախ իր վստահորդի և իր՝ որպես իրավաբանի դիրքորոշումը հայտնեց, թե ի սկզբանե նախաքննական մարմինը սխալ է որակել Կարեն Չատիկյանի արարքը, նա պետք է մեղադրվեր ոչ թե պարզապես դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այլ՝ ծանրացուցիչ հանգամանքներում՝ խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ հասկանում է՝ դատարանը չի կարող խստացնել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, մեղադրող դատախազն էլ նշեց, որ մտադիր չէ փոխել մեղադրանքը:

Այնուամենայնիվ, ցույց տալու համար, որ սպանությունը կատարվել է չնչին առիթով ու խուլիգանական դրդումներով՝տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ Կարեն Չատիկյանը որևէ պատճառ չուներ Վահե Մուրադյանին կյանքից զրկելու համար: «Դոդիկ» բառի պատճառով Չատիկյանի կուրսի տղաներից ոչ մեկը անձնապես վիրավորված չէր, ոչ ոք միջոցներ չի ձեռնարկել «դոդիկ» արտահայտությունն անողի հետ պարզաբանում կատարելու: Միայն Կարեն Չատիկյանն է իրեն խորապես վիրավորված համարել, նա փորձել է գտնել Ռաֆիի հեռախոսի համարը, չի գտել, հետո գտել է Վահեի հեռախոսահամարը, կազմակերպել է հանդիպումը:

Կարենի համակուրսեցի տղաները՝ գործով վկաները, նշել են, որ գնում էին միայն խոսելու, տղաներից ոչ մեկը նման հետևանք չէր ակնկալում: Բայց արի ու տես՝ ամբաստանյալն ակնկալում էր նման հետևանք: Նա կուրսի բոլոր տղաների անունից օդում ասված «դոդիկ» բառի համար պարզաբանում է պահանջել, ամբողջ գործողությունն ինքն է կազմակերպել ու ղեկավարել և հանդիպման է գնացել «պատրաստված»՝ դանակով: Նա է համակուրսեցիներին ասել՝ ով է իր հետ գնում պարզաբանման, ով է սպասում կամարամուտքի մոտ: Ոչ մեկը նրան չի առարկել, նրան ենթարկվել են: Նրա հետ գնացած տղաները գիտեին, որ Կարենի մոտ դանակ կա այդ օրը, նրանք խնդրել ու պահանջել են դանակը տալ իրենց, բայց Չատիկյանը չի տվել, քանի որ նա կանխատեսել է հնարավոր հետևանքները:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը Կարեն Չատիկյանի առաջ քաշած վարկածը «բեմադրված վարկած» անվանեց, նշեց, որ այն չի հաստատվում գործով ձեռք բերված որևէ ապացույցով: Գործով վկաներից ոչ ոք, այդ թվում՝ Չատիկյանի ընկերները, չեն ասել, թե Չատիկյանին տեսել են կռացած, թե Վահեն փորձում էր խեղդել նրան: Ասել են, թե Կարենն ու Վահեն փաթաթված էին, և դա այդպես է եղել, քանի որ Կարենը հարվածել է Վահեի սրտին:

Կարենը, ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի, լավ հասկացել է, թե Վահեի մարմնի որ մասին հարվածեց, ու ինչ կարող է լինել այդ հարվածից՝ ահա թե ինչու նա հարվածից անմիջապես հետո դիմել է փախուստի և այնքան է շտապել, որ կամարամուտքում սպասող ընկերների հարցերին չի պատասխանել: Կարճատև վեճի ընթացքում Կարեն Չատիկյանը չէր կարող հասնել այնպիսի վիճակի, որ պաշտպանության այլ միջոց չունենար՝ դանակի շեշտակի հարվածներ հասցնելուց բացի:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը շեշտեց՝ Կարեն Չատիկյանը կյանքից զրկել է բացառիկ օժտվածություն ունեցող, տաղանդավոր մի տղայի: «Առաջին անգամ իմ երկարատև դատական պրակտիկայում Վահե Մուրադյանի վերաբերյալ տրվել են բնութագրեր, որոնք վերջանում են ցավակցություններով ու ափսոսանքով:

«Սիմոնյան» կրթական հիմնադրամը Վահե Մուրադյանի բնութագիրն ավարտել է ցավակացական ու ափսոսանքի բառերով: Բնութագրում նշված է՝ Վահե Մուրադյանը «Թումոյի» ուսանողի վառ օրինակ է, Եվրոմիության կազմակերպած ծրագրի մասնակից էր՝ 14 հոգուց բաղկացած խմբի գլխավոր կարգավորողն էր: Խումբն աշխատում էր էլեկտրոնային խաղի մշակման վրա՝ այդ խաղով եիտասարդությանը պետք է իրազեկեին կոռուպցիայի դեմ պայքարի առանձնահատկությունների մասին: Բնութագրում ասված է, որ Վահե Մուրադյանը տաղանդավոր էր, նրա ներդրումն արժեքավոր էր, «Թումոյի» թիմը զգում է նրա կարիքը և որոշել է նախագիծը կոչել Վահե Մուրադյանի անունով:

Ֆիզմաթ դպրոցից տրված բնութագրում դրական խոսքերի հետ միասին տեղ են գտել նաև ափսոսանքի խոսքեր, որ Վահե Մուրադյանը չհասցրեց իր տաղանդը դրսևորել:

Պետական համալսարանից տրված բնութագրում նշված է, որ Վահե Մուրադյանն անվճար հիմունքներով սովորում էր տեղեկատվության անվտանգության մասնագիտությամբ: Նա համեստ էր, խելացի, տաղանդավոր: Բնութագրում ասված է. «Ոչ միայն ընտանիքն է զավակ կորցրել, զավակ է կորցրել ամբողջ ժողովուրդը»:

Տուժողի իրավահաջորդն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջեցին, որ դատարանը խստագույն պատիժ սահմանի Կարեն Չատիկյանի նկատմամբ, մանավանդ, ըստ տուժող կողմի, այդպես էլ չզգացվեց, որ նա զղջում է կատարածի համար…

Ամբաստանյալի շահերի պաշտպանն ու ամբաստանյալը պաշտպանական ճառով հանդես կգան հաջորդ նիստում:

Spread the love