Նոր սենսացիոն բացահայտումներ են լինելու, սակայն նշեմ, որ ԱԱԾ–ն ռեպրեսիվ մարմին չէ, ռեպրեսիաներով ԱԱԾ–ն չի զբաղվում, եւ ես դա թույլ չեմ տա, որ երբևէ զբաղվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօերն Արթուր Վանեցյանը։

Նա նաև նշեց, որ, եթե չլինեին Էջմիածնի դեպքերը, իրենք օպերատիվ գործողություններ իրականացնելու էին, քանի որ ինֆորմացիա ունեին։

Նա նաև նշեց, որ այլ անձանց, այլ բարձրաստիճան զինվորականների տներում ստուգումներ չեն լինելու, քանի դեռ չկան ստույգ փաստեր եւ տվյալներ։ «Եթե առկա լինեն անհրաժետ փաստերը, ապա կլինեն դա բարձրաստիճան պաշտոնյաներ կամ շարքային քաղաքացիներ՝ կարժանանան նույն վերաբերմունքին։ Մենք երբեւիցե չենք գնում որևէ տեղ առանց օպերատիվ տվյալների, որոնց իսկությունը մեզ մոտ կասկած է հարուցում։ Մենք նախօրոք ենք ճշտում ամեն ինչը, և եթե ԱԱԾ–ն սկսում է գործել՝ նշանակում է այդ գործը ունենալու է միանշանակ դատական վախճան։ Մենք հենց այնպես գործողություն չենք իրականացնում»,– ասաց Վանեցյանը։

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է և ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կապ ունեն այս գործի հետ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի:

«Առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն: Այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է գումարները վատնելուն, տվյալ անձը կարող է վճարել այդ գումարներն և ազատվել քրեական պատասխանատվությունից ըստ քրեական օրենսգրքի, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կապված այս բացահայտումները չեն դասվում այդ շարքին: ԱԱԾ-ն իր անելիքն արել է, և մենք միշտ պատրաստ ենք աջակցել քննությանը»,- ասաց նա։ Հարցին՝ տեղյակ էր ԱԱԾ-ն յուրացման մասին, թե միայն տեղեկություն ուներ զենքի մասին, Վանեցյանն ասաց. «Չեմ ցանկանում մեր քննության օպերատիվ մասն ամբողջությամբ բացահայտել, իհարկե, տեղյակ էինք»։

Նա նաև նշեց, որ քննության ընթացքը ցույց կտա՝ արդյոք պատասխանատվության կենթարկվեն Մանվել Գրիգորյանի «հովանավորները»։

«Ես ենթադրություններով ու տրամաբանությամբ չեմ խոսում, խոսում եմ միայն փաստերով։ Փաստն այսօր ունենք, արձանագրել ենք»,- նշեց Վանեցյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...