Զոհրաբ Մնացականյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Հայաստանը չի արել և չի անելու որևէ բան, որը վնասում է իր շահերին: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին:

«Գիտեք, Հայաստանի կողմից բավական մեծ քաղաքական դիվանագիտական ներդրում էր կատարվել այս ուղղությամբ, որը ոչ մեր պատճառով, Թուրքիայի պատճառով խափանվեց, ինչը չափազանց մեծ վնաս բերեց այս հարցի հանգուցալուծմանը: Ներկա դրությամբ, եթե սխալվում եմ՝ ուղղեք ինձ, ես չեմ լսել որևէ հայտարարություն, որը հուսադրիչ լինի, որ մենք կարող ենք որևէ հիմքեր ունենալ ենթադրելու, որ կա պատրաստակամություն մյուս կողմից: Մենք եղել և մնացել ենք այն սկզբունքների մեջ, որ մենք պատրաստ ենք ունենալ բարիդրացիական հարաբերություններ հարևանի հետ, ի վերջո աշխարհագրությունը չի փոխվում, առանց նախապայմանների, բայց նաև շատ լավ հստակ գիտենք, որ կան իրողություններ: Մենք չենք անում դա ի վնաս մեր շահերի և պատրաստ չենք դա անելու ի վնաս մեր շահերի»,- ասել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ այն, ինչ Հայաստանն ասում է, բխում է բոլորի շահերից, և բխում է տարածաշրջանի կայունության շահերից, բայց պատրաստ չէ և երբևէ պատրաստ չի եղել անելու դա ի վնաս իր շահերի:

«Բանաձևը բարիդրացիական հարաբերություններն են հարևանի հետ տարածաշրջանի կայունության համար՝ ի շահ բոլոր հարևանների, բոլոր անդամների այս տարածաշրջանում, բայց ոչ ի վնաս մեր շահերի: Մենք չենք արել և չենք անելու որևէ բան, որը վնասում է մեր շահերին: Եվ վստահ եմ, որ դուք հասկանում եք, որ այդ շահերի մեջ ունենք որոշ գործոններ, որոնք շատ սկզբունքային են, շատ կարևոր են մեզ համար: Եվ կան որոշ հարցեր, որոնք մենք առաջ չենք բերել որպես նախապայման մեր հարաբերությունների բարելավման համար»,-նշել է նախարարը:

Spread the love