Թավշյա հեղափոխության ԲՈՒՀ-ական փրփուրները

- in Կրթություն
Հեղափոխական գործընթացները քաղաքական դաշտից տեղափոխվում են բուհեր:Սա ինչ որ իմաստով բնական է, որովհտև բուհական համակարգը, որպես պետական և հանրային կյանքի կարևոր օղակ, ամենևին զերծ չի եղել նախորդ վարչախմբերի ազդեցությունից և նրանց պարտադրած խաղի կանոններից:
Վաղուց արմատներ նետած ներբուհական կոռուպցիան, բարձրագույն կրթական հաստատությունների համատարած ՀՀԿ-ականացումը,արատավոր երևույթների առաջնային, բայց ամենևին էլ ոչ միակ դրսևորումներն էին, որոնց դեմ էլ այսօր արդարացիորեն ընդվզում են ուսանողությունը և այդ երևույթների հետ առանձնապես առնչություն չունեցող դասախոսական անձնակազմը:

Երևանի պետական համալսարանը այդ առումով էլ առաջամարտիկ բուհերի շարքում է: Անցած օրերին բոլորս ականատես եղանք ԵՊՀ ռեկտորի հրաժարականը պահանջող ակտիվ ուսանողական գործողություններին, ինչը միանգամայն տրամաբանական է ու ոգևորիչ, եթե նկատի ունենանք, որ անցնող տարիներին մայր բուհը, ցավոք, նույնպես զերծ չի եղել վարչախմբի կառավարմանը բնորոշ բոլոր արատներից:

Ինչպես առայժմ գործող ռեկտորն, այնպես էլ իր թիմն ամբողջովին օրթոդոքս ՀՀԿ-ական կողմնորոշում ունեին, ինչը ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բայց հետաքրքիրն այն է, որ հեղափոխական ալիքի առաջացրած փոփոխությունների գործընթացից փորձում են օգտվել նաև նախորդ վարչախմբերի փորձառու ծառաները: Ոչ միայն օգտվել, այլև հեղափոխության աջակիցների անվան տակ նոր դիրքեր ու հնարավորություններ ձեռք գցել:

Մասնավորապես ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում առաջիկայում դեկանի նոր ընտրություններ են տեղի ունենալու և ի թիվս այլ թեկնածուների, դեկան դառնալու հայտ է ներկայացրել Մ.Միքայելյանը: Լրատվական կայքերից մեկում հրապարակված իր հարցազրույցում վերջինս իբր անարգանքի սյունին է գամում համալսարանական կյանքում առկա արատավոր բարքերն ու հոռի երևույթները, հանդես գալիս հեղափոխության համախոհի դիրքերից:

Անտեղյակ ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել թե Մ.Միքայելյանը նախորդ ողջ գիտակցական կյանքն անցկացրել է կոռուպցիայի դեմ պայքարի բովում, քննադատել ու ակտիվ հանրային պայքար մղել նախորդ վարչախմբի և նրա սպասարկու ԵՊՀ ղեկավարության դեմ:

Մի խոսքով, ևս մեկ-երկու բարձրագոչ բառակապակցություն կամ ինչպես նկարիչներն են ասում՝ վրձնի վարպետ հարված և Մ.Միքայելյանին կարելի է հռչակել համարյա իրավապաշտպան կամ խղճի բանտարկյալ ու ներկայացնել Նոբելյան մրցանակի:

Բայց հին ժողովրդական առածն ասում է՝ «մախաթ ասեղը պարկում չես պահի»: Այդ ասեղը վատ սովորություն ունի՝ մտնել այնտեղ, ուր սովորաբար մտնում է: Կամ ինչպես հայտնի ֆիլմում ասում էր թուրքահպատակի որդի մեծն կոմբինատորը, եթե մի կողմ տանենք քողը, ապա ակնհայտ է դառնում, որ Մ.Միքայելյանի իրական կենսագրությունը ամենևին էլ հեղափոխական չէ և չի համապատասխանում նրա այսօրվա զեղումներին:

Մասնավորապես նույն Մ.Միքայելյանը 2011-16 թվականներին եղել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի, Տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ: Այսինքն, այն արատավոր և հոռի բարքերի մթնոլորտում, երբ ամբողջ ԵՊՀ-ն գտնվում էր իշխող կուսակցություն ՀՀԿ-ի մանրազնին հսկողության տակ, մարդը կարողացել է «ընտրվել» ամբիոնի վարիչ և պաշտոնավարել ամբողջ հինգ տարի: Ընդ որում, ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ այդ ընթացքում որևէ հրապարակային քննադատական բառ անգամ չի ասել համալսարանի ղեկավարության վարած քաղաքականության վերաբերյալ:

Բայց Մ.Միքայելյանի «հանճարեղ» հարցազրույցի հիմնական աղը նրա ինքնախոստովանական ցուցմունքն է: Որպես դեկանի թեկնածու սեփական բարեմասնությունները հանրությանը ներկայացնելիս ամբիոնի նախկին վարիչը հայտարարում է, որ ունի պետական կառավարման աշխատանքի անհրաժեշտ փորձառություն և ութ տարի շարունակ եղել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:

Հստակեցնենք՝ դա այն հանձնաժողովն է, որն այսօր շարունակում է գլխավորել հանրությանը հայտնի Ա.Շաբոյանը և որի խնդիրը երկրի ներսում տնտեսական հավասար մրցակցային պայմանների ապահովումն է, տնտեսական մենաշնորհների ձևավորման կանխումը, սպառողների շահերի պաշտպանությունը և այլն:

Այսինքն, այն ամենը ինչ հիշյալ հանձնաժողովը անցնող տարիների ընթացքում չի արել: Այդ կառույցի արդյունավետության ցուցանիշը եղել է զրոյական ու բոլորը Հայաստանում գիտեն, թե որ գործարարներն են անցած տարիներին ունեցել փաստացի անբեկանելի մենաշնորհներ՝ ամենաբարձր իշխանության հովանավորությամբ: Եվ դեկանի թեկնածու Մ.Միքայելյանը ոչ թե ութ օր, ութ շաբաթ կամ ութ ամիս, այլ ամբողջ ութ տարի է եղել այդ հանձնաժողովի անդամ: Այսինքն կամ Քոչարյանի, կամ Սերժ Սարգսյանի, կամ էլ երկուսի օրոք միաժամանակ:

Այսպիսով հարց՝ կարո՞ղ էր արդյոք ազնիվ, չկոռումպացված, հանրային շահերի մասին մտածող, երկրի խնդիրներով ու ապագայով մտահոգ պրոֆեսիոնալ տնտեսագետը այդքան երկար պաշտոնավարել մի կառույցում, որի հիմնական խնդիրը ըստ էության եղել է օլիգարխիայի շահերի պաշտպանությունը:

Ով որ այս հարցին դրական պատասխան կտա, հանգիստ կարող է Մ.Միքայելյանի հետ միասին հավակնել Նոբելյան մրցանակի:

Ի դեպ, այս հարցում սուբյեկտիվությունը լիովին բացառելու համար առաջարկում ենք շահագռգիռ կողմերին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արխիվից փորձել ստանալ Մ.Միքայելյանի ելույթները կամ էլ նրա քվեարկությունների պատկերը: Այդ ժամանակ վերջնականապես պարզ կդառնա, թե ով է փորձում հեղափոխության առաջամարտիկի դրոշով հերթական անգամ իր համար տաքուկ տեղ ապահովել:

Ինչպես ասում էր մեկ այլ հայտնի հեղափոխական Զաքար Մելիքյանց Հովսեփը` Իոսիֆ Վիսսառիոնովիչ Ջուղաշվիլին, նույն ինքը՝ Ստալինը, փաստերը և կենսագրությունը սրբագրելը դժվար գործ է…«մանավանդ Facebook-ի դարում հեղ.»:

Մի խումբ համալսարանականներ
Spread the love
  • 33
    Shares