Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության գործունեությունը գտնվում է խոշորացույցի տակ

- in Հրապարակ

Նոր կառավարության գործունեությանը մենք անդրադառնում ենք չվնասելու սկզբունքով՝ քաջ գիտակցելով, որ թավշյա հեղափոխության արժեքների կապիտալացման հույժ կարևոր առաքելությունը դրված է հենց այս կաբինետի վրա, և նրա ձախողումը լինելու է ոչ թե մեկ կուսակցության կամ թիմի, այլ մեր բոլորի՝ երկրի և հասարակության ձախողումը:

Մյուս կողմից՝ կան բացթողումներ, որոնց չանդրադառնալը, մեղմ ասած, ադեկվատ չի լինի, մանավանդ՝ նոր կառավարությունը հռչակել է բաց ու հրապարակային գործելաոճ:

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն օրերս Դուշանբե՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով մեկնել է հատուկ չվերթով, ըստ ամենայնի՝ վարչապետին սպասարկող А319 ինքնաթիռով: Միրզոյանի պարզաբանումը ստանդարտ է. «Ասեմ, որ հակառակ դեպքում մեր 20 հոգանոց պատվիրակությունը (ներառյալ ԶԼՄ ներկայացուցիչները) ստիպված էր լինելու մեկնել Մոսկվայով, իրարից տարբեր և ոչ այնքան մոտ չվերթներով, և կրկին լուրջ, գրեթե համարժեք գումար էր ծախսելու ավիատոմսերի, սննդի և հյուրանոցային վճարների վրա»:

Առաջին փոխվարչապետի այս պատասխանը բոլորիս մի պահ մոռացության է տալիս, որ երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն. նման ձևակերպումներ տասնյակ անգամներ լսել ենք Կարեն Կարապետյանից, և որ ամենակարևորն է՝ դրանք, որպես կանոն, հեռու են եղել իրականությունից:

Բնականաբար, խիստ անցանկալի է, որ կեղծիքը դառնա նաև նոր կառավարության գործելաոճը: Մենք չենք ուզում սեփական, ոչ այնքան մասնագիտական վերլուծություններով հիմնավորել, որ առաջին փոխվարչապետի ասածը, մեղմ ասած, չունի փաստական հիմնավորում: Փոխարենը կառավարությունը կամ փոխվարչապետի գրասենյակը պարտավոր են պարզաբանել, թե հարկատուների գրպանից ինչքան է ծախսվել Արարատ Միրզոյանի պատվիրակության «էլիտար» այցի վրա:

Մյուս կողմից՝ ինչո՞վ էր մոտիվացված նման պատկառելի պատվիրակության այցը Դուշանբե: Եթե Տաջիկստանի մայրաքաղաքում ստորագրվել են Հայաստանի համար խիստ կարևոր փաստաթղթեր, ապա Հայաստանի քաղաքացին որտե՞ղ կարող է ծանոթանալ դրանց տեքստերին: Կամ՝ ո՞ւր են այցը լուսաբանող անդրադարձերը, վերլուծականները (չհաշված մեկ րոպե չտևող հեռուստառեպորտաժը), եթե լրագրողներին Դուշանբե տանելու անհրաժեշտություն է եղել:

Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության գործունեությունը գտնվում է խոշորացույցի տակ, և դա բխում է հենց հեղափոխության տրամաբանությունից: Կառավարությունում պետք է ըմբռնումով մոտենան քննադատություններին՝ բարձրացված պրոբլեմները լուծելու հետևողականությամբ:

Այսպես կոչված՝ ժողովրդական կառավարությունը պարտավոր է հրաժարվել արտոնություններից, որոնք կարող են կոռուպցիոն ռիսկեր ծնել: Դեմոկրատական հասարակություններում պաշտոնյաները պարտավոր են հաշվետու լինել ծախսված յուրաքանչյուր լումայի համար: Օրինակ՝ 2009-ի մայիսին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակ Մայքլ Մարտինը պաշտոնանկ արվեց, երբ բացահայտվեց, որ բյուջեով չնախատեսված 1400 ֆունտ ստեռլինգ է ծախսել վարորդ վարձելու համար:

Լավ կլինի, որ նման օրինակները միշտ լինեն մեր կառավարության անդամների ուշադրության կենտրոնում, որովհետև դեմոկրատական ընթացակարգը կարող է հասցնել պաշտոնի, բայց նաև՝ զրկել դրանից:

Spread the love