Թրամփը հրապարակել է Կիմ Չեն Ընին ցուցադրած «ճակատագրի ընտրության» մասին տեսագրությունը

Donald Tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ամփոփելով Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը, հայտարարել է, որ «աշխարհը պոտենցիալ աղետից խուսափող մեծ քայլ է արել»։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Այլևս ոչ մի հրթիռի արձակում, միջուկային փորձարկում կամ մշակում։ Պատանդները հետ՝ իրենց ընտանիքների գիրկն են վերադառնում»,- գրել է Թրամփը։ Նա նաև Կիմ Չեն Ընին երախտագիտություն է հայտնել «պատմական» օրվա համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է «Մի հնարավորության պատմություն» խորագրով տեսագրությունը, որը նա Սինգապուրում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ցույց է տվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին։

«Ահա «Մի հնարավորության պատմություն» տեսագրությունը, որը Սինգապուրի գագաթնաժողովում ցույց եմ տվել Կիմ Չեն Ընին»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ տեսահոլովակն այն մասին է, թե ինչպիսին կարող է լինել Հյուսիսային Կորեայի ապագան։

4 րոպե տևողությամբ տեսագրությունում ցուցադրված են ժամանակակից ձեռքբերումները, իսկ Հյուսիսային Կորեայից ժապավանները ներկայացված են սև-սպիտակ երանգներով։ Դրանցում ցուցադրված են հյուսիսկորեական խանութների դատարկ պահարանները, հրթիռների արձակումն ու ԱՄՆ-ի ավիակիրը։

«Անցյալը չպետք է ապագա լինի։ Լույսը ծագում է մթությունից։ Եվ հույսի լույսը կարող է ավելի վառ ճառագել»,-ասվում է տեսագրությունում։

Տեսագրությունում ասվում է նաև, որ գոյություն ունեն առաջնորդներ, որոնք կարող են փոխել պատմության ընթացքը և սկսել որևէ նոր՝ լավ բան։

«Երկու առաջնորդ, մեկ ճակատագիր»,-ընդգծվում է տեսահոլովակում, երբ ժապավենում հայտնվում են Թրամփն ու Կիմ Չեն Ընը։

Տեսագրությունում կոչ է արվում նոր աշխարհի հիմքը դնել՝ «բարեկամության, հարգանքի և բարի կամքի աշխարհի» ու առաջ շարժվել։

Դրանից հետո ցուցադրվում են Հյուսիսային Կորեայի զարգացման, ամբողջ աշխարհից ԿԺԴՀ ներդրումների հնարավորությունները։

Spread the love