Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը նոր քաղաքական միավորի ձևավորման մեկնարկ է

- in Ով ով է ...
JIRAYR SEFILYAN

Ժիրայր Սէֆիլյանն ու նրա գործով անցնող մյուս համակիրները այսօր Վերաքննիչ դատարանի վճռով ազատ են արձակվել դատարանի դահլիճից, տարբեր ձևակերպումներով:

Կասկածից վեր է իհարկե, որ այդ ամենում դեր է ունեցել Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունը և դատարանը որոշումները կայացրել է նոր իրավիճակի տրամաբանությամբ: Այսպես, թե այնպես, անկասկած էր, որ թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված իրավիճակում Ժիրայր Սէֆիլյանն ու քաղաքական շարժառիթներով ձերբակալված մյուս գործիչները պետք է ազատ արձակվեն:

Այստեղ անշուշտ կան բավականին նուրբ և խորքային, բազմաշերտ և գուցե նույնիսկ հակասական խնդիրներ, որոնք սակայն ներկայումս չեն կարող պատասխան գտնել հայաստանյան հասարակությունում, կապված իրավագիտակցության և քաղաքական, քաղաքացիական պայքարի արժեհամակարգային, մշակութային հիմնասյուների շուրջ հանրային համերաշխության և փոխհամաձայնության գլոբալ խնդրի հետ:

Մյուս կողմից, ի վերջո նոր իրավիճակը և նոր Հայաստանը դրան գալու հնարավորություն են և եթե այդ հնարավորությունը չօգտագործվի, ապա Հայաստանը հայտնվելու է պերմանենտ հակասական վիճակներում: Եվ այդ իմաստով, Ժիրայր Սէֆիլյանի և քաղաքական շարժառիթներով ու ենթատեքստերով մյուս ձերբակալվածների ազատ արձակումը պետք է լինի խորքային այդ խնդրի մաս, հակառակ դեպքում այսօր կլինեն նրանք, վաղը այլք, այսօր մի դրսևորումով, վաղը այլ: Սա իհարկե խնդրի մի կողմն է: Խնդրի մյուս կողմում արդեն ընթացիկ քաղաքական իրողություններն են:

«Սասնա ծռեր» խումբը, որի դե ֆակտո առաջնորդն անկասկած Սէֆիլյանն է, օրերս հայտարարել է զինված պայքարի էջը փակելու մասին, այդպիսով անցնելով փաստորեն քաղաքական պայքարի էջին: Այստեղ իհարկե իրողությունները փոքր ինչ այլ են, սակայն անկասկած է, որ Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը նոր քաղաքական միավորի ձևավորման մեկնարկ է, կամ միավորի նոր քաղաքական էջ, հաշվի առնելով, որ այդ միավորը ըստ էության կար նախկինում և հենց քաղաքական պայքարի մեթոդն էր մերժում: Այժմ սակայն իրավիճակը բոլորովին այլ է և Սէֆիլյանը կամ պետք է գտնի հնարավորություն իր քաղաքական շրջանակի հետ միասին կարողանալ տեղավորվել այդ նոր իրողություններում քաղաքական նոր մշակույթի և բովանդակության համատեքստում, կամ հայտնվել լուսանցքում և մատնվել քաղաքական անգործության: Որովհետև այն դիրքավորումը, որ ունեցել է այդ ուժը, այժմ լիովին կորցրել է հրատապությունը և ընդհանրապես համարժեքությունը:

Ավելին, այդ դիրքավորումը հնարավոր էր համարել ընդամենը զինված դիրքավորման նախերգանք և ըստ էության այլ բանի համար պիտանի կամ այլ իմաստ ունենալ չէր էլ կարող: Ինչ կարող է անել Սէֆիլյանը նոր իրավիճակում: Մի բան թերևս հստակ է, որ նա ակտիվ քաղաքականության մեջ մնալու պարագայում ըստ էության ժամանակի ընթացքում կլինի Նիկոլ Փաշինյանի մրցակից: Սակայն միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ նա մրցակից կլինի բոլորին, այսինքն նաև Նիկոլ Փաշինյանի այլ մրցակիցների: Ավելին, Սէֆիլյանը առնվազն առաջիկա տեսանելի ժամանակահատվածում ավելի շատ քաղաքական մրցակից կարող է լինել հենց նրանց, քան Փաշինյանի թիմին: Եվ այդ իմաստով նաև շատ ուշագրավ է, որ Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակման պահը համընկնում է այն ժամանակահատվածին, երբ խնդիրներ են սկսել ի հայտ գալ թավշյա հեղափոխության թիմի և նրան այսպես ասած աջակցելու մասին հայտարարած ու կառավարության մաս կազմած մյուս քաղաքական ուժերի միջև:

Իհարկե դա անշուշտ զուտ խորհրդանշական հանգամանք է, քանի որ գործնականում անհնար է պատկերացնել, որ Ժիրայր Սէֆիլյանի գործով չլիներ փոփոխություն և նա չհայտնվեր ազատության մեջ, նաև նրա գործով անցնող համակիրները: Սակայն դրանից իհարկե իրավիճակի քաղաքական ենթատեքստի փոփոխությունը չի տուժում և այն ստանում է նոր և ուշագրավ երանգավորում, արտահերթ ընտրության օրակարգին ընդառաջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20