Ինչո՞ւ են անպատիժ մնում օդիոզ օլիգարխների` Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի, Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի բանդաները

Հեղափոխության առաջին փուլի հաղթանակից և նոր իշխանության ձևավորումից հետո ԱԱԾ-ն դարձավ Նիկոլ Փաշինյանի հիմնական հենարան կոռուպցիայի և քրեաօլիգարխիայի դեմ պայքարում: Վարչապետի հենարանային ընտրությունը թերևս պայմանավորված էր նախկին համակարգի կոռուպցիոն, քրեաօլիգարխիկ բնույթով և այն կազմաքանդելու Նիկոլ Փաշինյանի հաստատակամությամբ:

ԱԱԾ-ն փաստորեն դարձավ այն կարևոր ինստիտուտը, որն իր գործունեությամբ պետք է ջրբաժան անցկացներ հին ու նոր Հայաստանների միջև` հասարակությանը կիրառական քաղաքականության միջոցով համոզելով հեղափոխության անշրջելիության հարցում:

ԱԱԾ մեկ ամսվա գործունեությունը, սակայն, բերում է այն եզրակացությանը, որ այս ծառայությունն առայժմ ավելի շատ գործում է ոչ թե հեղափոխության հետևանքները ֆորմալացնելու դաշտում, այլ դրա ստեղծած բարենպաստ համատեքստի հաշվին:

ԱԱԾ-ն առայժմ ավելի շատ փոխվել է ձևի, քան բովանդակային առումով: Գործելաոճի առումով շատ բան մնացել է անփոփոխ ինչի հետևանքով ակամայից զուգահեռներ են անցկացվում ԱԱԾ նախահեղափոխական և հետհեղափոխական գործունեությունների միջև:

Գործակալական հաղորդագրությունների հիմքով գործունեություն ծավալելը հին մեթոդ է, որի արդյունավետությունն այսօր խիստ վիճահարույց է: Այդ մեթոդով ԱԱԾ-ն 2008-ի մարտի 1-ի առավոտյան գործեց Ազատության հրապարակում, ինչի հետևանքները մենք բոլորս չենք կարողանում հաղթահարել մինչև այսօր: Ըստ ամենայնինույն գործելաոճն է այսօր, երբ ԱԱԾ-ն կազմակերպում է աղմկոտ դիմակավոր շոուներ, տեղի են ունենում խուզարկություններ, ձերբակալություններ, սակայն թույլ են լինում իրավական հիմքերը, ինչի հետևանքով դատարանը երեկ ազատ արձակեց «Երևան» հիմնադրամի տնօրենին, ըստ ամենայնի նույն ճակատագրին է սպասվում գեներալ Մանվել Գրիգորյանին, առավել ևս, որ խորհրդարանում տեղի է ունենալու ավելի բծախնդիր քննարկում: ԱԱԾ ոչ արդյունավետ գործունեության ձախողումները գրանցվում են Նիկոլ Փաշինյանի, հեղափոխության հաշվին: Ի վերջո, մարդիկ, հասարակությունը հաշիվ են պահանջում ոչ թե ԱԱԾ-ից կամ նրա տնօրենից, այլ` այն մարդուց, ով ժողովրդի վստահության մանդատով զբաղեցնում է վարչապետի պաշտոնը: Չի կարելի անընդհատ աղմկոտ գործողություններով մարդկանց մոտ դրական սպասումներ ծնել, հետո նրանց հիասթափեցնել կանխատեսելի վերջաբանով, երբ հերթական կոռուպցիոները դատարանի դահլիճից գնում է տուն: Նման գործելաոճը հատկապես վտանգավոր է առաջնագծում հակառակորդների կուտակումների ֆոնին:

Օրինակի՞նչ տրամաբանությամբ է ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածում Մանվել Գրիգորյանին վերագրվող ընդամենը մեկ հանցագործության ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին բովանդակությամբ, երբ վարչապետը մեկ օր հետո խոսում է գեներալի ավելի լուրջ հանցագործությունների մասին: Արդյո՞ք ԱԱԾ-ում չեն մտածում այն մասին, որ միայն զենքի հոդվածով ԱԺ-ն թույլ չի տա գեներալ-լեյտենանտի կալանավորումը: Այնպիսի տպավորություն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր ուղերձով փորձեց շտկել ԱԱԾ թերությունները, սակայն հեղափոխության հակառակորդները վարչապետին կարող են մեղադրել նախաքննության, դատարանի ու խորհրդարանի վրա ճնշում բանեցնելու մեջ: Ի դեպ, քիչ առաջ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից և դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային և հանրային ճնշում է ձևավորում այս հարցով։

Կամ ո՞ր հանճարի մտքով էր անցել Դոն Պիպոյի և Մանվել Գրիգորյանի ձերբակալությունները ներկայացնել ընդհանուր փաթեթավորմամբԱԱԾ միասնական հայտարարությամբ, ինչը շատերի մոտ թյուր կարծիք է ձևավորել, թե Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով Էջմիածնի քաղաքապետարանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետևանքով: Խնդիրն ունի նույնիսկ բարոյական կողմ, որովհետև նույն հարթության վրա չի կարելի ներկայացնել քրեական հեղինակությանը և պատերազմի թեկուզև կոռումպացված գեներալին:

Սրանք լուրջ բացթողումներ են, որոնք էապես ազդում են իշխանության, պետական մյուս ինստիտուտների հեղինակության վրա ու թերևս ժամանակն է, որպեսզի ոստիկանությունը, ՊԵԿ-ը զբաղվեն իրենց գործառույթներով` չվերածվելով ԱԱԾ օպերացիաների դեկորացիայի:

Խիստ ողջունելի է, որ ԱԱԾ-ն վնասազերծեց Դոն Պիպոյի բանդան, բայց մինչև հիմա ինչո՞ւ են անպատիժ մնում օդիոզ օլիգարխների` Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի, Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի բանդաները, որոնք, ըստ Փաստահավաք խմբի զեկույցների, ակտիվ մասնակցություն են ունեցել Մարտի 1-ի ոճրագործությանը: Արդյոք պատճառն այն չէ, որ ԱԱԾ-ն ուղղակի մասնակից է եղել այդ իրադարձություններին կամ նույնիսկ քողարկել ու հովանավորել է դրանք:

ԱԱԾ-ն չի փոխել գործելաոճը, որովհետև նախորդ համակարգի մնացորդ է: Կոռուպցիայի դեմ պայքարն ԱԱԾ-ն պետք է սկսի հենց իր շարքերիցբացառելով բիզնես հետաքրքրությունները, շահերի բախումները, հովանավորչության դրսևորումները: ԱԱԾ-ն ամբողջովին պետք է ձերբազատվի քրեաօլիգարխիկ բաղադրիչից նոր Հայաստանի համակարգին ինտեգրվելու համար:

ԱԱԾ-ն պարտավոր է սթափվել` հաշվի առնելով այն ինստիտուցիոնալ առաքելությունը, որը վարչապետի կողմից դրվել է այս կառույցի վրա:

Spread the love