Ինչո՞ւ է Կարեն Ավագյանը կասկածելի պայմանագրի մասին հայտնում միայն հունիսի 1-ին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը դիմել է Հայաստանի Քննչական կոմիտե, որում նշվում է, որ Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենն ինքն իր հետ հիմնադրամի անունից կնքել է ավելի քան 326 միլիոն դրամի փոխառության պայմանագիր: Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ յուրացման հատկանիշով, և կատարվում են քայլեր հանցագործության մասնակիցների շրջանակը և հանգամանքները պարզելու համար:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի դե ֆակտո պատասխանատու մշտապես դիտարկվել է Կարեն Ավագյանը, համենայնդեպս, մամուլի հրապարակումների կոնտեքստում, Հայաստանի, ըստ էության, ամենախորհրդավոր կառույցներից մեկն է, որով, այսպես ասած անցել են բավականին մեծ փողեր, այդ թվում՝ բյուջետային: Հիմնադրամը կառույց է, որը, օրինակ, տարբեր թեմաներով բաշխել է պետական բյուջեով նախատեսված դրամաշնորհներ, տարբեր ՀԿ-ներին, որոնք դե ֆակտո հանդիսացել են իշխող համակարգի, այսպես ասած, հասարակական-քաղաքացիական կցորդներ:

Թավշյա հեղափոխությունից հետո հայտնի դարձավ, օրինակ, որ հիմնադրամին հետ են վերադարձվել բաշխված դրամաշնորհների տասը տոկոսը՝ յուրաքանչյուր ստացող կազմակերպություն: Հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի բուհերը իրենց եկամուտներից 2 տոկոս փոխանցել են հիմնադրամին: Հաշվի առնելով հայաստանյան նախկին կամ հեռացող իշխող համակարգի բնույթը, դժվար չէ պատկերացնել, թե ինչ սխեմաներով են գերազանցապես շրջանառվել մեծ փողերը Հայաստանում, և այդ առումով Կարեն Ավագյանի դիմումը 326 միլիոն դրամի մասին, ըստ էության, կամա թե ակամա, հաստատում է այն մեղմ ասած կասկածները, որ հանրությունն ունեցել է այդ համակարգում Երիտասարդական հիմնադրամի գործունեության, դերի և նշանակության առնչությամբ:

Սակայն, միևնույն ժամանակ, իհարկե խիստ ուշագրավ է, որ փաստորեն յուրացման մասին դիմում ներկայացնում է Կարեն Ավագյանը, ՀՀԿ երիտթևի այսպես ասած՝ ղեկավարը, որը նաև դե ֆակտո ղեկավար է դիտվել նաև Երիտասարդական հիմնադրամի մասով: Արդյո՞ք Կարեն Ավագյանը տեսնելով, թե կոռուպցիոն բացահայտումների, չարաշահումների, յուրացումների դեմ պայքարի ինչպիսի ալիք է սկսվել, փորձում է, այսպես ասած, իրենից հեռացնել կասկածներն ու իրազեկում է հիմնադրամում չարաշահման մասին: Ո՞վ է գործադիր տնօրենը, ինչո՞ւ է Կարեն Ավագյանն ապրիլի 6-ին կքնված այդ կասկածելի պայմանագրի մասին հայտնում միայն հունիսի 1-ին: Մինչ այդ նա չի՞ իմացել դրա մասին: Հարցերն իհարկե շատ են և, ըստ երևույթին, դրանք պետք է ուղղվեն առաջին հերթին նաև Կարեն Ավագյանին՝ հասկանալու համար, թե ինչ կա նրա այդ ընդհանուր առմամբ անակնկալ դիմումի համատեքստում: Ակնհայտ է, որ դիմումը «պայթուցիկ» է, և բացահայտումը կարող է պայթեցնել բավականին աղմկոտ մի հանգույց, եթե, իհարկե, Քննչական կոմիտեն քննությունը վարի ամբողջապես և անաչառ, առանց որևէ կողմնակալության և խնդիրը լինի գործի անմիջական բացահայտումը, ոչ թե քավության նոխազների ձևակերպումը, որոնց վրա կարող է վերագրվել ավելի լայն մակարդակի խոշոր յուրացումը:

Ի դեպ, կա նաև մեկ այլ հարց, թե արդյո՞ք Կարեն Ավագյանի դիմումը կապ ունի վերջին մեկ-երկու օրերին ՀՀԿ-ում, կարծես թե, ակտիվացած ներքին խմորումների հետ, որ արտահայտվում են նաև խմբակցությունում տրոհումների ու հնարավոր վերադասավորումների տեսքով և որտեղ կարող են շոշափվել նաև Կարեն Ավագյանին առնչվող հանգամանքներ: Բոլոր դեպքերում, ամբողջական քննությունը կօգնի հասկանալ, թե ինչ է պայթեցնում Ավագյանն այս անգամ: Հիշենք, որ Կարեն Ավագյանը նկատվում էր 6 տարի առաջ Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական եզրափակիչ համերգի ժամանակ փուչիկների պայթյունի պատմության շրջանակում, երբ անվտանգ հելիում գազի փոխարեն, փուչիկները լցվել էին պայթուցիկ գազով, և համերգի ժամանակ, Սերժ Սարգսյանի ելույթից մի քանի րոպե առաջ պայթել էին կրակի հետ շփումից, տարբեր աստիճանի այրվածքներ պատճառելով ՀՀԿ-ական երիտասարդներին: Մամուլում եղավ հրապարակում, որ փուչիկների հարցի կազմակերպման պատասխանատուն ՀՀԿ երիտթևն էր, որի ղեկավարը Կարեն Ավագյանն էր, հայտնի լուսանկարով, թե ինչպես են վտանգավոր գազով լցված փուչիկները Ավագյանի գլխավորությամբ բերվում Հանրապետության հրապարակ: Իհարկե տեղի ունեցածի ամար վերջում պատասխան տվեց միայն փուչիկը գազ լցնողը, որը անբուժելի հիվանդ էր: Ով է պատասխան տալու Երիտասարդական հիմնադրամի 326 միլիոնի համար:

Spread the love