Ինչո՞ւ ՀՀԿ խմբակցության բոլոր անդամները դուրս չեն գալիս կուսակցությունից և խմբակցությունից

- in Կարծիք
HHK

ՀՀԿ խմբակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի, և ՀՀԿ-ականները գիտեն դրա մասին: Խմբակցությունը դադարեց գոյություն ունենալուց, երբ հունիսի 7-ին քվեարկության էր դրվելու կառավարության ծրագիրը:

Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ուզում էր ամեն ինչ անել, որ ծրագրին կողմ քվեարկի այնքան ՀՀԿ-ական, որքան մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության ժամանակ: Բայց վարչապետ Փաշինյանի կառավարության ծրագիրը անհրաժեշտ 53-ի փոխարեն ստացավ 62 կողմ ձայն, ինչը նշանակում էր, որ ՀՀԿ-ականները այլևս չեն ենթարկվում խմբակցության ղեկավարին: Այն ՀՀԿ-ականները, ովքեր առանց ՀՀԿ խմբակցության հետ համաձայնեցնելու էին կողմ քվեարկել կառավարության ծրագրին, չհեռացվեցին խմբակցությունից, որովհետև եթե հեռացվեին, ապա խմբակցությունում, ըստ էության, մարդ չէր մնա: Դրա համար որոշեցին ներողամտություն դրսևորել:

ՀՀԿ անդամները չեն ցանկանում ընդդիմություն խաղալ, որովհետև նրանք էությամբ ընդդիմադիր չեն: Նրանք չեն եկել խորհրդարան, որպեսզի հակադրվեն կառավարությանը, կապ չունի թե ում ղեկավարությամբ, նրանք պատգամավորական մանդատ են ձեռք գցել, որ կարողանան պաշտպանել իրենց սեփականությունը և գործարարությամբ զբաղվելու իրավունքը: Հիմա իրենք տեսնում են, որ մանդատը այլևս պաշտպանության միջոց չէ, որովհետև կարող են շատ հանգիստ զրկել անձեռնմխելիությունից: Մանվել Գրիգորյանի օրինակը դաս է բոլորին:

Մնում է միայն մի հարց՝ ինչո՞ւ ՀՀԿ խմբակցության բոլոր անդամները դուրս չեն գալիս կուսակցությունից և խմբակցությունից, ինչո՞ւ է այդ խմբակցությունը ֆորմալ առումով շարունակում գոյություն ունենալ: Պատճառը շատ պարզ է՝ Վահրամ Բաղդասարյանը և խմբակցության մի քանի անդամներ փորձում են պատգամավորներին ներշնչել այն միտքը, որ տեղի ունեցողը թատերական ներկայացում է, որի դրամատուրգն ու ռեժիսորը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ական պատգամավորները շարունակում են մնալ հիպնոսի ազդեցության տակ, ըստ որի Սարգսյանը շատ մոտ ժամանակներս վերադարձնելու է իշխանությունը, և բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են մնացել նրան, արժանանալու են ավելի բարձր պաշտոնների և պարգևների, պարզ ասած՝ հայտնվելու են երկրային դրախտում, իսկ ովքեր այսրոպեական շահերից դրդված դավաճանել են, ընդհակառակը՝ լուրջ խնդիրներ են ունենալու և կալանավորվելու են:

Հիմա խնդիրն այն է, թե որքան կարող է շարունակվել այս հիպնոսը, և դեռ որքան ժամանակ ՀՀԿ-ականները կհավատան Տիրոջ երկրորդ գալստյանը և իրենց փրկությանը: ՀՀԿ խմբակցության անդամների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ ներկա պայմաններում իրենք նորից ընտրվելու հնարավորություն չունեն և նոր ընտրությունների մասին մտածելն ուղղակի անիմաստ է: Ընդհակառակը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կնպաստի այս կուսակցության վերջնական ոչնչացմանը:

ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը օբյեկտիվ գնահատելով իրավիճակը՝ արձանագրում է, որ անիմաստ է պայքարի մեջ մտնել հեղափոխական իշխանության հետ և հանրային բացասական վարկանիշի պայմաններում գնալ ընտրությունների: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մեկնարկի մասին հայտարարելուց հետո ՀՀԿ խմբակցությունը և կուսակցությունը կդադարեցնեն իրենց դե ֆակտո գոյությունը, որովհետև կպարզվի, որ ոչ ոք չի ուզում պարտվել, և գիտեն ֆուտբոլի իրական պատկերը: Իհարկե, ՀՀԿ որոշ նվիրյալներ, ինչպես, օրինակ, Գալուստ Սահակյանը կամ Գագիկ Մինասյանը, կփորձեն պահել գոնե անվանումը: Բայց դա շատ նման կլինի ներկայիս ՀԿԿ-ի գոյությանը, երբ երկրում կոմունիստական անունով կուսակցություն կա, բայց ոչ ոք չի կարող այդ կուսակցության  գոյությունը հավաստող ինչ-որ ապացույցներ ներկայացնել:

Spread the love