Ինչ առնչություն ունի Մանվել Գրիգորյանի պաշտպանը Հայկ Բաբուխանյանի կուսակցության հետ

dat

Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը պնդում է, որ Մանվել Գրիգորյանի նկատմանբ կիրառվում է խոշտանգում: Նրա խոսքով՝ պետական լիազոր մարմինները, առանց քննության առնելու անձի հիվանդությունները, նրան վերցրել են արգելանքի տակ, որը միջազգային իրավանորմով դասվում է պետության կողմից կատարվող անմարդկային ծանր հանցագործությունների թվին։

Նա բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ապահովելու անկողմնակալ քննություն։ «Մինչև միջազգային ատյաններ դիմելը, փորձում եմ հավատալ մեր պետական լիազոր մարմնին, և երկրորդ՝ գործընթացը պետք է սկսել մեր պետական ատյաններում։ Եվ մենք գործընթացը սկսել ենք։ Երկուշաբթի օրը համապատասխան միջնորդությունները կուղարկվեն համապատասխան մարմիններին դրա հետ կապված», – նշեց փաստաբանը։

Նա նաև նշեց, որ Մանվել Գրիգորյանը ինտենսիվ դեղորայքային բուժում է ստանում օրվա մեջ մի քանի անգամ։

Ի դեպ, համացանցում լայնորեն քննարկվում է Լևոն Բաղդասարյանի և «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության անդամների՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման լուսանկարը, որտեղ փաստաբանը գլխիկոր է։

Ճշտեցինք, թե երբ է անդամագրվել Հայկ Բաբուխանյանի կուսակցությանը։ Ի պատասխան նա նշեց.«Ես ոչ միայն կուսակացական չեմ, այլ 90-ականներից բոլոր անարդարությունների դեմ իրավական դաշտում պայքարել եմ։ Սկսած ՀՀՇ-ի ժամանակ, երբ ՏԻՄ վերջիններս էին, Նորք Մարաշ համայնքում ներկայացրել եմ իմ վստահորդ Արմենակ Արմենակյանի շահերը և դատական կարգով անվավեր է ճանաչվել։ 2001-ին, երբ եթերազրկվեց Ա1+ հեռուստաընկերությունը, պաշտպանել եմ Ա1+ հեռուստաընկերության շահերը։ Եվ այդ ընթացքում բազմաթիվ քաղաքական գործիչների շահեր եմ ներկայացրել, որոնք որոշակի խնդիրներ են ունեցել պետական լիազոր մարմինների հետ, նույն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ներկայացրել եմ Զինված խմբում համապատասխան անձանց շահերը»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը և իր կուսակցական լինելուն, ապա, փաստաբանի խոսքով, շատ անհաջող նկար են գտել։ Նկարը սահմանադրական փոփոխությունների ժամանակ է արվել, որտեղ ներկայացրել է իր դիրքորոշումը սահմանադրական որոշ հոդվածների հետ կապված ներկայացրել է Սերժ Սարգսյանին  առարկությունների տեսքով։

«Եվ հիմա ասել, որ հանդիպել է նախագահի հետ և կուսակցականացված է… պետք է օբյեկտիվ գնահատական լինի։ Եվ այսօր պայքարելու եմ երկրում իրավական հարթության վրա տիրող բոլոր այն անարդարությունների դեմ, որոնք իրավական հարթության վրա պետք է կարողանալ շտկել։ Առաջիկայում անդրադառնալու եմ մամուլի ներկայացրած բացասական գործառույթներին, բայց ես շատ կուզենամ օբյեկտիվ գնահատական տրվի այն իրավապաշտպանի գործունեությանը, որ իր ողջ գիտակցական կյանքը պայքարում է տվյալ իշխանությունում գոյություն ունեցող  անարդարությունների դեմ»,- հավելեց նա։

Spread the love