Ինքն իմ երեսին ո՞նց է նայելու, նենց երդումներ ու քֆուրներ է կերել. Սեյրան Սարոյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Seyran Saroyan

ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը խորհրդարանում լրագրողների հեռտ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, որ իր  ընկեր գեներալ Մանվել Գրիգորյանը զինվորի հացն է գողացել:

«Բոլորդ հիշում եք, մի քանի ամիս առաջ ասեցի՝ ով զինվորի տուշոնկեն գողանա, եթե դատախազն էլ չպատժի, Աստվածն ա պատժում: Դե Մանվելը որ իրա ընկերոջ ասածը լսեր, իրա ունեցածը կտար ժողովրդին կամ գոնե կթափեր էն կողմ էլի: Հիմա իրա վատը գիտես ինչն ա, որ համ Աստված ա պատժում, համ դատախազը: Տո ընչի գողնալ, պետությունը հենց սկզբից մեզ տվել ա, խի էս պետությունը մեզի թողել ա սովա՞ծ, որ պտի էթայինք տուշոնկա գողնայինք: Էսի խառյառակություն էր»,- ասաց նա:

Նա կոչ արեց՝ ով բանակից բան է գողացել, թող սուս ու փուս տանի տա բանակին, միևնույն է, պատժվելու են: Սարոյանն ասաց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ իրենք տարբեր ուղղություններում են եղել, տեղյակ չի եղել, թե ինչեր է արել Մանվել Գրիգորյանը:

«Հիմա ես գիտե՞ս ինչ եմ մտածում, հլա սաղ մի յան, ինքը իմ երեսը ո՞նց ա տենելու, որովհետև ընենց  երդումներ ու քֆուրներ ա կերել, որ ով զինվորը հացը գողնա… Ասենք զենք սաղս էլ կարանք ունենանք, բայց զինվորի հա՞ց: Ես, գիտես, երեկվանից ինչ շոկի մեջ եմ: Ես էն երեխեքի նամակները, ես իմ արև մեռած էի, թաղած չէի, երեկ էնքան վատ եմ եղել, բժիշկները մոտս են եղել: Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողացող: Խի Մանվելն ի՞նչ չուներ, նրա ինչն էր պակաս»,- ասաց Սարոյանը:

Անդրադառալով Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված սեփականության վկայականներին ու ունեցվածքին, հարցին, թե որտեղի՞ց նրան այդքան ունեցվածք, Սեյրան Սարոյանը պատասխանեց՝ Մանվելի աջ ձեռքը չի իմացել, թե ինչ է անում ձախ ձեռքը: «Ես որտի՞ց գիտեմ Մանվելն ինչ ունի, էդ ո՞վ գիտեր, էնի էնքան փակ մարդ ա եղել, իրա երեխեքը գիտեի՞ն Մանվելն ինչ ուներ»,- նշեց նա:

Սարոյանը հարցադրում արեց՝ էլ ո՞նց պետք է Մանվել Գրիգորյանը վերականգնի իր պատիվը: «Էլ ի՞նչ պատիվ, զատիկից հետո կարմիր ձուն ինչ ա ըլնելու: Հելնելու ա, էդ նամակների պատասխանը ոնց տա, ինչ պատիվ: Հիմա թող հելնի, իրան ճղի, թե տուշոնկեն սենց եկավ մեր տուն, չգիտեմ ով բերեց թափեց մեր դռան դեմը»,- հավելեց նա:

Սարոյանն ասաց, որ ապրիլյան պատերազմի օրերին զինվորները սոված էին:
Նա նշեց, որ մտածում էր, թե Մանվել Գրիգորյանի մոտ միայն զենք-զինամթերք է հայտնաբերվել, բայց ում մտքով կանցներ, որ նա այդքան կցածրանա ու տուշոնկա կգողանա: Սարոյանը նաև հավելեց, որ չի կասկածում՝ Մանվել Գրիգորյանի գլխին չեն սարքել, ինչպես ոմանք են ասում: «Էդ ինչ էր, մի հատ պիստալե՞տ էր բերին քցին Մանվելի պահեստ: Ով ըլներ, ես պտի ճիշտը ասեի»,- նշեց նա:

Սարոյանը նաև հավելեց, որ իքնը վախենալու ոչինչ չունի, եթե ԱԱԾ-ն որոշի իրեն ստուգել:

«Ես էնքան հիասթափված եմ, էլ ոչ մեկին չեմ հավատում: Ես էլ ոչ մեկի տեղ պատասխան չեմ տալիս, էլ ոչ մեկի վրա հույս չեմ դնում, թե սրանից հետո մեկին աջակցություն անեմ, ամոթ ինձ»,- նշեց նա:

Spread the love