Իշխանափոխություն ՀՀԿ-ում. Պատահակա՞ն է, որ արտահերթ ընտրության հարց քննարկելու պատրաստ լինելու մասին հայտարարում է Դավիթ Հարությունանը

Davit Harutyunyan

Հայտարարությունը, թե ՀՀԿ-ն պատրաստ է արտահերթ ընտրությունների և Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ քննարկումներին, ըստ էության ՀՀԿ դիրքորոշման փոփոխություն է, որ տեղի է ունեցել ԳՄ նիստից հետո, համենայնդեպս՝ ժամանակագրական իմաստով:

Բանն այն է, որ մինչ այդ ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ փոխնախագահներ, խոսնակ, ԱԺ փոխնախագահ, խմբակցության ղեկավար, հայտարարում էին լրիվ հակառակ բան՝ որ ՀՀԿ օրակարգում չկա արտահերթ ընտրության հարց: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Դավիթ Հարությունյանը հայտարարում է, որ պատրաստ են քննարկել արտահերթ ընտրության հարցը և օրենսգրքի փոփոխությունը: Դա փաստացի հայտարարություն է օրակարգի փոփոխության մասին: Հետաքրքիր է պատճառը: Այդ առումով էլ իր հերթին հետաքրքիր է, որ ՀՀԿ օրակարգի կամ դիրքորոշման փոփոխությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ կուսակցությունից հեռանալու մասին առաջին հայտարարություններն են հնչում՝ Արթուր Գևորգյան, Շիրակ Թորոսյան, որը կուսակցական չէ, սակայն դուրս է գալիս խմբակցությունից: Դրան զուգահեռ՝ խմբակցության ղեկավարն էլ առաջին անգամ խոստովանում էր, որ կարող են դառնալ փոքրամասնություն:

Այդ պայմաններում ամենևին զարմանալի չէ, որ ՀՀԿ-ն խոսում է արտահերթ ընտրության հարց քննարկելու պատրաստ լինելու մասին: ՀՀԿ-ն տրոհման եզրին է և ըստ այդմ՝ առավել հակված է գործադիր իշխանության կամ թավշյա հեղափոխության օրակարգի հետ փոխզիջման՝ այստեղ տեսնելով նաև թեկուզ փոքրամասնության կարգավիճակով նոր խորհրդարանում լինելու շանսը, 5 տոկոս հաղթահարելու հնարավորությունը:

Մյուս կողմից՝ առիթ ունեցել ենք խոսելու, որ այստեղ կարող է լինել իսկապես մարտավարական հնարք, երբ դե յուրե մեծամասնության պատասխանատվությունը ՀՀԿ-ն, այսպես ասած, ցրի խորհրդարանի ամբողջ տիրույթում և անցնի նախագծերի «ստվերային» տորպեդահարման, երբ այլևս չի լինի դե յուրե մեծամասնություն և պատասխանատվություն չի կրի քվեարկությունների համար: Իրական է այդ վտանգը, թե ոչ՝ իհարկե, բարդ է ասել, սակայն թերևս պետք է նկատի ունենալ նաև հնարավոր այդ սցենարը՝ «պարտիզանության» տարբերակը:

Մյուս կողմից, սակայն, ՀՀԿ օրակարգի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել ներկուսակցական կոնֆիգուրացիայի փոփոխությամբ: Պատահակա՞ն է արդյոք, որ արտահերթ ընտրության հարց քննարկելու պատրաստ լինելու մասին հայտարարում է Դավիթ Հարությունանը, այսինքն՝ նա է ԳՄ նիստից հետո, այսպես ասած, խոսնակը կամ բանախոսը, որ հայտնում է քննարկված հարցերի մասին: Այսինքն՝ ՀՀԿ-ում օրակարգ է փոխվում, որովհետև փոխվում է ներկուսակցական կոնֆիգուրացիան: Իսկ Դավիթ Հարությունյանի գործոնն այստեղ հատկանշական է՝ նկատի ունենալով այն, որ Հարությունյանը ըստ էության միակ ՀՀԿ-ականն էր, որը ոչ միայն չէր խոսում Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին, ոչ միայն չէր տեսնում միայն Սարգսյան-Կարապետյան դիլեման, այլև հայտարարում էր, որ ՀՀԿ-ն ունի վարչապետի շատ այլ թեկնածուներ, և իրավիճակը կորոշի, թե ով կընտրվի:

Ներկայումս էլ Դավիթ Հարությունյանը փաստորեն հանդես է գալիս նոր օրակարգի մասին հայտարարությամբ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, թեև ավելի հավանական է այն, որ նիստում ոչ թե որոշվել է օրակարգի փոփոխությունը, այլ օրակարգի փոփոխությունը կոնֆիգուրացիայի փոփոխության տեսքով տեղի է ունեցել նիստից առաջ, իսկ ԳՄ նիստում ընդամենը արձանագրվել է:

ՀՀԿ օրակարգի վերանայումը անկասկած կուսակցության ներսում հարաբերությունների պարզաբանման և ուժերի վերադասավորման բավականին աշխույժ գործընթացի արտացոլում է, ըստ այդմ՝ դեռևս պետք չէ բացառել, որ ՀՀԿ օրակարգը կարող է առաջիկայում կրել փոփոխություններ, ընդ որում՝ ոչ մեկ անգամ:

Spread the love