Իրավիճակի նենգափոխում է, երբ պետական կառավարման համատեքստից կտրվում է անվտանգության քաղաքականությունը

eshelon ishxanutyun

Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, որ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության ոլորտում ՀՀԿ գործունեությունը բխել է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից, ինչի վկայություն են բերում այն, որ նոր կառավարությունը այդ հարցերում շարունակում է նախկին վեկտորներն ու պաշտպանական ծրագրերը:

Այն, որ զուտ լոկալ հարթության մեջ ՀՀԿ-ն իրավացի է և եղել է շատ թե քիչ համարժեքություն պետության շահին, անկասկած է: Սակայն այստեղ կա հստակեցումների անհրաժեշտություն:

Նախ, ՀՀԿ-ն իհարկե այդ փաստարկները բերում է իր ռեաբիլիտացիայի համար, ցույց տալու համար, որ հանիրավի են պետությունը մսխելու և պետության հաշվին սեփական իշխանությունը կառուցելու հանրային մեղադրանքներն ու քննադատությունը: Հենց դրա համար կա հստակեցումների անհրաժեշտություն: Առաջին՝ ՀՀԿ-ն քիչ թե շատ համարժեք քայլերի անցել է Ապրիլյան քառօրյայից հետո, ինչը ինքնին հետևանք էր ծայրահեղ անհամարժեքության: Այսինքն՝ երկու տասնամյակ գտնվելով պետության ղեկին, մեկ տասնամյակ ունենալով բացարձակ իշխանություն, Հանրապետական կուսակցությունը միայն վերջին երկու տարիներին է շատ թե քիչ համարժեք արտաքին և պաշտպանական քաղաքականություն վարել, այն էլ միայն քառօրյա պատերազմի հարվածը ստանալուց հետո, երբ չվարելն այլևս ուղղակի անհնար էր և ուղիղ հարվածելու էր հենց իր իշխանության դիրքերին: ՀՀԿ-ին այդ համարժեքության ստիպել են բանակն ու հանրությունը, որ մեկ բռունցք դարձած դիմակայեցին Ապրիլյան քառօրյան, ծանր կորուստների գնով ուղղելով իշխանության կառավարման անհամարժեքությունն ու սխալները:

Մյուս ասպեկտն այն է, որ պետական քաղաքականությունն ու պետական կառավարումը ամբողջություն է: Չի լինում արտաքին քաղաքականություն, պաշտպանական քաղաքականություն, երբ ներքին կյանքում քաղաքականության մակարդակի է կոռուպցիան և իշխանության ու բիզնեսի արատավոր սերտաճումը՝ ամենածայրահեղ դրսևորումներով: Անվտանգությունն ու պաշտպանությունը ներքին քաղաքականության հետ կազմում են պետական կառավարման մեկ ամբողջություն: ՀՀԿ-ի պարագայում չի եղել այդ ամբողջությունը: Ավելին, արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ էլ քայլերն արվել են այնքան, որքան անհրաժեշտ է եղել իշխանական անվտանգության նվազագույն ապահովման համար:

Ըստ այդմ` իրավիճակի նենգափոխում է, երբ պետական կառավարման համատեքստից կտրվում է անվտանգության և պաշտպանական քաղաքականությունը, տողատակում փորձ անելով այդպիսով քողարկել ներքին քաղաքականության այն, մեղմ ասած, անարդյունավետությունը, որով «աչքի է ընկել» Հանրապետականն իր կառավարման երկու տասնամյակում, և հատկապես բացարձակ իշխանության վերջին տասնամյակում: Տվյալ պարագայում խնդիրը պետական քաղաքականության ռազմավարական նպատակադրումն է, որովհետև այդ դեպքում ներքին և արտաքին քաղաքականությունը կազմում է ներդաշնակ ամբողջություն: Դրա բացակայությունը պարզորոշ հուշում է, որ անգամ համարժեք քայլերի իմաստը ռազմավարական անհամարժեք նպատակների սպասարկումն է:

Spread the love