Ի՞նչ կարող էր լինել պետության հետ, որի վերնախավում հավաքված են եղել մեղսունակության հետ խնդիրներ ունեցող

- in Վերլուծական

Դեռևս գեներալ Մանվել Գրիգորյանի տան խուզարկության տեսագրությունից հետո հնչած, հնչող ու դեռ հնչելիք գնահատականներում, բացի քաղաքականից, բարոյականից ու հոգևորից, կա բարձրաձայնվող կամ այնքան էլ չբարձրաձայնվող մեկ այլ ասպեկտ՝ արդյո՞ք այդպիսի արարքների ընդունակ անձը հոգեպես առողջ է եղել ու մեղսունակ։ Այդ հարցը, մեծ հավանականությամբ, կփորձի կամ պետք է փորձի պարզել նաև գործի քննությունը՝ նշանակելով համապատասխան դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն։

Ակնհայտ է, որ ինչպես արդեն իսկ ձերբակալված Մանվել Գրիգորյանը, այնպես էլ ձերբակալվելիք այլք կտան ամեն ինչ՝ նման փորձաքննություն իրականացնելու ու արդյունքում իրենց անմեղսունակ ճանաչելու համար։ Դա կարող է ինչ-որ չափով մաքրել իրենց անունը, ինչպես ԱԱԾ մեկուսարանից հղված նամակում խոստանում էր Մանվել Գրիգորյանը։ Բայց խնդիրը միայն Մանվել Գրիգորյանը չէ, այլ այն բարոյահոգեբանական խեղված մթնոլորտը, որում ապրել ու «ստեղծագործել» են Մանվել Գրիգորյանն ու նրա նմանները։ Օրինակ՝ ինչպես բացատրել հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին ղեկավար Վաչիկ Ղազարյանի տան կամ սրճարանի խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան մեկ միլիոն դոլար։ Կանխիկ։ 21-րդ դարում աշխարհում դժվար է գտնել մարդկանց, ովքեր այդքան կանխիկ գումար են պահում։ Եթե, իհարկե, այդ գումարն անօրինական ու ապօրինի չէ և չի գոյացել հանցավոր ճանապարհով։

Հետևելով նախկին իշխանության ներկայացուցիչների մասին բացահայտումներին՝ տպավորություն է ստեղծվում, որ հարստությունն ու հարստանալը նրանց համար եղել են ինքնանպատակ, մոլուցքի հասնող ինքնանպատակ մղում, ձգտում։ Իսկ ցանկացած մոլուցք ինքնին հիվանդություն է։ Հոգեկան հիվանդություն։ Մոլուցք ունեցողներն իրենց մոլուցքը բավարարելու, հագուրդ տալու համար միջոցների միջև խտրություն չեն դնում։ Երբ հարցին նայում ենք այս տեսանկյունից, պարզ է դառնում, որ Մանվել Գրիգորյանի համար լրիվ միևնույն է եղել՝ ինչ ու ինչպես կթալանի՝ զինվորի բաժի՞նը, թե՞ մանկատան երեխաների սնունդը կամ հաշմանդամների սայլակները։ Նրա համար թալանն ու մսխումը եղել են մոլուցքի աստիճանի ինքնանպատակ մղում։ Ու նա միակը չէ։

Այս արձանագրումի ամենաողբերգական հետևությունն այն է, որ փաստորեն շուրջ երկու տասնամյակ Հայաստանը ղեկավարել են մարդիկ, ովքեր առնվազն մեղսունակության հետ խնդիրներ են ունեցել, ովքեր առաջնորդվել են բնազդային մղումներով՝ կանգ չառնելով ոչնչի առջև։ Այդ մարդիկ՝ մեղսունակության ու համարժեքության հետ խնդիրներ ունեցող մարդիկ, կազմել են Հայաստանի էլիտան՝ ֆորմալ ու ոչ ֆորմալ կարգավիճակներով։ Իսկ ի՞նչ կարող էր լինել պետության հետ, որի վերնախավում հավաքված են եղել նաև կամ առավելապես մեղսունակության հետ խնդիրներ ունեցող, հանուն նյութական բարեկեցության ամեն ինչի պատրաստ մարդիկ։ Այդ պետության հետ կարող էր լինել ամեն ինչ՝ ընդհուպ կապիտուլյացիան, քանի որ եթե Մանվել Գրիգորյանի ամբարները համալրվեին ավելի շատ պահածոներով, ավտոպարկն էլ՝ նաև հրշեջ մեքենաների ու դիակառքերի նոր մոդելներով, հնարավոր է նա չդիմանար գայթակղությանը և, ասենք, հակառակորդին հանձներ իր գեներալությանը հանձնված որևէ տարածք Լեռնային Ղարաբաղում։

Իսկ ի՞նչ կարող էր տեղի ունենալ, եթե ոչ թե առանձին տարածքների, այլ երկրի նկատմամբ իրավասություն ունեցողները ևս առաջնորդվեին նման մղումներով ու հանուն իրենց միլիարդը մեկ կամ մի քանի զրոյով ավելացնելու հանձնեին պետությունը՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Այս հարցն այնքան էլ հռետորական չէ և մասամբ պատասխանված է։ Իսկ այդ պատասխանները պետք է փնտրել անցած 20 տարիներին ստորագրված ու վավերացված բոլոր փաստաթղթերում, որոնցով Ռուսաստանը Հայաստանում ստացել է ամենայնը՝ էներգետիկայից մինչև ռազմաբազայի տարածքներ ու գազի մենաշնորհ։ Ահա այդ բոլոր փաստաթղթերը մեղսունակության հետ խնդիր ունեցող մարդկանց «պետական քաղաքականության» լուռ վկաներն են, որոնք կարող են վկայություն տալ դեռ բացահայտվելիք գործերով ընթանալիք դատավարություններում։

Հոգեբանական բազմաթիվ տեսություններ կան այն մասին, որ մարդը դիմացինին մեղադրում է նրանում, ինչի մեղքն ունի անձամբ, մեղադրում է՝ այդպիսով ինքնարդարացումներ գտնելով։ Հայաստանի նախկին երկու իշխանությունները իշխանության գալուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էին «Ղարաբաղը ծախելու» մեջ։ Արդյունքում Քոչարյանի իշխանության ժամանակ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կորսվեց 800 հեկտար տարածք։ Ու ինչպես պարզվելու էր հետագայում, երիտասարդ զինվորների անձնական արիության ու անձնական որոշումների արդյունքում էր կանխվել ավելի շատ տարածքի հանձնումը։

Անմեղսունակությունն անշուշտ առաջին հերթին անհատական, անձնային կատեգորիա է։ Բայց այն միանգամայն այլ նշանակություն է ստանում, եթե վերաբերում է մարդկանց հավաքականությանը, այնպիսի հավաքականությանը, ովքեր մոտ երկու տասնամյակ պետության ճակատագրի վերաբերյալ որոշումներ են կայացրել։ Ընդ որում, այդ դեպքում կարող է խոսք գնալ գիտակցված ու հաշվարկված անմեղսունակության մասին, քանի որ այդ անմեղսունակությունը դրա հեղինակների համար ապահովել է միլիարդավոր դոլարների շահ՝ նույնքան վնաս պատճառելով պետությանն ու հասարակությանը։

Առաջիկայում Հայաստանում կարող է ավելանալ որակավորում ունեցող հոգեբանների ու հոգեբույժների պահանջարկը։

Spread the love