Խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը չի ուզում փոփոխություններ

- in Կեղտոտ լվացք
AJ

Հայաստանում արագ արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավոր չի լինի կազմակերպել, որովհետև Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները բավական շատ են:

Երեկ տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Խորհրդարանում ներկայացված կուսակցությունների երեքական ներկայացուցիչներ հավաքվել էին, որպեսզի քննարկեն փոփոխությունները, բայց քննարկում, որպես այդպիսին, չի կայացել, քանի որ հավաքվածները չեն իմացել, թե ինչ են քննարկելու: Միակ որոշումը, որ կայացվել է, վերաբերվել է աշխատանքային խմբի հաջորդ նիստի օրվան, այն կանցկացվի հուլիսի 4-ին, քանի որ հաջորդ շաբաթ գումարվելու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, և բոլոր խմբակցություններից առնվազն մեկական ներկայացուցիչ լինելու է Ստրասբուրգում:

Արա Բաբլոյանը ներկաներին վստահեցրել է, որ ինքը աշխատանքային խումբը ստեղծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված, հասկացնելով, որ դա ինքնագործունեության դրսևորում չէ: Բայց ներկաների մոտ հարց է առաջացել, թե այդ դեպքում ինչ իմաստ ունի Փաշինյանի կողմից երկրորդ նման աշխատանքային խմբի ստեղծումը, որը ղեկավարելու է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Եթե աշխատում են երկու տարբեր աշխատանքային խմբեր, ապա մեծ է հավանականությունը, որ նրանք կարող են իրարից էականորեն տարբերվող առաջարկներ ներկայացնել: Բացի այդ հայտնի չէ, այս աշխատանքային խումբը պետք է Ընտրական օրենսգրքի սեփական տարբերակը ներկայացնի, թե ուղղակի եզրակացություն տա Դանիել Իոաննիսյանի ղեկավարած աշխատանքային խմբի կողմից ներկայացված նախագծի վերաբերյալ: Ոչ ԱԺ նախագահ Բաբլոյանը, ոչ աշխատանքային խմբի անդամները չունեն այդ հարցի պատասխանը, առանց որի անիմաստ է աշխատանքային խմբի գոյությունը: Երեկվա նիստի մասնակիցների այն մտահոգությունը, թե ավելի լավ կլինի, որ խորհրդարանում և կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբերը միավորվեն, ընդունվել է ի գիտություն: Խորհրդարանական աշխատանքային խմբում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը խոստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցել այդ մտահոգությունները, և հասնել նրան, որ երկու աշխատանքային խմբերը միավորվեն և խորհրդարանն ու կառավարությունը աշխատեն համատեղ:

Արա Բաբլոյանը անընդհատ կրկնել է, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության և ՀՀ օրենսդրության շրջանակներում: Բաբլոյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ամենամեծ հակառակորդն է, քանի որ նա այլևս ոչ միայն ԱԺ նախագահ, այլ շարքային պատգամավոր ընտրվելու հույս չի կարող ունենալ: Օրենքի ու սահմանադրականության մասին հիշեցումները կոչված են արդարացնելու ժամանակ ձգելու քաղաքականությունը, ինչով ըստ էության զբաղված է Բաբլոյանը: Երեկվա հավաքի ժամանակ հնչել է մի առաջարկ ևս՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ ընթացող քննարկումներին ներգրավել քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին: Եթե դա իսկապես տեղի ունենա, ապա երեք տարին բավարար չի լինի նոր օրենսգիրք մշակելու համար, և նույնիսկ հերթական ընտրությունները տեղի կունենան գործող օրենսգրքով:

Բաբլոյանի ստեղծած աշխատանքային խումը բացարձակապես մի նպատակ ունի՝ ժամանակ ձգել, ուրիշ խնդիր այդ խումբը չի կարող լուծել: Բոլորի համար էլ պարզ է, որ Ընտրական օրենսգրքի այն տարբերակը, որը հավանության է արժանանալու նոր իշխանության կողմից, չի կարող էական փոփոխությունների ենթարկվել ՀՀԿ-ականների կամ ՀՅԴ պատգամավորների առաջարկությունների հիմքով: Չի կարող այնպես լինել, որ նոր տարբերակում բացակայի ռեյտինգային ընտրակարգը, բայց աշխատանքային խումբը նստի ու սկսի քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների առաջարկը՝ պահպանել ռեյտինգային ընտրակարգը:

Կառավարության հավանությանը արժանացած Ընտրական օրենսգիրքը պետք է բերվի խորհրդարան, քննարկվի և ընդունվի: Մնացած բոլոր միջանկյալ օղակները՝ աշխատանքային խմբերն ու հանձնաժողովները ժամանակի անիմաստ վատնում են: Պարզ բան է, որ այսօրվա խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը չի ուզում փոփոխություններ, բայց նոր իշխանությունը չպետք թույլ տա, որ նրանք իրենց անիմաստ նախաձեռնություններով ժամանակ ձգեն, հետաձգելով անխուսափելի փոփոխությունները:

Spread the love