Ծառայողական ավտոպարկը Հայաստանում ու Մեծ Բրիտանիայում. Համեմատություն

avtoner

Ծառայողական ավտոպարկի ուռճացվածությունը և հսկայական ծախսերը վերջին տարիներին մշտապես եղել են հանրության և ընդդիմադիր գործիչների ուշադրության կենտրոնում:

Թավշյա հեղափոխությունից հետո լրատվամիջոցներում ու սոցցանցերում ավելի հաճախակի են դարձել ծառայողական ավտոմեքենաների կրճատման անհրաժեշտության մասին հրապարակումները:

Հայաստանում կա մոտ 950 ծառայողական ավտոմեքենա: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն օրերս հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվում է մոտ 110 ծառայողական ավտոմեքենա: «Նախնական մեր հաշվարկներով՝ այս պահին ծառայողական ավտոմեքենաների թիվը 30 տոկոս կրճատման է ենթակա», – ասել էր նա:

Ծառայողական ավտոմեքենաների կրճատման խնդիրն առկա է նաև այլ երկրներում: Օրինակ, Մեծ Բրիտանիայում 2010 թվականի ընդունված ծրագրի շրջանակում հետևողականորեն կրճատվում է դրանց թիվն ու կատարվող ծախսերը:

Կատարված փոփոխություններով, մասնավորապես, նախարարն այլևս չունի զուտ իրեն սպասարկող ծառայողական մեքենա. կան նախարարությանը սպասարկող մեքենաներ, որոնցից կարող է օգտվել նաև նախարարը: Այս փոփոխությունը թույլ է տվել ամբողջ կառավարությանը սպասարկող ավտոմեքենաների թիվը կրճատել 136-ից մինչև 85: 2010-2016 թվականներին ծառայողական մեքենաների վրա ծախսերը կրճատվել են 75%-ով:

2013 թվականի դրությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմին սպասարկում է 8, արտաքին գործերի նախարարությանը՝ 7, պաշտպանության, ներքին գործերի, ֆինանսների, կրթության նախարարություններին՝ 6-ական ավտոմեքենաներ: Մյուս գերատեսչություններին սպասարկող մեքենաների թիվն ավելի քիչ է:

Համեմատության համար, Հայաստանի ԱԳՆ-ին սպասարկում է 17, արդարադատության նախարարությանը՝ 22, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 12, մարզպետարաններին՝ 7-9-ական, ԱԺ-ին՝ 81, դատախազությանը՝ 92, Քննչական կոմիտեին՝ 79, և այլն:

Spread the love