Ծառուկյանը Փաշինյանի համար մրցակցից վերածվում է իրական դաշնակցի

- in Կեղտոտ լվացք
Gagik Carukyan

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերին։ Մամուլում հրապարակված այդ լուրը պաշտոնապես չի հերքվել։ Եթե անգամ կոնկրետ սեպտեմբերի մասով տեղեկատվությունը սխալ է, ապա միևնույն է՝ շատ մեծ հավանականությամբ ընտրությունները կայանալու են աշնանը՝ կա՛մ սկզբին, կա՛մ վերջին։

Այսինքն՝ ընդամենը նվազագույնը՝ 3, առավելագույնը 5 ամիս հետո։ Իհարկե, այդ ժամանակահատվածում դեռ շատ ջրեր կհոսեն, բայց անկախ այդ ջրերից՝ այսօրվա քաղաքական իրողությունները թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմելու ապագա ընտրությունների ու այդ ընտրություններում ձևավորվելիք խորհրդարանի մասին։

Ակնհայտ իրողություններից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժը՝ լինի դա «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ, թե «Ելք» դաշինքը, ստանալու է ձայների մեծամասնությունը։ Եթե այս պնդումը կարող էր վիճարկվել մեկ շաբաթ առաջ՝ այն հիմնավորմամբ, որ հեղափոխական էյֆորիան սկսում է մարել, ապա Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ակնհայտ դարձավ, որ այդ էյֆորիան նորից սկսում է աճել։ Բայց գեներալի ձերբակալությունը միակը չէր, ակնհայտ է, որ առաջիկայում լինելու են նոր ձերբակալություններ, գուցե ավելի աղմկահարույց։

Ակնհայտ է նաև, որ իշխանությունը ձերբակալությունների ժամանակացույցը համապատասխանեցնելու է նախընտրական ժամանակացույցին։ Դա նշանակում է, որ եթե որոշվել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն, դիցուք, սեպտեմբերի վերջին, ապա ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու բացահայտումները տեղի կունենան սեպտեմբերի սկզբին կամ երկրորդ տասնօրյակում։ Դրանում ոչ մի զարմանալի բան չկա։ Զարմանալի կլիներ, եթե իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարը չծառայեցներ նաև սեփական ընտրական վարկանիշի սպասարկմանը։ Դա նորմալ է բոլոր երկրներում։

Եվ ուրեմն, գոնե այս պահի դրությամբ, շատ մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժը ընտրություններում ստանալու է մեծամասնություն։ Կլինի դա ձայների 51, թե, ասենք, 63 տոկոսը՝ պարզ կդառնա առաջիկա զարգացումների արդյունքում։ Բայց այստեղ առաջ է գալիս հաջորդ չափազանց կարևոր հարցը՝ ո՞ր ուժը կամ ուժերը կարող են հավակնել խորհրդարանում երկրորդ տեղին։ Կրկին այսօրվա քաղաքական իրողությունները հաշվի առնելով՝ այդ կարգավիճակի ամենաառաջին հավակնորդը Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է կամ խորհրդարանական «Ծառուկյան» դաշինքը։

Ծառուկյանի քաղաքական դերակատարության հարցը առանցքային է իշխանության ներքին տրամաբանության ու սպառնալիքների տեսանկյունից։ Իսկ սպառնալիքներ իրականում գոյություն ունեն, և դրանք արդեն պայմանավորված չեն հակահեղափոխությամբ կամ ռևանշիստական նկրտումներով. Մանվել Գրիգորյանի ու մյուսների ձերբակալությունից հետո հանրապետականները կարող են անգամ ընտրություններին չմասնակցել։

Ավելի իրական են սպառնալիքները, պայմանականորեն ասած, արմատական, ռադիկալ ուժերի կողմից, որոնց առաջնորդողը կարող է դառնալ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։ Ընդ որում, նա կարող է միավորել ոչ միայն «Հիմնադիր խորհրդարանին» ու «Սասնա ծռերին», այլև, ինչպես արդեն նշել ենք, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին, «Ժառանգություն» կուսակցությանը, Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին»։ Այսինքն՝ այս ռադիկալ, զենքի կիրառումը որպես քաղաքական պայքարի միջոց չմերժող բևեռը կարող է բավական բազմանդամ դառնալ։

Այս բևեռին կարող են ձայն տալ նաև նախկին իշխանության, պետական կառավարման համակարգի նախկին ներկայացուցիչները, ովքեր հեղափոխության պատճառով կորցրել են աշխատանքն ու եկամտի, ստվերային եկամտի աղբյուրները։ Հասարակության այդ հատվածը Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը չէ։ Եթե այդ հատվածը անգամ մի պահ տարված է եղել հեղափոխական էյֆորիայով, միևնույն է՝ դա ընտրությունների ժամանակ արդեն անցած կլինի, քանի որ այդ խավի եկամուտներն էականորեն նվազել են, ինչի համար նրանք անգամ ենթագիտակցորեն մեղադրելու են Նիկոլ Փաշինյանին։

Ահա այս խավի ձայների մի մասին կարող է հավակնել «Բարգավաճ Հայաստանը», մյուս մասին՝ Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած ուժը։  Իհակե, դա ուղղակիորեն չի նշանակում, որ Սեֆիլյանի միավորը կարող է հավակնել խորհրդարանում զբաղեցնել երկրորդ տեղը, սակայն կարող է էական ներկայություն ունենալ։ Իսկ դա նշանակում է, որ ապագա իշխանությունն ապրելու է անընդհատ սպառնալիքի, ռադիկալիզմի տարբեր դրսևորումների պերմանենտ գոյության պայմաններում։

Ահա այս իրողությունների պայմաններում Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի համար առերևույթ մրցակցից վերածվում է իրական դաշնակցի, քանի որ իշխանության համար շատ ավելի նախընտրելի է Գագիկ Ծառուկյանի՝ երկրորդ տեղը զբաղեցնելը, քան Սեֆիլյանի առաջնորդած ուժի։ Իհարկե, այս հարցում կարող է առաջանալ որոշակի տարընթերցում՝ կապված բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։ Բայց դա հեշտ լուծելի հարց է. ի վերջո, Գագիկ Ծառուկյանը կարող է անձամբ չլինել ԲՀԿ-ի ցուցակում, իսկ այդ քաղաքական ուժին որևէ մեկը որևէ կերպ չի կարող արգելել մասնակցել ընտրություններին։ Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի անձով կամ առանց նրա ԲՀԿ-ն դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օբյեկտիվ դաշնակիցը, քանի որ ԲՀԿ-ի պարտության դեպքում նրա տեղը կարող է զբաղեցնել Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած ուժը, որից իշխանության վտանգները բազմապատիկ ավելի են, քան կարող են լինել Գագիկ Ծառուկյանից։

Ընդհանրապես Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն մուտք գործելուց հետո բոլոր կարևորագույն շրջափուլերում ստանձնել է կարևոր դերակատարում՝ այս կամ այն իրավիճակում բուֆերի գործառույթ իրականացնելով։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նա բուֆերի դեր էր կատարում իշխանության և ընդդիմության միջև, հիմա նա կարող է բուֆերի դեր ստանձնել իշխանության և ռադիկալ ուժերի միջև՝ նվազեցնելով վերջիններից բխող հնարավոր սպառնալիքները ինչպես իշխանության, այնպես էլ պետության համար։ Ըստ ամենայնի, հենց այս դերակատարությամբ պետք է բացատրել այսքան տարի քաղաքական չլինելով՝ քաղաքականության մեջ մնալու ու պահանջված լինելու Գագիկ Ծառուկյանի ֆենոմենը։

Spread the love