Կադրային քաղաքականության հարցը բխում է քաղաքական համակարգի տասնամյակներ շարունակ դրսևորած արատներից

- in Վերլուծական
ator-portfel

Թավշյա հեղափոխության հաղթանակից ու նոր իշխանության ձևավորոմից հետո ամենաշատ քննարկվող ու քննադատվող հարցը կառավարության կադրային նշանակումներն են։

Բազմաթիվ առանցքային, կարևորագույն պաշտոններում նշանակվում են կասկածելի կենսագրություն ունեցող կամ ընդհանրապես կենսագրություն չունեցող երիտասարդներ կամ՝ ոչ այնքան։ Իշխանության, Նիկոլ Փաշինյանի ամեն մի նշանակում դառնում է քննարկման ու քննադատության առարկա՝ մամուլում, քաղաքական շրջանակներում, սոցցանցերում ու մնացյալ ցանցերում։ Դա ևս բնական է։

Հասարակությունն ինքն է իրականացրել հեղափոխությունը ու հանդես է գալիս պահանջատիրոջ, հաշվետվություն պահանջողի դիրքերից։ Քննարկումն ու քննադատությունը օգտակար են նաև իշխանության համար՝ արդեն իսկ կատարված նշանակումների մասին ևս մեկ անգամ մտածելու ու նոր նշանակումների ժամանակ սխալներից զերծ մնալու համար։

Կադրային քաղաքականությունը եղել է Հայաստանի բոլոր իշխանությունների աքիլլեսյան գարշապարը։ Բայց նախկին իշխանություններն այդ խնդիրը լուծել են յուրովի. նրանք սահմանել են տարբեր պաշտոններում նշանակման ոչ ֆորմալ կանոններ ու սկզբունքներ, որոնց համապատասխանողները միայն կարողացել են տեղ զբաղեցնել պետական ու իշխանական համակարգում։ Ծագում, ազգակցական ծագումնաբանություն, հավատարմություն, վերադասներին ու գլխավոր վերադասին քծնելու, անհրաժեշտության դեպքում՝ ստորությանը պատրաստ լինելու կարողություն, օրենք խախտելու պատրաստակամություն ու կեղծ հայրենասիրությամբ հանդես գալու ցինիզմ։ Այս և բազմաթիվ նմանատիպ չափանիշներ են դրված եղել նախորդ իշխանությունների կադրային քաղաքականության հիմքում։ Դա որոշակիորեն լուծել է կադրային սովի հարցը, քանի որ գլխավորը եղել են ոչ թե մասնագիտական կարողությունն ու բարոյական նկարագիրը, այլ հավատարմությունն ու անբարոյականության չափաբաժինը։

Հանուն արդարության պետք է ասել, որ նախկին իշխանության մեջ, պետական կառավարման համակարգում եղել են նաև բարձր պրոֆեսիոնալներ, խնդիրը, սակայն, այն է, որ այդպիսիք համապատասխանել են նաև իշխանության ներկայացրած մյուս՝ վերը նշված չափանիշներին, այսինքն՝ պաշտոններում նշանակվելուց առաջ անցել են, պայմանականորեն ասած, բարոյականության/անբարոյականության թեստը։

Որո՞նք են նոր իշխանության կադրային քաղաքականության սկզբունքները՝ անկեղծ ասած, դժվար է միանշանակ ասել։ Իհարկե, ակնհայտ է, որ կադրային քաղաքականության հարցում իշխանությունն անում է առավելագույնը հնարավորինս ազնիվ մարդկանց նշանակելու համար, թեև լինում են նաև նշանակումներ, ինչպես, օրինակ, ՊԵԿ համակարգում, երբ բարձր պաշտոններում են հայտնվում նախկին համակարգից որպես կոռուպցիայի խորհրդանիշներ հայտնի դեմքեր։ Այդպիսի նշանակումներն առայժմ դեռևս ավելի շատ բացառություններ են, քան օրինաչափություն, սակայն շարունակվելու դեպքում սպառնում են վերածվել օրինաչափության։

Մյուս կողմից՝ կրկին հանուն արդարության պետք է նշել, որ կադրային քաղաքականության հարցում նման իրավիճակն ունի օբյեկտիվ հիմք և բխում է քաղաքական համակարգի տարիներ, տասնամյակներ շարունակ դրսևորած արատներից ու չկայացվածությունից։ Կադրային սովը, որը նաև այսօր ապրում է նոր իշխանությունը, ի թիվս այլ պատճառների՝ պայմանավորված է նաև կուսակցական համակարգի անկատարությամբ։ Հայաստանում կուսակցությունները, որպես կանոն, ձևավորվում են ոչ թե գաղափարների, այլ անձերի շուրջ։ Անձերի հանդեպ ունեցած հավատարմությամբ, կուսակցական ղեկավարների հետ ունեցած անձնական կապերով էլ պայմանավորված է լինում այս կամ այն մասնագետ-կադրի դիրքը կուսակցական հիերարխիայում։ Ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ կուսակցություններում ընտրությունը կատարվում է ոչ թե մասնագիտական ու բարոյական նորմերի, այլ կուսակցության շեֆերի հանդեպ ունեցած հավատարմության չափանիշներով։ Արդյունքում նույն այդ սկզբունքը շարունակում է գործել, երբ իշխանության է գալիս որևէ կուսակցություն։

Բացի այդ, մեր կուսակցություններում չկան ներքին ժողովրդավարություն ու կառավարության մոդելային տարբերակով աշխատակարգ։ Զարգացած երկրներում գրեթե բոլոր կուսակցություններն ունենում են մասնագիտական, ոլորտային խմբեր, որոնք աշխատում են գրեթե կառավարության գործունեության սկզբունքով։ Իմաստն այն է, որպեսզի կուսակցությունները պատրաստ լինեն իշխանության գալու դեպքում իրացնել պետական կառավարումը։ Դա է ընկած ստվերային կառավարության ինստիտուտի հիմքում, որը զարգացած ժողովրդավարական քաղաքական համակարգի անբաժանելի մասն է։ Մինչդեռ Հայաստանում այդ ինստիտուտն այդպես էլ չկայացավ, և մենք որևէ ընտրության ժամանակ որևէ կուսակցությունից չլսեցինք ստվերային կառավարության անդամների անուններ։

Նույն երևույթը՝ ավելի խտացված դրսևորմամբ, արտահայտվեց նաև հեղափոխության պարագայում, քանի որ հեղափոխություն իրականացրած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որոշակի բացառություններով՝ իհարկե, բայց ևս զերծ չէր այդ անկատարությունից։ Կադրային անկատարությունից։ Նույնը վերաբերում է նաև կառավարությանը մաս կազմած մյուս ուժերին՝ ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, որոնցում ևս գործում են կադրային քաղաքականության գրեթե նույն սկզբունքները։

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, և ստիպված ենք համակերպվել ու արձանագրել, որ վատ կադրային նշանակումներն օբյեկտիվ իրականության հետևանք են ու շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չի կայացել կուսակցական, քաղաքական համակարգը։ Ի դեպ, դրան կարող է նպաստել Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը, որը, բարեբախտաբար, որպես առաջնահերթություն ընդգրկված է նոր իշխանության օրակարգում։

Spread the love