Կարմիր բերետավորների գործողություններին կտրվի իրավական գնահատական, հավաքներ ցրելու համար նոր սարքավորումներ ձեռք չի բերի

«Ոստիկանը եթե տեսնում է իրավախախտման դեպք է տեղի ունենում, կամ հանցագործություն, պարտադիր չէ, որ իրեն վերևից որևէ մեկն ուղղորդի։

Ինչ վերաբերում է կարմիր բերետավորների գործողություններին՝ յուրաքանչյուր գործողությանը տրվում է, կտրվի իրավական գնահատական»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե քաղաքացիների մեքենաները կոտրող կարմիր բերետավորները պատասխանատվության ենթարկվելո՞ւ են։

Հարցին՝ արդյոք կարմիր բերետավորներին հրահա՞նգ է եղել, Վ. Օսիպյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր դեպք պետք է խորացված ուսումնասիրվի, տրվի իրավական գնահատական. «Միգուցե դրա անհրաժեշտությունը կա՞ր, ինչ-որ հանցագործություն էր տեղի ունենում։ Դրա համար յուրաքանչյուր դեպք պետք է առանձին ուսումնասիրվի»։

ՀՀ ոստիկանությունը հանրահավաքներ և ցույցեր ցրելու համար նոր սարքավորումներ ձեռք բերելու ծրագիր չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ հավաքներ ցրելու համար նոր սարքավորումներ ձեռք չեն բերելու, այլ հակառակը՝ կարող են վերանայել եղածը:

«Այժմ մենք չունենք նոր սարքավորումներ ձեռք բերելու պլաններ, ընդհակառակը՝ մենք կարող ենք վերանայել եղածը»,- նշեց Վ. Օսիպյանը՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի՝ եղածը վերանայել ասելով:

Ոստիկանապետը հավելեց, որ խաղաղ բնույթի հավաքներ երբեք չեն ցրվում, սակայն երբ դրանց զուգորդվում են գործողություններ, որոնք քրեորեն պատժելի են, ոստիկանության միջամտություն, բնականաբար, լինելու է:

Վալերի Օսիպյանն անդրադարձել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու մասին դատարանի որոշմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն արել են իրենց աշխատանքը, իսկ դատարանն այդպիսի որոշում կայացրեց: «Ես խնդրում եմ ձեր հարցերն ուղղեք դատարանին»,- ասաց ոստիկանապետը:

Հարցին՝ ոստիկանությունն ո՞ւնի տեսանյութեր, որոնք վկայում են զանգվածային անկարգություններին Մասիսի քաղաքապետի և նրա կողմնակիցների մասնակցության մասին, Օսիպյանը պատասխանեց. «Երևի բավարար տեսանյութեր եղել են, որ քննչական մարմինների հետ համատեղ նման որոշում է կայացվել: Կխնդրեմ այդ հարցով դատարանին դիմել»:

Spread the love