Ֆելիքս Ցոլակյանը դուրս եկավ ՀՀԿ-ից

Feliks Colakyan

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը չի բացառում, որ կարող է ավելի շուտ դուրս գալ ՀՀԿ-ից, քան իրեն կհասցնեն հեռացնել: Ֆելիքս Ցոլակյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Կարող է ես ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն», -ասաց Ցոլակյանը՝ արձագանքելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե երեք անգամ խմբակցության որոշումներին դեմ գնալու դեպքում դրվում է կուսակցությունից պատգամավորի հեռացման հարցը, իսկ Ֆելիքս Ցոլակյանը երկու անգամ խմբակցության որոշումներին դեմ է գնացել ու դրա համար ստացել նկատողություն:

Հարցին, մտահոգված չէ՞, որ իրեն նկատողություն են անում, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Հա, ահավոր վախեցած եմ»։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկության ընթացքում կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, մինչդեռ այդ պահին ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը միաձայն դեմ քվեարկելու որոշում ուներ: Ֆելիքս Ցոլակյանը Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց նաև մայիսի 8-ին, երբ Փաշինյանն ընտրվեց վարչապետի պաշտոնում:

Արդեն ուշ երեկոյան. 

Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունից։ Թերևս, բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը ՀՀԿ խմբակցության հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։ Խաղաղություն բոլորիս»,- գրել է Ցոլակյանը։

Spread the love