Կոռուպցիայի դեմ պայքարի, Հայաստանի արտաքին հեղինակության ու արտաքին քաղաքական գործոնի մասին

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ ԱԱԾ գործողությունները միայն կբարձրացնեն Հայաստանի միջազգային վարկը, երբ աշխարհը տեսնի, թե ինչպես է Հայաստանում պայքար տարվում կոռուպցիայի դեմ:

Կոռուպցիայի դեմ պայքարի և Հայաստանի արտաքին հեղինակության, ու այդ հանգամանքի արտաքին քաղաքական գործոն լինելու պարագան առերևույթ թվում է տեսական դատողության մակարդակի: Այդ մակարդակում են ընկալվել նաև տարբեր դեսպանների հայտարարությունները այն մասին, որ կոռուպցիան Հայաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք է, ինքնիշխանության սպառնալիք: Տարիներ շարունակ Հայաստանում կրկնվել է միտքը, ընդ որում՝ նաև իշխանության մակարդակում, որ Հայաստանի կռվանը, օրինակ, Արցախի խնդրում, ժողովրդավարությունն է, քաղաքակրթական առավելությունը Ադրբեջանի նկատմամբ:

Թեև այդ հայտարարություններին, Հայաստանում, այդուհանդերձ, թե՛ հանրային, թե՛ առավել ևս իշխանության և նույնիսկ ընդդիմության մակարդակում չի գիտակցվել այդ հանգամանքը: Ավելին՝ երկու տասնամյակ առաջ հանրային գիտակցության մեջ ներդրվել է միտք, որ մինչև չլուծվի Արցախի հարցը, մարդիկ լավ չեն ապրելու: Քչերն են ուշադրություն դարձրել, որ այդ հայտարարությունը գործնականում լեգիտիմացրել է կոռուպցիան, լեգիտիմացրել է կեղծիքը, գողությունը, դրա հովանավորումը պետական ամենաբարձր մակարդակում: Ինչ խոսք, զուգահեռ այդ ամենն, իհարկե, դատապարտվել է, սակայն տեղի է ունեցել իրավիճակի և իրականության նուրբ նենգափոխում, որի հաշվարկը եղել է հանրային ենթագիտակցությունը:

Գիտակցական մակարդակում դատապարտվել է անօրինականությունը, կոռուպցիան, ընտրակեղծարարությունը, սակայն այդ ամենի վրա քաշվել է ենթագիտակցական մակարդակում աշխատող քողը՝ անվտանգության հարցը, Արցախի խնդիրը, թե առանց դրա լուծման լավ չեք ապրելու: Մի կողմից դա մարդկանց մոտ առաջացրել է իրավիճակի թյուրընկալում, մյուս կողմից՝ նաև որոշակի արգելակներ կոռուպցիայի և դրա քաղաքական հովանու դեմ պայքարում՝ մշտապես զգուշավոր հայացք պահելով Արցախի կողմ: Արդյունքը եղել է այն, որ Հայաստանը տարեցտարի կորցրել է իր գլխավոր կռվանը՝ սկսած 1995-96 թվականների ընտրական փուլից, ըստ այդմ՝ կորցրել է նաև իր դիվանագիտական դիրքերը: Դրա փոխարեն, Հայաստանում ամրացել է իշխանական կոռումպացված համակարգը՝ ամեն անգամ վերարտադրվելով Հայաստանի ու Արցախի անվտանգությունը շահարկելով, սակայն իրականում այդ անվտանգության հաշվին:

2016 թվականի ապրիլյան քառօրյան այդ ամենի հավաքական դիմակազերծումն էր, որը սակայն դառնալով կոռուպցիայի հարցում հանրային հարցապնդումների և պահանջների առիթ՝ այդուհանդերձ, չդարձավ Արցախի և հայկական պետականության ռազմավարության շուրջ խորքային քննարկումների մեկնարկ: Այլ կերպ ասած՝ չվերանայվեց «Մինչև Արցախի հարցը չլուծվի…» տրամաբանությունը կամ պարզապես համընդհանուր համակարգային կոռուպցիայի և կեղծիքի հանրային ենթագիտակցական «ալիբին»: Հետևանքը եղավ այն, որ Հայաստանը ապրիլի քառօրյայից հետո երկու տարվա ընթացքում գնաց ոչ թե դեպի առողջացում, այլ անցավ աղմկոտ ու անաղմուկ մի շարք կատակլիզմների միջով, որոնք իրենց դրսևորումներով ու էությամբ պակաս վտանգավոր չէին, քան պատերազմական գործողությունները:

Գործնականում, 2018 թվականի ապրիլ-մայիսի զարգացումների առանցքային ձեռքբերումներից մեկն այն էր, որ դե ֆակտո հաղթահարվեց «մինչև Արցախի հարցը չլուծվի…» տրամաբանությունը: Իհարկե, դեռ վաղ է ասել, որ մարդիկ լավ են ապրում, բայց փաստ է, որ «հարցը չի լուծվել», սակայն Հայաստանում կա իշխանության ոչ բռնի, անցնցում, ժողովրդական կամքով փոփոխություն, Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքար: Իսկ մարդիկ լավ են սկսելու ապրել այդ ամենի արդյունքում, երբ Հայաստանը սկսի ապրել արդեն նոր տրամաբանությամբ:

Ըստ այդմ՝ անհրաժեշտ է պարզապես նոր տրամաբանության ձևակերպում: Հնի հերքումը, այն էլ գործնական, զգալի մասով իրականություն է: Անհրաժեշտ է նորի ձևակերպում, որ՝ «Արցախի հարցը կլուծվի Հայաստանի և Արցախի շահի ու անվտանգության տրամաբանությամբ», երբ մարդիկ Հայաստանում սկսեն ապրել կոռուպցիոն ցանցից դուրս, օրինական, իրավահավասար, տնտեսական և քաղաքական ազատ մրցակցության պայմաններում: Որովհետև պետական այդ տրամաբանությունն ու որակն է Հայաստանի աշխարհաքաղաքական խաղաքարտերից մեկը, որը մեր ձեռքին էր արցախյան առաջին պատերազմում և թույլ տվեց ապահովել միջազգայնորեն լեգիտիմ հաղթանակ: Հետո այդ խաղաքարտի կորուստն էր, որ դիվանագիտական ասպարեզում բերեց հայկական դիրքերի կորստի և Ադրբեջանի ագրեսիվության:

Հայաստանը ներկայումս ստացել է իր դիրքերը վերականգնելու հնարավորություն, և քայլերն այդ ուղղությամբ ակնառու են: Ընդ որում՝ խնդիրը այս դեպքում լոկ արժեքային դաշտում չէ, այլ տնտեսական, նյութական ռեսուրսների, քանի որ դրանց ներքին գեներացիայի արդյունավետության գործակցով է պայմանավորված Հայաստանի քաղաքական կշիռը և արտաքին դաշնակիցների առկայությունն ու վարքագիծը: Դրա վկայությունն էլ ապրիլյան քառօրյան էր, որի տրամաբանությամբ, սակայն, Հայաստանը պետք է ապրի և գործի միշտ, ոչ թե չորս օր, այն էլ ստիպված, որովհետև հակառակորդը չէր թողել այլ ելք:

Հակառակը՝ Հայաստանն ապրելով քառօրյայի տրամաբանությամբ միշտ, գործնականում հակառակորդին չի թողնելու մտածել, թե ելք կարող է լինել պատերազմը: Պատերազմը զսպելու այլ տարբերակ Հայաստանը չունի, քան ամեն օր քայլ առ քայլ և տուփ առ տուփ ցույց տալով, որ պատրաստ է դրան:

Spread the love