Կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը զուգահեռ նոր «ճակատ է» բացվում՝ մարտի 1

serzh-robert

Մարտի 1-ի գործով իրականացվելու է քննություն, դա մեր գերատեսչությունը չի իրականացնելու. ներկայում ընթանում է քննություն, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Իր հերթին, հայտնի է դարձել, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործով նախաքննությունն ակտիվ փուլ է մտել։

«Այդ գործով այժմ ակտիվ նախաքննություն է իրականացվում և նախատեսվում է, որ նշված քրեական գործի շրջանակներում կհարցաքննվեն բազմաթիվ պաշտոնատար անձինք», տեղեկացրել են ՀՔԾ-ից:

Այսպիսով, կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը զուգահեռ նոր «ճակատ է» բացվում՝ մարտի 1-ի իրադարձությունների քննությունը: Ընդ որում, արտաքինից միմյանց հետ կապ չունեցող այս ուղղություններն իրականում սերտ փոխկապակցության մեջ են:

Բանն այն է, որ Հայաստանում տնտեսությունն ու քաղաքականությունը սերտաճած են քրեա-օլիգարխիկ պայմանավորվածություններով: Այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվում իշխանության լծակների ուզուրպացման արդյունքում, որն անօրինական սեփականությունը պաշտպանելու միակ ձեւն է:

Նախքան հեղափոխական իրադարձությունները, Հայաստանի Ազգային ժողովում մարտի 1-ի գործով լսումների ընթացքում հատկանշական խոստովանություն էր արել ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը: Խոսելով այդ իրադարձությունների մասին, նա ասել էր, թե այդ ժամանակ ընդդիմությունը դնում էր սեփականության խնդիրը: Այսինքն, նա ակամա խոստովանել էր, որ իշխանությունը կոշտ միջոցների էր դիմել սեփականության վերաբաշխումը թույլ չտալու համար:

Այս խոստովանության, ինչպես նաեւ կոռուպցիոն սխեմաների բացահայտման ֆոնին, մարտի 1-ի գործով նոր քննությունն ու պաշտոնյաների հարցաքննությունը կարող է անսպասելի ընթացք ունենալ:

Spread the love