Կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցումը կվտանգեր Հայաստանի հեղինակությունը

- in Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում է համարում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնցում գործունեությունն ապահովելու կառավարության առաջարկած մոտեցումը, որով քաղաքացիները կվճարեն 2.5, պետությունը՝ 7.5 տոկոս:

Նախկինում կենսաթոշակային համակարգի մասնակիցը վճարում էր իր եկամտի 5 տոկոսը, 5 տոկոսն էլ՝ պետությունն էր վճարում անձի օգտին: Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե հնարավոր է հետագայում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հանել պարտադիր բաղադրիչը, վարչապետը նշեց՝ հետագայում սկզբունքորեն ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ներկայում գործադիրը խնդիր ունի ճիշտ հասկանալու և գնահատելու ստեղծված իրավիճակը:

«Այս պահին ուժի մեջ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ հուլիսի 1-ից բոլորն առանց բացառության պետք է վճարեն պարտադիր կուտակային բաղադրիչը: Նրանք, ովքեր նախկինում այդ համակարգ մուտք չէին գործել, հուլիսի 1-ից պետք է մասնակցեն համակարգին: Եթե հիմա մենք որևէ բան չձեռնարկեինք, հուլիսի 1-ից նախկինում համակարգում ընդգրկված շուրջ 207 հազար քաղաքացիները, ինչպես նաև ներկայում համակարգին միացող 80 հազար քաղաքացիները պետք է շարունակեն վճարել նախկին չափով: Այս իրավիճակում մենք ունեինք մի քանի այլ տարբերակ ևս՝ ոչինչ չձեռնարկել ու թույլ տալ, որ համակարգը նույն տեմպով գործեր: Սա մեզ համար ընդունելի չէր»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է համակարգի գործունեությունը մեկ տարով հետաձգելու տարբերակին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, դա անարդար և ոչ հավասար պայմաններ կստեղծեր մինչ այժմ համակարգին միացած 207 հազար քաղաքացիների նկատմամբ:

Համակարգն ընդհանրապես կասեցնելու դեպքում էլ Հայաստանի հեղինակությունը կվտանգվեր միջազգային ասպարեզում: «Այս պարագայում առաջ կգար կուտակային ֆոնդերի կառավարիչների հետ կոնֆլիկտի մեջ մտնելու խնդիրը: Այդ ֆոնդերը կառավարում են Եվրոպայում և աշխարհում բավականին բարձր ռեյտինգ ունեցող կառավարիչներ: Այս իրավիճակում նրանց համար չնախատեսված խաղի կանոններ ենք փոխում, այդ լուրը տարածվում է ամբողջ աշխարհում, նրանք էլ նպաստում են դրան, ստացվում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության համար խնդիրներ կան: Այս պայմաններում մեզ համար դժվար կլինի ուրիշ օտարերկրյա տնտեսավարողների հրավիրել Հայաստան, երբ մենք խաղի կանոններ ենք փոխում խաղի ընթացքում արդեն գործող տնտեսավարողների համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով կառավարության կողմից առաջարկված լուծմանը՝ վարչապետը նկատեց, որ հուլիսի 1-ից համակարգին արդեն միացած քաղաքացիներն ու նոր միացողները կվճարեն միջինում 5000 դրամով ավելի պակաս կենսաթոշակային վճար:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ Սահմանադրական դատարանի որոշումները՝ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, ամբողջությամբ չեն կատարվել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կկատարվի ուսումնասիրություն: «Ասում ենք՝ եկեք այս որոշումն ուժի մեջ մտցնենք, որպեսզի կառավարության պատճառով ցնցումներ չլինեն, գնանք ու ուսումնասիրություններ կատարենք, թե որքանով են կատարվել ՍԴ որոշումները կուտակային համակարգի վերաբերյալ։ Եթե կպարզվի, որ որոշումները չեն կատարվել ու այս ողջ համակարգը հակասահմանադրական է, ոչ մի ողբերգություն չկա: Այն գումարները, որոնք մինչև հիմա վճարվել են, նստած են մեր անունով բացված հաշիվներին, մարդիկ կարող են մինչև վերջին կոպեկը հետ ստանալ իրենց գումարները»,-հավելեց պաշտոնյան:

Պարտադիր բաղադրիչին անդրադառնալով էլ՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա արվում է այն նպատակով, որպեսզի մարդիկ այսօր կուտակեն կենսաթոշակային տարիքի համար, քանի որ ոչ բոլորն են կարողանում գումար «հետ գցել» և ամենաառաջին առիթի դեպքում էլ իրենց խնայողությունները ծախսում են:

Spread the love