Հայաստանի և Արցախի նոր, լեգիտիմ իշխանությունը տալիս է ավելի կոշտ և սկզբունքային լինելու հնարավորություն

- in Հրապարակ
dzerq

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան և հանդիպումներ են ունենում Հայաստանի նոր ղեկավարության հետ: Համանախագահների այցին ընդառաջ Արցախի պաշտպանական բանակը տարածել է հայտարարություն, որտեղ խոսվում է առաջնագծում Ադրբեջանի ակտիվ շարժերի և կուտակումների մասին:

Համանախագահների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստորեն մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Պուտինի հետ: Այցի առիթը ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումն է, որին ի դեպ մասնակցելու է նաև Ալիևը: Բայց Ալիև-Փաշինյան հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ:

Միաժամանակ, հունիսի 13-ի առավոտյան Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավերով Արցախ է մեկնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Որն է հրավերի բուն նպատակը՝ արցախյան հակամարտության իրողությունների շուրջ քննարկումնե՞րը, թե՞ Արցախի ներքին զարգացումների վերաբերյալ խորհրդատվությունները: Իսկ գուցե այսպես ասած երկուսը մեկ այցում, երկուսը միասին և փոխկապակցված: Արցախի նախագահ Բակո Սահակյանն օրերս հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու նախագահի պաշտոնի համար:

Նախագահի հերթական ընտրությունը նախատեսված է 2020 թվականին, բայց Սահակյանի հայտարարությունից հետո շատերը առնվազն հարցնում են, թե արդյո՞ք կլինի արտահերթ ընտրություն: Առավել ևս, որ Արցախում վերջին օրերին տեղի է ունենում թավշյա իշխանափոխություն և հրաժարական են տվել գործնականում բոլոր առաջին դեմքերը, բացառությամբ պաշտպանության նախարարի և հենց Բակո Սահակյանի: Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Ացախում ձևավորվում է նոր իշխանություն և աներկբա է, որ այդ գործընթացը Հայաստանում թավշյա հեղափոխության տրամաբանական շարունակությունն է:

Միաժամանակ ակնհայտ է, որ թե Հայաստանում, թե Արցախում նոր իշխանության հանգամանքը չի կարող չանդրադառնալ բանակցային գործընթաց կոչվածի վրա: Առնվազն առկա է հարց, թե արդյո՞ք նոր իշխանությունը ենթադրելու է Արցախի հարցում հին մոտեցումներից հրաժարում և նոր ռազմավարության անցում: Հայաստանիօ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ որոշակի նոր երանգներ հաղորդել է իրավիճակին, սակայն ակնհայտ է, որ անհրաժեշտ է ձևակերպված բանաձև և ռազմավարություն, հստակեցում, թե ինչից է հրաժարվում հայկական կողը և ինչ է առաջարկում դրա փոխարեն:

Ադրբեջանը դեռևս փետրվար-մարտին հայտարարում էր, որ Հայաստանում և Ադրբեջանում ընտրությունների ավարտից հետո ակնկալում է ինտենսիվ բանակցությունների վերսկսում: Հայկական նոր իշխանությունը հայտարարել է, որ անիմաստ է խոսել փոխզիջումների մասին, եթե Ադրբեջանը դրան պատրաստ չէ և պահանջում է ամեն ինչ:

Փոխզիջումներից խոսելու և բանակցելու անիմաստության մասին հայտարարում էր նաև Սերժ Սարգսյանը, քանի դեռ Ադրբեջանը մի ձեռքով պատերազմով է սպառնալու, մյուս ձեռքով իբր բանակցելով: Հայաստանի և Արցախի նոր, լեգիտիմության ահռելի պաշարով իշխանության հանգամանքը տալիս է ավելի կոշտ և սկզբունքային լինելու հնարավորություն: Բայց կա նաև տեսակետ, որ դա նշանակելու է Ադրբեջանին պատերազմի առիթի ընձեռում: Իրականում դա թյուրընկալում է, այն էլ վտանգավոր, որովհետև հայկական կողմից համարժեք կոշտության բացակայությունն է Ադրբեջանին տալիս առիթներ՝ առնվազն պատերազմի շանտաժի առիթ:

Ակնհայտ է, որ Բաքուն պատերազմի է դիմելու այն պահին, երբ կզգա հայկական կողմի նկատմամբ առավելության հասնելու փոքր ինչ հնարավորություն, անկախ բանակցային գործընթացում իրավիճակից: Դա շատ հստակ էր կազանյան գործընթացի և ապրիլյան քառօրյայի օրինակով: Բանակցությունը Հայաստանի համար ժամանակ շահելու հնարավորություն չէ, դա ինքնախաբեություն է:

Հայաստանը ժամանակ կարող է շահել միայն կառավարման էֆեկտիվությամբ, իսկ դա էլ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ռեգիոնալ շահեր հետապնդող այլ ուժային կենտրոնների, մասնավորապես Իրանի հետ երկկողմ ինտենսիվ հարաբերությամբ: Ժամանակ շահել հաջորդ ժամանակի համար, ու այդպես շարունակ, մինչև կձևավորվի ռազմա-քաղաքական այնպիսի բալանս, որը Հայաստանին թույլ կտա արցախյան ռազմավարությունը կառուցել արդեն առանց լարվելու, ինքը դուրս գալով թելադրող դիրքեր: Այդ խնդիրը ցավալիորեն շարունակում է բաց մնալ ներքաղաքական օրակարգում:

Պետք է հուսալ, որ Հայաստանի և Արցախի իշխանական օրակարգում այն բաց չէ և միաժամանակ գտնվում է ներդաշնակ գործակցության և համակարգվածության ռեժիմում ու հայկական կողմը Հայաստանի վարչապետ, նախագահ և Արցախի նախագահ ձևաչափում ներկայիս փուլում կազմակերպում է «եռաշերտ» դիվանագիտություն:

Spread the love