Հայաստանում ապրելն այսուհետ պետք է հաճույք պատճառի մեզ

- in Մշակույթ
Sergey Danielyan

Դերասան Սերգեյ Դանիելյանը հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում և դրանից հետո համացանցում իր տեղադրած կարճ հոլովակներին և դրանց քննադատություններին: Հոլովակներում դերասանը նմանակում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա խոստովանեց, ակնկալել է, որ  որևէ մեկին դուր չեն եկել դրանք, բայց չի կարծել, որ մարդիկ այդքան բուռն կարձագանքեն ու սրտին մոտ կընդունեն հումորային հոլովակները. «Հետո վերլուծեցի իրավիճակն ու հասկացա, որ նման գործընթացը օբյեկտիվ է և բնական, քանի որ մարդիկ տարիներ շարունակ ասես բանտում են ապրել և հիմա այդ բանտի դռները բացվել են. եկել է մեկը, ով նրանց այդ հնարավորությունը տվել է: Խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է»:

Նա նշեց, որ հնարավոր է` անձի պաշտամունք է ձևավորվել Նիկոլ Փաշինյանի շուրջ, սակայն ինքը վստահ է, որ դա երկար չի տևի, և մարդիկ  կհասկանան, որ հումորը վատ բան չէ, և իր հումորի մեջ սատիրա չկար, քանի որ սատիրայի մեջ ինքնին բացասական երանգ կա, իսկ իր հոլովակներում դա բացակայում է. «Դա ծաղր չէ, ընդամենը՝ անեկդոտ, պարզապես մարդիկ շատ ցավոտ են ընդունում նման բաները՝ չհասկանալով, որ հումորը և ժպիտը երբեք չեն խանգարի, դեռ ավելին, կթուլացնեն լարվածությունը»:

Անդրադառնալով մեր օրերում արվեստագետների մի ստվար զանգվածի իշխանամետ լինելուն` Սերգեյ Դանիելյանն ասաց, որ, հավանաբար, դա պայմանավորված է սոցիալապես անապահով լինելով. «Խորհրդային Միությունում կային ստեղծագործական միություններ, որոնք արտոնություններ էին տալիս նրանց, կային կոչումներ, որոնք լուրջ գումարներ էին ենթադրում: Օրինակ, եթե ֆիլմում նկարահանվում էր առանց որևէ կոչման դերասանը, նրան տասը ռուբլի էին վճարում, իսկ կոչումով դերասանին՝ 25: Հիմա այդ համակարգը չկա, այն փլուզվել է, և նորը դեռ չի ստեղծվել»:

Սերգեյ Դանիելյանը խոսեց նաև նոր իշխանությունների մասին և ասաց, որ հիմա ձևավորվում են նոր արժեքներ: Նա շեշտեց, թե այժմ պետք է հասկանալ, որ հարկեր վճարելու դեպքում գումարներն անհատների գրպանը չեն գնում, այլ մտնում են բյուջե: «Եթե ոստիկանն ինձ կանգնեցնի և տուգանի, ես հաճույքով կվճարեմ տուգանքը, քանի որ գիտեմ՝ այն գնալու է բյուջե: Պետք է հասկանալ, որ սա մեր տունն է, պետք է կառուցել երկիրը»,-հորդորեց դերասանը և հավելեց, որ Հայաստանում ապրելն այսուհետ պետք է հաճույք պատճառի մեզ:

Սերգեյ Դանիելյանը, չանտեսելով մշակութային դաշտում առկա խնդիրները, ասաց՝ արվեստագետների և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ինքը նշել է, թե ունի  առաջարկներ, որոնք կներկայացնի մշակույթի նախարարին:

Spread the love