Հայաստանում խաղի նոր կանոնների ձևավորման գործընթացը

- in Ընտրություններ

Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել ընտրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին, որի մեջ պետք է ընդգրկվեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը:

Ընտրական բարեփոխումների համընդհանուր լեգիտիմության տեսանկյունից այդ կազմը ըստ էության անխուսափելի է, որովհետև խաղի կանոնները պետք է սահմանվեն բոլոր հնարավոր խաղացողների համաձայնությամբ, որպեսզի հետո որևէ մեկը չունենա դժգոհություն դրանց կապակցությամբ, և դրանով ձևավորվի համընդհանուր քաղաքական համաձայնության հիմքը, որն էլ իր հերթին հետագայում Հայաստանում կբացառի քաղաքական նպատակների համար բռնության դիտարկումը որպես մեթոդ կամ միջոց թե՛ տակտիկական, թե՛ նաև ռազմավարական ժամանակահատվածների համար:

Դա Հայաստանի համար առանցքային խնդիր է, նկատի ունենալով, որ Հայաստանն այդ վտանգի վերաբերյալ ունի ոչ միայն տեսական պատկերացում, այլ ապրել է այն գործնականում՝ 2016-ի հուլիսին:

Տվյալ պարագայում խնդիրը պետք է դիտարկել խորությամբ, այդ ժամանակի իշխանության լեգիտիմության խնդրից դուրս, որովհետև այդ լեգիտիմության խնդիրը տվյալ պարագայում իրավիճակային է, իսկ պատճառահետևանքային առավել խոր շրջանակը մտածողությունն ու պատկերացումներն են, անգամ անկախ դրա կրողների ներքին մղումների անկեղծությունից ու անշահախնդրությունից:

Ի վերջո, լավագույն մղումներով հնարավոր է վատ պատկերացումներով ու մեթոդաբանությամբ հասնել վատագույն հետևանքի: Ըստ այդմ, խնդիրը պետք է լուծվի ոչ միայն իշխանության ու խաղի կանոնների լեգիտիմության մակարդակում, քանի որ դա նեղ է և քիչ, իրավիճակային լուծում է:

Ի վերջո, այդ լեգիտիմությունն իքս պահի կդադարի լինել «բացարձակ» ճանաչման առարկա, և ամեն ինչ կամ շատ բան կարող է տեղափոխվել հարաբերականության դաշտ, այնտեղ փնտրվող պտուղներով:

Այդ իսկ պատճառով, Հայաստանում խաղի նոր կանոնների ձևավորման գործընթացը պետք է ուղեկցվի քաղաքականության մեջ բռնի մեթոդների անվերապահ և բացարձակ բացառման մտածողության և մեթոդական, արժեքային դաշտի ձևավորմամբ:

Առավել ևս, որ Հայաստանում ապահովվել է դրա խիստ գործնական և գերարդյունավետ նախադրյալն ու փաստարկը՝ թավշյա, առանց բռնության հեղափոխությունը, որ հանգեցրել է իշխանափոխության, այսպիսով գործնականում արձանագրելով, որ իրավիճակի արդունավետ և անցնցում փոփոխությունը միանգամայն հնարավոր է, այն էլ զենքով փոփոխության փաստացի անհնար, չստացված դարձյալ գործնական փորձի պայմաններում:

Հակառակ պարագայում, եթե խնդիրը չստանա իր լուծումը մտածողության, հանրային գիտակցության ու ենթագիտակցության մակարդակում, այն համընդհանուր հանրային և պետական բնականոն համակեցության համար եթե ոչ միշտ, ապա երկար ժամանակ կպարունակի վտանգ, անգամ ընտրական բարեփոխումների համընդհանուր համաձայնությունը ձեռք բերած լինելու պարագայում:

Spread the love