Հայաստանում կոռուպցիան քաղաքական իշխանության և բիզնեսի խորագույն սերտաճման արդյունք է

- in Տնտեսական
aac

Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 14-ին հաստատել է հունիսի 13-ին Երևանի քաղաքապետարանում «Երևան» հիմնադրամի գործունեության առնչությամբ հատուկ գործողության արդյունքում հիմնադրամի տնօրենի և Դավիթաշենի համայնքի ղեկավարի տեղակալի ձերբակալման մասին տեղեկությունը:

«Երևան» հիմնադրամը դե ֆակտո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ենթակայության տակ գործող կառույց է: Դրա կոռուպցիոն ռիսկերի մասին ահազանգում են տարիներ շարունակ, տարբեր ընդդիմադիր գործիչներ, լրատվամիջոցներ: Իրականում ինչպիսին է վիճակը, պատասխանը պետք է տա ԱԱԾ-ն: Սակայն մինչ պատասխանը բավական հստակ է նաև, որ քրեաիրավական բնույթից զատ, հարցն ունի նաև քաղաքական ակնառու տողատակ, հատկապես նկատի ունենալով այն, որ առնչվում է նախկին իշխող ուժից ներկայիս իշխանական համակարգում իր դիրքերը պահող միակ սուբյեկտին՝ Տարոն Մարգարյանին:

Խոշոր հաշվով, ամենևին գաղտնիք չէ, այլ նույնիսկ բավական ակնառու, որ նոր կառավարության, մասնավորապես վարչապետի քաղաքական հենարանը ԱԱԾ-ն է: Քաղաքականն այստեղ, իհարկե, գուցե թե՛ չակերտավոր, թե՛ անչակերտ իմաստով: Բանն այն է, որ ԱԱԾ-ն չունի քաղաքականությամբ զբաղվելու իրավունք և ֆորմալ իմաստով թերևս չի էլ զբաղվում, քանի որ այդ կառույցի գործառույթն է ազգային անվտանգության սպառնալիքներով զբաղվելը, իսկ կոռուպցիան ոչ միայն ներկայիս իշխանությունն է այդպիսի սպառնալիք դիտարկել, ոչ միայն Հայաստանի արտաքին գործընկերները՝ մասնավորապես ԵՄ-ն և ԱՄՆ-ն, այլ նաև հենց Տարոն Մարգարյանի քաղաքական ուժը, երբ պետության նախագահն էր այդ ուժի ղեկավար Սերժ Սարգսյանը: Մյուս կողմից, սակայն, ակնառու է, որ իրականացնելով իր գործառույթը, Ազգային անվտանգության ծառայությունը ակամա քաղաքական ծառայություն է մատուցում քաղաքական իշխանությանը, որևէ պարագայում: Այդպես կլիներ նաև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեպքում և, խոշոր հաշվով, նաև նրա պաշտոնավարման հենարանն էր վերջին տարիներին դարձել ԱԱԾ-ն:

Այստեղ պատճառը միանգամայն բնական է՝ Հայաստանում կոռուպցիան քաղաքական իշխանության և բիզնեսի խորագույն սերտաճման արդյունք է, հետևաբար հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ՝ առանց քաղաքական իրավիճակի վրա դրա ազդեցության: Ընդ որում, խոսքը տվյալ դեպքում առնչվումն է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքականությանը: Առերևույթ, ինչ կապ ունի ԱԱԾ գործունեությունը արտաքին քաղաքականության արդյունքի հետ: Բայց խնդիրն այն է, որ արտաքին քաղաքականությունն ուղիղ կապ ունի պետության Համախառն ներքին արդյունքի հետ: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի լայնամասշտաբ գործողությունն էլ իր ուղղակի ազդեցությունը կարող է թողնել պետության ՀՆԱ-ի վրա, քանի որ գողանում են ոչ այլ տեղից, քան ՀՆԱ-ից: Այստեղ է նաև ներկայումս հնչող շատ հարցերի պատասխաններ, որոնք առնչվում են արտաքին քաղաքականությանը, դիվերսիֆիկացիային, ինքնիշխանությանը, դառնալով նոր իշխանությանը տրվող գնահատականների հիմք: Հայաստանը ներկայումս խաղում է գրեթե զրոյական խաղադրույքով, խաղում է այն ռեսուրսով, որ տվել է հայկական զինուժի և հանրության դաշինքը Ապրիլյան քառօրյա պատերազմում: Հայաստանը գործնականում երկու տարի է՝ խաղում է այդ ռեսուրսով:

Սակայն ակնառու է, որ այդ խաղը շարունակելու համար ռեսուրսը չի բավականացնելու, քանի որ թե՛ ժամանակն է երկարում, թե՛ նաև խաղն է բարդանում գրեթե օրեցօր, ի հայտ բերելով նոր շերտեր: Հայաստանում տեղի ունեցող թավշյա հեղափոխությամբ Հայաստանը շահեց նոր ռեսուրս և ժամանակ, ըստ էության զրոյական խաղը շարունակելու համար: Թավշյա հեղափոխությունն այլ բան չէր, քան դարձյալ հանրության և ուժայինների դաշինք, որովհետև ուժային սեգմենտը պարզապես հրաժարվեց դուրս գալ հասարակության դեմ և դա կատարեց իր վճռորոշ դերը իրավիճակի խաղաղ ու անցնցում փոփոխության հարցում: Իր ամբողջ խնդիրներով, ռիսկերով, ընթացիկ կառավարման և գործերի շրջանակում, մեղմ ասած, խնդրահարույց որոշումներով հանդերձ, Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը կենսական նշանակություն է ունեցել Հայաստանի զրոյական խաղը շարունակելու համար, որովհետև Ապրիլյան քառօրյայի դաշինքով տրված նոր հնարավորությունը սպառվելու էր, և Հայաստանը կամ դուրս էր մնալու խաղից, կամ խաղը երկարաձգելու համար ստիպված էր լինելու դիմագրավել նոր ռազմական հարվածի:

Այստեղ է խնդիրը, բայց միաժամանակ այստեղ է նաև այն, որ այժմ շահած ժամանակը բաց թողնելու իրավունք Հայաստանը չունի և կա ներքին էֆեկտիվության ու ռեսուրսային համալրման էական, դինամիկ, անընդհատ անհրաժեշտություն: Ահա թե ինչու է քաղաքական հենարան ԱԱԾ-ն: Ոչ թե միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը չունի խորհրդարանական մեծամասնություն: Այդ մեծամասնությունը հարց չէ, բայց խնդիրն այն է, որ գլխավոր հարցը լուծելու գործիք այդ մեծամասնությունը չունի: Քանի դեռ չի ստացվել ԱԱԾ գործունեության Համախառն ներքին արդյունքը, Հայաստանը չի ունենալու արտաքին էֆեկտիվ քաղաքականության հնարավորություն: Նոր իշխանության լեգիտիմությունը այդ հարցում անուղղակի ռեսուրս է, դրա ուղղակի ազդեցությունը նշանակալից է ներքին հարցերում, իսկ արտաքինում խաղացողները իրավիճակը չափում են նաև բազմաթիվ այլ պարամետրերով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20