Հայաստան-Արցախ՝ համատեղ գործողությունը թիկունքի անվտանգության բարձրացման ուղղությամբ

dzerq

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում շնորհակալություն է հայտնում հունիսի 16-17-ին Արցախ այցելելու հրավերն ընդունելու, նաև իր քաղաքական կուրսին անվերապահ աջակցելու, ինչպես նաև բանակցային ձևաչափը լիարժեք վերականգնելու ջանքի համար:

Միաժամանակ, Բակո Սահակյանն իր հերթին Արցախի իշխանության անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարացման՝ Նիկոլ Փաշինյանի ջանքին:

Այս ամենը, անշուշտ, չափազանց ուշագրավ բնույթ և տեսք է ստանում Հայաստանում տեղի ունեցած զարգացումների ֆոնին, որ ծավալվեցին Էջմիածնում քաղաքապետի պաշտոնի շուրջ, ի վերջո, ավարտվելով ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝ Երրորդ հանրապետության ամենախոշոր կոռուպցիոն սկանդալով, գեներալ Մանվելի ձերբակալությամբ: Անկասկած է, որ Բակո Սահակյանի շնորհակալական նամակը ամենևին քաղաքավարության ժեստ չէ, առավել ևս, որ այդ ժեստը կարող էր լինել նաև հենց Արցախում, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի այցի ընթացքում իր անվերապահ աջակցությունն էր հայտնել Սահակյանի բարեփոխումների կուրսին:

Հետևաբար, ակնառու է, որ հունիսի 18-ին շնորհակալական պատասխան նամակը քաղաքական հաղորդագրություն է, Արցախի իշխանության պատասխան աջակցության մասին հայտարարությամբ, ընդ որում՝ թե՛ Հայաստանի ներքին զարգացումներին, թե՛ արտաքին քաղաքական դիրքորոշումներին աջակցության հավաստիացմամբ: Ընդ որում, այդ հաղորդագրությունը գործնականում հասցեագրված է ինչպես Հայաստանի ներքին դաշտում գործունեություն ծավալող սուբյեկտներին, այնպես էլ արտաքին կենտրոններին: Նախ, այդպիսով մի կողմից դրսևորվում է Հայաստանի և Արցախի գործողությունների ներդաշնակությունը, մյուս կողմից՝ բավական նկատելի է դառնում Հայաստան-Արցախ փոխհարաբերության բնույթի փոփոխության գործընթացը, այդ հարաբերության բնույթի, այսպես ասած, միջպետականացումը, երբ ընդգծվում է Արցախի սուբյեկտությունը:

Առաջին հայացքից սա խորհրդանշական, արարողակարգային բնույթ կրող դրսևորում է, սակայն խորքային առումով, ի վերջո, հենց այդ բնույթի փոփոխությունից պետք է սկսի կարգավորման գործընթացում Արցախի սուբյեկտության նպատակի սպասարկումը: Միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ Բակո Սահակյանի արձագանքը, հատկապես գեներալ Մանվելի շուրջ տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ, ունի նպատակ բացառել այդ զարգացումներում որևէ «ռազմա-հայրենասիրական» շահարկման փորձը, որպիսիք որոշակիորեն նկատվում են անգամ այն պատկերից հետո, որ ներկայացրել է ԱԱԾ-ն: Խոշոր հաշվով, այստեղ ևս խնդիրը խորքային առումով գտնվում է հարաբերությունների «միջպետականացման» տիրույթում, որովհետև, խոշոր հաշվով, խնդիրն այստեղ ոչ միայն Մանվելն է, և ըստ էության ոչ միայն գողությունը, այլ նաև Մանվելը իբրև երևույթ, որ հատկապես ցցուն կերպով դրսևորվեց Ապրիլյան քառօրյայի ընթացքում: Բանն այն է, որ գեներալ Մանվելը իր խմբավորումով գործնականում հաստատվել էր Արցախում՝ Քառօրյա պատերազմի առիթով, իրականում, սակայն, այնտեղ մնալով գերազանցապես ոչ թե պաշտպանական, այլ արդեն թերևս մեզ բոլորիս հայտնի նպատակներով: Այդ մասին բազմաթիվ ահազանգեր էին հնչեցնում արցախցիները, մարտական ուղի անցած և վաստակ ունեցող հրամանատարներ, սակայն Մանվելը շարունակում էր մնալ Արցախում, դառնալով ինքնիրավչության և ամենաթողության, աղմկոտ պատմությունների «հերոս»:

Ըստ էության, տպավորություն էր, որ Մանվելն Արցախում է մնում ի հեճուկս Արցախի իշխանության, և հետ է վերադարձել միայն Սերժ Սարգսյանի կոչից հետո՝ ամիսներ անց: Այս դրվագը, ըստ էության, բավական վառ կերպով արտահայտում է իրավիճակի խորությունն ու այն, որ դրանում գործնականում բացակայել է պետականությունը, ու հարաբերությունները կարգավորվել են բացարձակապես այլ սկզբունքով, այլ դաշտում: Իսկ թե ով և ինչ պտուղներ է քաղել այդ դաշտից, թերևս ընդամենը մի փոքր մասով ներկայացվեց ԱԱԾ տեսանյութում: Եվ այս իմաստով, խնդիրը, խոշոր հաշվով, Հայաստան-Արցախ հարաբերությունների միջպետականացման տիրույթում է, ընդհուպ անվտանգության մեխանիզմի աշխատանքը և դրանում բացառապես պետական գերատեսչությունների դերակատարումը և պատասխանատվությունը: Այլ կերպ ասած՝ խոշոր հաշվով, ներկայումս դրսևորվում է Հայաստան-Արցախ՝ համատեղ գործողությունը թիկունքի անվտանգության բարձրացման ուղղությամբ, որը գործնականում իրականացվում է երկու տարի ուշացումով: Թեև այս դեպքում են ասում՝ լավ է ուշ, քան երբեք:

Spread the love