Հանրապետականի երկարաժամկետ հեռանկար պարզապես գոյություն չունի

serzh-sargsyan

Արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրություններ՝ հարցադրումն այսօր Հայաստանի քաղաքական զարգացումների մեխն է։ Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն պետք է ընտրի, թե ինչպիսի մարտավարություն է որոշում ընտրել՝ կարճաժամկե՞տ, թե՞ միջնաժամկետ։

Կարճաժամկետ մարտավարությունը նշանակում է ընդդիմանալ արտահերթ ընտրությունների գաղափարին, փորձել գոյատևել խորհրդարանում և, համապատասխանաբար, ըստ հնարավորի պահպանել իշխանության մյուս ճյուղերում ունեցած ռեսուրսները։ Միաժամանակ, սա նաև նշանակում է խոշորացույցի տակ պահել, ուշադիր հետևել նոր կառավարության բացթողումներին, օգտագործել խորհրդարանի ամբիոնը և եղած մեդիառեսուրսները այդ սխալները բարձրաձայնելու և չափազանցելու համար։ Այս մարտավարությունը իր մեջ կներառի նաև վարչապետի գործողությունների սաբոտաժը հնարավոր բոլոր մակարդակներով։

Այս տարբերակը առավել նախընտրելի էր թվում հանրապետականներին, քանի որ մի կողմից՝ նրանք հույս ունեին ակտիվորեն դիմադրել կառավարությանը, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նրանց մեծամասնությունը տեղ չի ունենա հաջորդ խորհրդարանում և միգուցե՝ այլևս քաղաքականության մեջ։ Ուրեմն վայելենք՝ որքան կարող ենք;

Միաժամանակ, անգամ եթե Նիկոլ Փաշինյանի կառավարության բացթողումները լայնորեն հանրայնացվում են, ամենևին չի նշանակում, թե դրանով Հանրապետականի ռեյտինգն է բարձրանում։ Դեռևս պարզ չէ, թե որ ուժին են ծառայելու այս ելույթներն ու հրապարակումները։ Նաև՝ ՀՀԿ խմբակցության շարքերը սկսել են լքել պատգամավորները, իսկ կուսակցության շարքերը՝ շարքայինները։ Շատ շուտով Հանրապետականը այլևս մեծամասնություն չի ունենա խորհրդարանում։ Այս պրոցեսի էությունը պարզ է՝ եթե Հանրապետական լինելը չի տալիս փող աշխատելու լրացուցիչ առավելություններ և չի ազատում քրեական պատասխանատվությունից, ավելին՝ ուշադրություն է կենտրոնացնում քեզ վրա, ապա որևէ իմաստ չկա մնալու շարքերում։

Միջնաժամկետ հեռանկարի դեպքում ՀՀԿ-ն կհամաձայնի արտահերթ ընտրությունների և իր ունեցած ռեսուրսները կֆոկուսացնի այդ ընտրություններում հնարավոր հաղթանակը տանելու վրա։ Ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն ԱԺ-ում կունենա ավելի համեստ ներկայություն, քան ունի այժմ։ Արտահերթ ընտրություններով հնարավորություն կստեղծվի հաղթահարել ստեղծված քաղաքական ճգնաժամը, երկիրը բերել բնականոն հուն, ստեղծել սոցիալական և բարոյական զարգացման նախադրյալներ։ Այս դեպքում Հանրապետականը պետք է բռնի կառուցողական ուղին, ինչը արդար ընտրությունների անցկացման դեպքում նրանց կբերի ինչ-ինչ ձայներ։

Միաժամանակ, որքան արագ լինեն այդ ընտրությունները, այնքան ստարտին քիչ կորուստներով կմոտենա ՀՀԿ-ն ոչ միայն իր հեղինակության առումով, այլև մարդկային, ֆինանսական ու կազմակերպական ռեսուրսների, քանի որ այլ դեպքում գնալով կուսակցականները համոզվելու են այդ կառույցի դեստրուկտիվության և նրան օժանդակելու անիմաստության մեջ։

Երկու կարևոր հարց է անմիջապես բարձրանում՝ իսկ ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը այս ամենի հետ, և ինչպիսի՞ն կլինի ՀՀԿ-ի երկարաժամկետ հեռանկարը։

Քանի որ Սերժ Սարգսյանը այլևս չի ներկայացնում իշխանությունը, շատ դժվար է ենթադրել նրա հանդեպ կուսակցականների լոյալությունը։ Առայժմ իներցիայով  ՀՀԿ վերնախավը պահպանում է նրա հանդեպ իր հավատարմությունը, սակայն դա շատ շուտով էապես կնվազի։ Սերժ Սարգսյանը երբեք առաջ չի քաշել գաղափարախոսական գոհարներ, որի շուրջ կմիավորվեին կուսակիցները, ոչ էլ առանձնահատուկ խարիզմայի կրող է։ Շատ շուտով ՀՀԿ պատգամավորները կհասկանան, որ գործող իշխանությանը դեմ գնալ հանուն Սերժ Սարգսյանի վերադարձի՝ պարզապես անիմաստ է։ Կուսակցության նոր առաջնորդի փնտրտուքը ոչ միայն կթուլացնի Հանրապետականը, այլև այն կբաժանի մասերի։ Ուրեմն կրկին՝ որքան արագ գնան արտահերթի, այնքան քիչ կորուստներով կմոտենան ընտրություններին։

Ինչ վերաբերում է Հանրապետականի երկարաժամկետ հեռանկարին, ապա այն պարզապես գոյություն չունի։ Եթե մոտակա արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ն իր ունեցած ֆինանսական, կազմակերպական, ադմինիստրատիվ ռեսուրսներով դեռևս կարող է ինչ-որ ներկայության հույս ունենալ, ապա այս ռեսուրսները մաշվելու դեպքում (իսկ դրանք միայն մաշվելու են, որևէ տեղից չեն լրացվում) նրանք պարզապես կհայտնվեն լուսանցքում։

Spread the love