Հանքեր շահագործողներին ժամանակ է տրվել, որ գումարները վճարեն

Հանքերը շահագործողները պարտավոր են բաց հանքերը փակել և վերադարձնել սովորական օգտագործման հուն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ:

Վարչապետը նշեց, որ ռեկուլտիվացիոն վճարների հետ կապված 500 մլն դրամ հավաքագրելու խնդիր կա: «Ինչո՞ւ չի հավաքագրվել, ի՞նչ պետք է անել, որ սահմանված կարգով վճարվեն այդ գումարները»,- հարցրեց վարչապետը Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին:

Վերջինս պատասխանեց, որ այդ տվյալները ներկայացվել են իրավապահներին, հավաքագրման գործընթացն իրականացնելու համար:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ հավելեց, որ խոսքը 300 մլն դրամի մասին է: «Օրենքով սահմանված կարգով 90-օրյա ժամկետ է տրամադրվում, որ այդ գումարները վճարեն, դրանից հետո կդադարեցվի իրենց կողմից շահագործման լիցենզիան: Գործընթացն սկսված է, զգուշացումներն ուղարկված են այդ կազմակերպություններին»,- ասաց նախարարը:

Spread the love