«Հարսանիքի ծակ շալվարով ես եկե՞լ․․․»․ Նորագավիթում երիտասարդը սպանել է իրեն դիտողություն անող բարեկամին

- in Իրավունք
danakaharutyun

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Վաչե Մարգարյանի նախագահությամբ շարունակվեց Հարություն Բաղրամյանի գործի դատական քննությունը:

Հարություն Բաղրամյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը 18-ից Հարություն Բաղրամյանը Արարատի մարզում գտնվող «Կոնտինենտալ» սրահում մասնակցել է բարեկամի հարսանյաց հանդեսին:

Խնջույքի ընթացքում պապիկի եղբայրը՝ Խաժակը, Հարությունին դիտողություն է արել՝ «ծակ շալվարով» հարսանիքի ներկայանալու համար: Դիտողության ժամանակ ներկա երիտասարդները ծիծաղել են, ինչը, հավանաբար, վիրավորել է Հարությունին:

Խնջույքի ավարտին՝ արդեն սեպտեմբերի 4-ին, կեսգիշերից հետո Հարությունը վիճաբանել է հարսի հորեղբոր՝ Եղիշեի հետ: Վիճաբանության ժամանակ նա դանակով հարվածել է Եղիշեին, պատճառել է թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածք:

Դանակահարությունից հետո Հարությունը դանակը ձեռքին դիմել է փախուստի: Դանակահարվածի բարեկամներ Կարապետը, Արարատը, Ռազմիկը, ապա և՝ Ստեփանը հետապնդել են նրան:

Հարություն Բաղրամյանը վազելով հասել է Նորագավիթի 1-ին փողոց, իսկ այնտեղից վազելով մտել է փակուղի: Տեսնելով, որ փախչելու տեղ չկա, նա թաքնվել է մասնատված մի «Ֆորդի» թափքի հետևում:

Հետապնդողներից՝ Կարապետը, Ռազմիկը, Արարատը Հարությունին են մոտեցել ձախ կողմից: Հարությունը ցանկացել է փախչել աջ կողմով, սակայն նրա առաջ հայտնվել է Ստեփան Մ.-ն:

Ըստ մեղադրանքի՝ Հարություն Բաղրամյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Ստեփան Մ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կրծաքվանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածք՝ սրտի վնասումով, և սպանել է նրան:

Հարություն Բաղրամյանը դատարանում իր դիրքորոշումը հայտնելու ժամանակ դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, իրեն մեղավոր չի ճանաչել:

Տուժողի իրավահաջորդը՝ Խաչիկ Մ.-ն, սպանված Ստեփանի հայրն է: Հարություն Բաղրամյանը նրա կնոջ քեռու թոռն է, նախկինում բարեկամների միջև թշնամություն կամ սերտ շփում չի եղել, Հարությունի ծնողները ամուսնալուծված են…

Դեպքի օրը տուժողի իրավահաջորդի աներոջ թոռան հարսանիքն էր: Հարություն Բաղրամյանի պապի ընտանիքը հրավիրված էր, սակայն կոնկրետ Հարությունը հրավիրված չէր: Նրա ներկայանալը հարսանյաց սրահ անակնկալի էր բերել կազմակերպիչներին, քանի որ Հարությունի համար «աթոռ» պատվիրված չէր…

Հարսանիքի ավարտին, ըստ տուժողի իրավահաջորդի, ընտանիքով սրահից դուրս են եկել, որ տաքսի պատվիրեն ու տուն գնան: Քիչ հեռվում աղմուկ են լսել, տեսել են, որ Եղիշեն՝ հարսի հորեղբայրը, կանգնած է Հարությունի հետ, հետո Հարությունը Եղիշեին խփելու շարժում է արել՝ տեսել են դանակի փայլը, երբ Հարությունը հարվածից հետո դանակը հետ էր քաշում:

Անմիջապես աղմուկ է բարձրացել, գոռացել են՝ Եղիշին խփեցին: Քանի որ Հարությունը դանակահարելուց հետո փախել է, երիտասարդները հետապնդել են նրան:

Հարությունի հետևից վազել են տուժողի իրավահաջորդի դստեր ամուսին Կարապետը, հետո Արարատը, հետո՝ Ռազմիկը՝ դանակահարված Եղիշեի որդին: Ամենավերջում Հարությունին հետապնդողներին է միացել գործով տուժողը՝ Ստեփանը:

Հայրը չի ցանկացել, որ որդին՝ Ստեփանը, վազի Հարությունի հետևից, ինքն էլ, չնայած մեջքի ցավին, վազել է որդու հետևից, նույնիսկ հասել ու բռնել է նրան և խնդրել է չվազել:

Սակայն Ստեփանը դուրս է պրծել հոր ձեռքից՝ անգամ հագի վերնաշապիկը պատռելով, ու շարունակել է հետապնդել Հարությունին: Հայրը վազել է որդու հետևից, բայց դեպքի վայր է հասել այն պահին, երբ Ստեփանը՝ դանակահարված, մեջքի վրա ընկած էր գետնին՝ ձեռքը կրծքավանդակի ձախ մասին դրած՝ նրա կուրծքն արյունոտ էր, նա արդեն անգիտակից էր:

Շտապօգնության մեքենայով Ստեփանին տարել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց նա մահացել է…

Դեպքից հետո դեպքի վայրում՝ մեջքի վրա ընկած է եղել նաև Հարություն Բաղրամյանը: Նրան հետապնդող մյուս երեք երիտասարդները հայտնել են, թե տեսնելով, որ Հարությունի դանակի հարվածից Ստեփանն ընկավ, ծեծել են Հարությունին…

Վերջինիս մեկ այլ մեքենայով նույնպես տարել են «Էրեբունի» բժշկական կենտրոն…

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է: Դատարան էր ներկայացել վկա Սերյոժա Ս.-ն: Նա հայտնեց, թե ամբաստանյալ Հարություն Բաղրամյանին չի ճանաչում: Սերյոժան իր կնոջ ու մանկահասակ երեխայի հետ հարվիրված էր հարսանիքին՝ որպես հարսի բարեկամ՝ նա ասաց, թե հարսը իր կնոջ տատիկի քրոջ թոռնուհին է…

Վկան հիմնականում ասում էր, թե ոչինչ չի հիշում, դեպքի պահին ներկա չի եղել, հարսանիքի ժամանակ Հարություն Բաղրամյանին «ծակ շալվարի» պատճառով ծաղրելուն ներկա չի եղել. «Մի քիչ մտածմունքներ ունեմ, դրանից ա երևի, որ չեմ հիշում»,- իբր պարզաբանեց վկան:

Հարսանիքից հետո նա իր ընտանիքի հետ դուրս է եկել սրահից, որ տուն գնա, ձայներ է լսել, հետո տեսել է՝ տղաները վազում են, ինքն էլ է վազել. «Տենց մարդ եմ երևի, որ վազել եմ»,- ասաց Սերյոժան: Հետո հանկարծ հիշել է, որ ռեստորանի բակում՝ տաքսու մեջ իրեն են սպասում կինն ու երեխան, անմիջապես հետ է դարձել, գնացել է իր ընտանիքի մոտ…

Դատարանում հրապարակվեց նաև վկայի նախաքննական ցուցմունքը, որի վերաբերյալ վկան ասաց, թե ամեն բան ճիշտ է:

Վկայի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ երբ ընտանիքի հետ դուրս է եկել հարսանյաց սրահից, որ տուն գնա, բղավոց է լսել, իմացել է, որ հարսի հորեղբորը՝ Եղիշին, խփեցին: Մոտեցել ու տեսել է Եղիշին՝ կռացած, կողքը բռնած: Նա գոռացել է, թե Հարութն է խփել: Քանի որ Հարութը փախել էր, տղաները վազել են նրա հետևից: Սերյոժան էլ վազել: Վազել-վազել ու հանկարծ տեսել է, որ Ստեփանը՝ գործով տուժողը, մեջքի վրա ընկած է գետնին: Նրանից որոշ հեռավորության վրա ընկած էր Հարություն Բաղրամյանը: Վկա Սերյոժան տեսել է Ստեփանի հորը՝ «ձյաձ» Խաչիկին, ով լաց էր լինում: Նա Սերյոժային հարցրել է՝ ի՞նչ է պատահել, բայց Սերյոժան պատասխան չի տվել, քանի որ ոչ մի բան չէր տեսել…

Նախաքննական ցուցմունքում Սերյոժան հայտնել էր. «Տեսա՝ Ստեփանի կրծքին արյուն կար, հասկացա, որ դանակով են խփել… Քանի որ մինչ այդ՝ Հարութը դանակով խփել էր Եղիշին, հասկացա, որ Ստեփանին էլ է Հարութը խփել…»:

Ըստ վկայի՝ Հարութը ընկած տեղից գոռում էր՝ ախ, վախ, ուրիշ բան վկան չի լսել: Հետագա խոսակցություններից լսել է, որ նրան ծեծել են հետապնդողները: Վկան մի քիչ խճճվեց՝ Ստեփանին դանակահարելուց հետո՞, թե՞ դրանից առաջ էին ծեծել Հարություն Բաղրամյանին, բայց հետո վկան ասաց, թե ինքը միայն խոսակցություններ է լսել, հիմա ստույգ չի հիշում… Միայն նշեց, թե իր ներկայությամբ Հարութին չեն ծեծել իսկ ինքը նրան «մատով էլ չի դիպել»: Բացի այդ՝ վկան նախաքննական ցուցմունքում նշել է, որ Հարություն Բաղրամյանը ստել է, թե մոտ տասը հոգով ծեծել են իրեն, Հարութին հետապնդողները երեք-չորս հոգի էին. «Երևի աչքին է երևացել»,- նշել էր վկան:

Գործով դատարանը դեռ չէր հարցաքննել չորս վկայի: Նրանցից մեկը՝ Վահե Հ.-ն, ավելի վաղ դատարանին դիմում էր գրել, թե մեկնելու է Ռուսաստան ու չի վերադառնալու մինչև տարեվերջ: Դահլիճում ներկա հարազատները դա հաստատեցին, կողմերը չառարկեցին, որ այս վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակվի:

Վահե Հ.-ն հենց հարսի հայրն էր, տուժող Ստեփանի մորեղբայրը: Նա հայտնել էր, թե Հարություն Բաղրամյանը հարսանիքին հրավիրված չէր, բայց ներկայացել էր պապի՝ վկայի քեռու հետ: Չնայած Հարությունը հրավիրված չէր, բայց վկան նրան սիրով ընդունել ու տեղավորել է:

Հարսանիքն ընթացքի մեջ էր, երբ Վահեն մի պահ դուրս է եկել բակ ու տեսել է, որ Հարությունը պապի եղբոր՝ Խաժակի, ու մի քանի երիտասսարդների հետ խոսում է: Վահեն մոտեցել է, Հարությունը նրան ընդառաջ է գնացել ու բողոքել, որ պապի եղբայր Խաժակը իր վրա «խնդացել է» «ծակ շալվարի» պատճառով, մյուսները ծաղրել են:

Վահեն ասել է, թե Խաժակը տարիքով մարդ է, Հարութի պապի տարիքին է, ինչո՞ւ է նրանից նեղանում, բացի այդ՝ Վահեն ընդգծել է, թե իր աղջկա հարսանքին է, որևէ մեկը թող խնդիր չստեղծի, հաջորդ օրը թող գնան իրար հետ խոսեն: Հարությունը խոստացել է, թե խնդիրներ չեն լինի:

Կեսգիշերից հետո հյուրերը սկսել են ցրվել: Վահեն հերթական հյուրին ճանապարհելու ժամանակ բղավոց է լսել, վազել ու տեսել է եղբորը՝ Եղիշին, ընկած: Երբ Եղիշին բարձրացրել են, տեսել են, որ «սառոչկան» որովայնի հատվածում արյունոտ է: Եղիշն ասել է, թե Հարութը դանակով խփեց ու փախավ: Թե ուր էր փախել Հարությունը, ըստ վկայի՝ սկզբում իրեն չի հետաքրքրել: Ինքն անմիջապես վիրավոր եղբորը նստեցրել է իր մեքենան ու Նորագավիթից շարժվել է դեպի «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց նոր սարքված ճանապարհին չի կողմնորոշվել ու հայտնվել է Չարբախում: Այդ պահին, ըստ վկայի, իրեն զանգել ու շտապ կանչել են. «Հասի, Ստեփանին խփել են»: Հետո զանգել է նաև Ստեփանի հայրը, ասել է, թե Ստեփանին տանում են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նա ասել է. «Ստեփանը չկա»:

Վկան նշել է, որ մեքենայով հասել է «Էրեբունի» հիվանդանոց: Ստեփանին տարել էին վերակենդանացման բաժանմունք, բայց մի քանի ժամ հետո Ստեփանը մահացել է:

Վկան նշել է, որ Հարությունը սուտ է ասել, թե դանակը վերցրել է հարսանյաց սրահի սեղանից: Ըստ վկայի՝ սեղանների վրա միայն սպասքի դանակներ էին, ոչ մի սուր դանակ չկար, միրգ կամ բանջարեղեն կտրտում էին միայն մատուցողները, նրանք հարսանքավորներին սուր դանակ չեն տվել…

Հաջորդ դատական նիստին դատարան չներկայացող վկաները բերման կենթարկվեն:

Spread the love
  • 19
    Shares