Հին կամ ոչ նոր գործիչներ էլ ընտրությունից առաջ կձևավորեն նոր ուժեր

- in Ընտրություններ
Yntrutyun

Անցնող շաբաթը Հայաստանում անկասկած կարող ենք համարել խորհրդարանական արտահերթ ընտրության գործընթացի մեկնարկային շաբաթ: Խոսքն, իհարկե, ֆորմալ ընտրական գործընթացի մասին չէ, այլ քաղաքական:

Ստեղծվեց հանձնաժողով, որը բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հետ պետք է մշակի ընտրական բարեփոխումների փաթեթը կամ այլ կերպ ասած՝ ընտրական խաղի նոր կանոնները, քաղաքական մրցակցության նոր, ազնիվ, արդար և հավասար կանոնները:

Խաղի կանոններից բացի, սակայն, հանրության համար թերևս կարևոր է նաև խաղացողների կազմը: Խոսքն, իհարկե, թե՛ անվանական կազմի մասին է, իհարկե՝ քաղաքական ուժերի անունների իմաստով, թե՛ բովանդակային: Ինչպես ընտրելուց բացի, շատ կարևոր է նաև «ինչ ընտրելը»: Մեծ է հավանականությունը, որ քաղաքական թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերը կմասնակցեն արտահերթ ընտրությանը: Դրան կմասնակցեն թերևս նաև նոր ուժեր, սակայն այս դեպքում պայմանական նոր, քանի որ խոսքը Հիմնադիր խորհրդարանի կամ «Սասնա ծռերի» մասին է, որոնք նոր ուժ չեն, սակայն նախկինում մերժել են ընտրության մասնակցելը՝ դա համարելով անիմաստ և դիմելով զինված գործողությունների: Այժմ նրանք հայտարարել են այդ էջը փակելու մասին և մտադիր են մասնակցել ընտրություններին, քանի որ իրավիճակ է փոխվել:

Բացառված չէ, որ այսպես ասած՝ հին կամ ոչ նոր գործիչներ էլ ընտրությունից առաջ ձևավորեն նոր ուժեր և մասնակցեն այդպես: Մամուլում շոշափվել է, օրինակ, Անդրեաս Ղուկասյանի անունը, որը 2013 թվականին եղել է նախագահի թեկնածու: Հնարավոր են հին ուժերի նոր կոնֆիգուրացիաներ, եթե, օրինակ, այլ ֆորմատ նախընտրի Ծառուկյանը, կամ «Ելք» դաշինքի ուժերն առանձնանան: Խոշոր հաշվով, Հայաստանի քաղաքական դաշտ, իհարկե, հազիվ թե հնարավոր լինի ուժեր բերել, ասենք, տիեզերքից, Լուսնից նոր ուժեր իջեցնել, որ նրանք մասնակցեն ընտրությանը: Պետք է մասնակցի եղածը:

Սակայն եթե Հայաստանի խորհրդարանի ընտրությունը՝ արտահերթ ընտրությունը գործնականում չի տարբերվելու 2017 թվականի ապրիլի ընտրությունից՝ իր գույներով, ներկապնակով, գաղափարական-ծրագրային շրջանակով, ապա այդ դեպքում մեծ տեղ կառաջանա խոսելու այն մասին, որ թավշյա հեղափոխությունն, ի վերջո, մի կարևոր մասով շարունակում է մնալ անավարտ, որովհետև ավարտուն տեսքի համար պահանջվում է քաղաքական դաշտի էական վերանայում նաև այդ բաղադրիչների, ոչ միայն խաղի կանոնների մասով: Անշուշտ, որևէ մեկը չի կարող որևէ ուժի արգելել մասնակցել որևէ ընտրության, դա կլինի ազատ մրցակցային քաղաքականության սկզբունքի, ժողովրդավարության և իրավունքի սկզբունքի ոտնահարում: Տվյալ պարագայում խոսքն արգելքների մասին չէ, այլ հանրային մտածողության և քաղաքական, այսպես ասած, ճաշակի փոփոխության, որը էապես կսպառի որևէ հին ուժի կամ անվան պահանջարկ և կձևավորի նոր հասարակությունը՝ լրիվ այլ քաղաքական պահանջարկային նշաձողով:

Վերջին հաշվով, անշուշտ նախորդ իշխանության պարագայում կար խաղի կանոնների ազատության, արդարության, օրինականության և հավասարության լրջագույն բացը կամ պարզապես այդ ամենի բացակայությունը, ինչն ուղղակի աղճատում էր քաղաքականությունը որպես երևույթ և որպես հանրային շահերի սպասարկման միջոց: Սակայն տարիների ընթացքում այդ խաղի կանոնները ֆորմալ կամ ոչ ֆորմալ, բացահայտ կամ անուղղակի ընդունած ուժերը իրենք իրենց համար իսկ գուցե աննկատ, այդուհանդերձ բովանդակային առումով հարմարվել են կանոնների մասով աղճատված և լիովին ցուցանակի վերածված համակարգին և միջավայրին՝ իրենք էլ դառնալով, ըստ էության, ցուցանակներ: Ընդ որում՝ դա մեղմ դեպքում, որովհետև նրանց մի մասի պարագայում հանրությունը գործ ունի ոչ միայն ցուցանակների, այլ պարզապես տարիներ շարունակ հենց իրեն խաբած, իր հանդեպ ցինիկ ու երեսպաշտ վարք դրսևորած ուժերի հետ, որոնց պատասխանատվությունն այդ մասով կոնկրետ գործնականում պակաս չէ, քան նախորդ իշխանության պատասխանատվությունը:

Եթե հանրությունն արտահերթ ընտրությանն ընտրելու է այդ ներկապնակից, ապա այստեղ արդեն ընտրության էֆեկտիվությունը կանխավ առաջացնում է հարցեր: Իհարկե, գործնականում ընտրությունն ամենայն հավանականությամբ կլինի ներկայիս իշխանության օգտին, բայց խնդիրն այն չէ, որ այսպես ասած, հին ու իրենց սպառած ուժերը պետք է օբյեկտիվ միջավայրային-գիտակցական փոփոխության պայմաններում կորցնեն պահանջարկը, այլ այն, որ լինի պահանջարկ վայելող նոր որակի, բովանդակության մի ուժ, որը կլինի ներկայիս իշխող ուժին հակակշիռ: Որովհետև այդ հակակշռի, նոր որակի հակակշռի բացակայությունը կլինի արգելակ և նոր իրավիճակում քաղաքական համակարգի արդիականացման արդյունավետությունը նվազեցնող գործոն:

Ասել կուզի՝ բանն այն չէ, որ սպառված ուժերը կորցնեն իրենց պահանջարկը, տեղն ու դերը, այլ այն, որ հանրությունը ստանա ընտրության բազմազան հնարավորություն՝ ի դեմս նոր ուժերի, թե՛ անվանապես, թե՛ որակի և բովանդակության առումով:

Spread the love