ՀԽ քարտուղարությունը վերահաստատում է նոր իշխանություններին ամբողջական սատարումը

- in Ընտրություններ
JIRAYR SEFILYAN

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից տեղական ավազակաբարո «իշխանիկների» և զինված հրոսակախմբերով օժտված օլիգարխների ու քրեական հեղինակությունների վնասազերծման ուղղությամբ ձեռնարկած կտրուկ միջոցառումներին:

Այս միջոցառումները պետք է գնահատել ոչ միայն որպես նախկին վարչախմբի ու նրա ներկայացուցիչների անօրինականությունների բացահայտում կամ այդ անօրինակությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու, հակակոռուպցիոն պայքարի և թալանչիությունը դադարեցնելու շրջանակներում իրականացված հատուկ քայլեր, այլև առաջին հերթին` պետության և ժողովրդի նկատմամբ ներքին թշնամիների կողմից ռեվանշի իրականացման հնարավորությունները բացառելու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ և անհետաձգելի միջոցառումներ:

Հանուն իր իշխանության հարատևման, նախկին վարչախումբը ոչ միայն իրեն էր ծառայեցրել պետական ուժային կառույցները, այլև ձևավորել էր զինված հրոսակախմբեր, իսկ Հայաստանի առանձին շրջաններում` ներդրել ֆեոդալական բնույթի հարաբերություններ:

Հետևաբար՝ առաջիկա ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացման երաշխիքը ոչ միայն կտրուկ բարելավված ընտրական օրենսգրքի ու կուսակցությունների մասին օրենքի որդեգրումն է, այլև, առաջին հերթին`տեղերում քաղաքացիներին ֆիզիկական և հոգեբանական ստրկացման հասցրած ֆեոդալական դրվածքի ամբողջական կազմաքանդումը, ինչպես նաև՝ հրոսակախմբերի վնասազերծումը:

Արցախը համարելով Հայաստանի անբաժանելի մաս և հաշվի առնելով մեր Հայրենիքի այս տարածքի ներկայացրած ռազմավարական նշանակությունը, Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը խիստ կարևորում է անցնող երկու ամիսներին Արցախում իրականացված բոլոր դրական գործընթացները, ներառյալ՝ Արցախյան ազատամարտի կեղծ հերոսների վարած ժողովրդին ստրկացնելու քաղաքականության դեմ վերջին ամիսներին Արցախում ծավալված պայքարը:

ՀԽ քարտուղարությունը վերահաստատում է նոր իշխանություններին, և հատկապես հակահեղափոխության ու ռեվանշի հնարավորությունների դեմ նրանց քայլերին իր ամբողջական սատարումը, և բոլոր նրանց, ովքեր փորձում են սեպ խրել Հիմնադիր խորհրդարանի և Նոր կառավարության միջև խորհուրդ է տալիս զուր էներգիա չվատնել:

Spread the love