ՀՀԿ-ի գլխավերևում պարզվում է կապիտուլյացիայի «սպիտակ դրոշը»

HHK

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց Հանրապետական խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

ԱԱԾ բացահայտումներն այնքան խոսուն էին, որ խորհրդարանի նիստն, ըստ էության, ձևական, արարողակարգային բնույթ էր ստացել«կոնսենսուս ընդդեմ Մանվել Գրիգորյանի» բանաձևով: ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը քիչ առաջ հայտարարել է պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու քվեարկության արդյունքները:

Ըստ արդյունքների՝ կողմ է քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր. ըստ այդմ՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։

Ինչ իրավական ընթացք կունենա Մանվել Գրիգորյանի գործնայս պահին դժվար է կանխատեսել չնայած, եթե խոսվում է ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման մասին, ինքնին հասկանալի է, որ գործը միայն Մանվել Գրիգորյանով սահմանափակվել չի կարող:

Սակայն այս պարագայում թերևս շատ ավելի էական է Գրիգորյանի գործի քաղաքական հետևանքը, այն միանգամայն նոր իրավիճակը, որը ձևավորվել է ԱԱԾ աղմկոտ բացահայտումներից հետո:

Մանվել Գրիգորյանը կամա թե ակամա դարձավ ոչ միայն Սերժ Սարգսյանի իշխանության, այլև վերջին քսանամյակի կոռումպացված, քրեական համակարգի հավաքական կերպարը:

Գեներալ Մանվելից ձերբազատվելու ՀՀԿ-ի փորձերը նույնիսկ ծիծաղելի են, եթե չասենք, որ Սերժ Սարգսյանի կուսակցությունն իրեն դնում է քաղաքական առումով շատ խոցելի վիճակի մեջ:

Գեներալ Մանվելին պատկանող տարածքների խուզարկությունը լակմուսի թուղթ էր, որը բացահայտեց նախորդ իշխանության քաղաքական դեմքը, երբ բարոյական անկումը հասել է այնպիսի ցածր նշաձողի, որ տեղի է ունեցել բանակի սիստեմատիկ, համակարգային թալան: Գործ ունենք կոռուպցիայի ինստիտուցիոնալ դրսևորման հետ, որի միակ ֆիգուրանտը որևէ կերպ չի կարող լինել Մանվել Գրիգորյանը: Այս գործը բացահայտեց, թե ինչու էր 2016-ի Ապրիլյան պատերազմին անպատրաստ հայկական բանակը. մեր զինված ուժերը երկրի ներսում ունեցել են անհամեմատ ուժեղ հակառակորդ և կռվել են, ըստ էության, երկու ճակատով: Առաջնագծում կանգնած տղաներին հարվածել են թե դիմացից, թե թիկունքից, ընդ որում` երկրորդ հարվածը շատ ավելի վտանգավոր ու բազմաշերտ է:

Մանվել Գրիգորյանի շքեղ առանձնատունն` իր հարուստ ավարով, իշխանության քսանամյա թալանի հավաքական դրսևորումն է, այն հարցի պատասխանը, թե ինչու են դատարկ պետական բյուջեն, չքավոր հասարակությունը:

ՀՀԿ-ն կարող է հանձնել Մանվել Գրիգորյանին, սակայն չի կարող խուսափել երկիրը գողապետության վերածելու պատասխանատվությունից: Մանվել Գրիգորյանի անձի, արարքի մեջ խտացված է ՀՀԿ կառավարումը և, երբ խմբակցությունը կողմ է քվեարկում գլխավոր դատախազի միջնորդությանը, ընդունում է իրեն հասցեագրված քաղաքական կապիտուլյացիայի ակտը:

Մանվել Գրիգորյանը կոռումպացված իշխանության սիմվոլներից մեկն էր, նրա գործը դարձավ Սերժ Սարգսյանի թիմի վերջնական կապիտուլյացիայի մեկնարկը:

Այսօր ՀՀԿ խմբակցությունը ստորագրեց իր քաղաքական վախճանի տակըստ էության, փակելով նաև հակահեղափոխության ճանապարհը: Բոլոր դեպքերում հակահեղափոխությո ւնը նույնպես պետք է ունենա քաղաքական դեմք, օրակարգ, մոտիվացիներ: Հակառակ պարագայում` դատապարտված է:

Նախորդ իշխանության հավաքական դեմքն այս պահին Մանվել Գրիգորյանն է, որը իր նախկին թիմակիցներին, անշուշտ, կարող է տանել իր հետևից, սակայն ոչ թեկրկին իշխանություն, այլ մեկուսարաններ:

Սա գիտակցում է ՀՀԿ-ն և գլխավերեւում պարզում է կապիտուլյացիայի «սպիտակ դրոշը»:

Այսօր խորհրդարանը գրեթե միաձայն կողմ քվեարկեց հակահեղափոխության ռևանշի կապիտուլյացիայի և թավշյա և հեղափոխության անշրջելիության օգտին:

Spread the love