ՀՀԿ-ն հայտնվել է անհաղթահարելի թվացող կոնտրաստի թակարդում

AJ

Մենք խմբակցության ոչ քաղաքական թևին ասել ենք, որ եթե իրենց խանգարող հանգամանքներ կլինեն, ազատ են, կարող են գնալ: Մենք որևէ մեկից կառչած չենք` այսօր լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Այս լակոնիկ հայտարարությունը բազմաշերտ նշանակություն ունի, անգամ իսկ` իր մեջ պարունակում է քաղաքական ինքնախոստովանության բաղադրիչ:

ՀՀԿ առաջին դեմքերից մեկն ակամայից խոստովանում է, որ իրենց կուսակցությունը, տասնամյա իշխանությունը, մեղմ ասած, բաղկացած են եղել ոչ միայն ու գուցե ոչ այնքան քաղաքական շերտից: Բաղդասարյանը փաստորեն ընդունում է իրենց համակարգի քրեաօլիգարխիկ բնույթը` մեծահոգաբար համաձայնելով օլիգարխիայի առաջարկած ապահարզանին:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունը կարող է նույնիսկ քրեական հետապնդում առաջացնել, որովհետև Բաղդասարյանը փաստորեն խոստովանում է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խախտվել է սահմանադրության իմպերատիվ պահանջը և կանաչ լույս է վառվել իշխանության և կապիտալի սերտաճման համար:

Վահրամ Բաղդասարյանն, իհարկե, չի նշում, թե իրենց խմբակցությունում ինչպիսին է քաղաքական թիմի և օլիգարխիայի հարաբերակցությունըըստ էության, քողարկելով առաջիկա օրերին կուսակցությունը լքող պատգամավորների գոնե մոտավոր թիվը: Իհարկե, շատ հնարավոր է այդ թիվը, նույնիսկմոտավորապես, չգիտի անգամ Բաղդասարյանն, որովհետև խորհրդարանական այսօրվա մեծամասնության ինստիտուցիոնալ կազմաքանդման գործընթացը տեմպի և մասշտաբի առումով, թելադրվում է ոչ թե Սերժ Սարգսյանի կամ օլիգարխիայի, այլ` ԱԱԾ-ի կողմից:

Հակակոռուպցիոն կամպանիան կարող է ՀՀԿ, այսպես կոչված, քաղաքական թիմը թողնել քրեաօլիգարխիայի փլատակների տակ, հնարավոր է` սակայն, ԱԱԾ-ում որոշեն կենտրոնանալ միայն խոշոր «շնաձկների» վրա:

Այնուամենայնիվ, ՀՀԿ-ի և քրեաօլիգսրխիայի ապահարզանն օրերի հարց է:

Սերժ Սարգսյանի կուսակցությունը` քրեաօլիգարխիկ բալաստից ազատվելուց հետո, քաղաքական վերակենդանացման շանս է ստանում: Արդյո՞ք ՀՀԿ-ն ունի քաղաքական նախագիծ դառնալու մարդկային, մտավոր ներուժ, թե՞ այս կուսակցության կեսունսկության միակ միջոցը եղել է «տոկոս խփելը», որի հնարավորությունից նա այլևս զրկված է: Արդյո՞ք քրեաօլիգարխիայի հեռացումով ՀՀԿ-ն կձերբազատվի հակահեղափոխության ռևանշի պատրանքից և կվերադառնա քաղաքական ադեկվատ վարքագծի, թե՞ կուսակցությանը սպառնում է մարգինալացման հեռանկարը, որովհետև Սերժ Սարգսյանի թիմն այդպես էլ չի ադապտացվելու հետհեղափոխական Հայաստանի միանգամայն նոր իրողություններին:

Քրեաօլիգարխիկ սեգմենտի հեռացումը խորհրդանշում է ՀՀԿ-ի կազմաքանդմա՞ն, թե՞ արդիականացման գործընթացի մեկնարկը:

Այս հարցերի պատասխանները կստանանք առաջիկա մեկ տարում և հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Մյուս կողմիցայսօր արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն հայտնվել է անհաղթահարելի թվացող կոնտրաստի թակարդում: Սերժ Սարգսյանն իր կերպարով, խորհրդանշում է քրեաօլիգարխիան և, ըստ էության, դժվար է պատկերացնել նրա առաջնորդությամբ ընդդիմադիր քաղաքական պլատֆորմի կայացումը, մյուս կողմիցՀՀԿ նույնիսկ այսպես կոչված, քաղաքական թիմի կոնսոլիդացիայի միակ աղբյուրը ոչ թե ինչ-որ գաղափարներ են, այլ հենց` Սերժ Սարգսյանը:

Այս հակասությունն անհաղթահարելի է թվում, ինչը հուշում է, որ լավագույն դեպքում ունենալու ենք ԲՀԿ-2, որն ավելի շատ կոնկրետ մարդու շահերի քաղաքական քողածածկույթ է, քանքաղաքական կոնսոլիդացված թիմ իր արժեհամակարգով ու դիրքորոշումներով:

Spread the love